Thursday, February 16, 2012

Նախագահը “մեռավ”, կեցցե՞ ժառանգորդը

«Լրագիր» 16-2-2012- Հայաստանում ներկայումս ընթացքող ներքաղաքական գործընթացների հիմնական թիրախն այլեւս երեւի թե նույնիսկ օբյեկտիվորեն ոչ թե 2012 թվականի խորհրդարանն է կամ 2013 թվականի նախագահի ընտրությունը, այլ 2017-18 թվականի ընտրությունները, երբ Հայաստանում անպայմանորեն տեղի է ունենալու նախագահի փոփոխություն: Այդ ամենն իհարկե կարող են խոչընդոտվել միայն ֆորս-մաժորային իրավիճակներով, երբ Սերժ Սարգսյանը ստիպված կլինի հրաժարական տալ: Առայժմ, այդօրինակ հեռանկար նրան կարծես թե չի սպառնում, հատկապես այն բանից հետո, երբ Հրազդանում փորձարկվեց խորհրդարանի “որակյալ” ընտրության մեխանիզմը եւ այն ստացավ նաեւ Արեւմուտքի աջակցությունն ու հավանությունը: Ըստ երեւույթին, այդ հեռանկարի հետ համակերպվածություն կա նաեւ Սերժ Սարգսյանի հիմնական հակառակորդների կամ մրցակիցների՝ Բարգավաճ Հայաստանի եւ Հայ ազգային կոնգրեսի մոտ, քանի որ այդ ուժերը ակնհայտորեն պատրաստվում են հենց 2017-18 թվականի ցիկլին, ներկայիս ցիկլում հետապնդելով ընդամենը սեփական դիրքերը պահելու նպատակ: Կոնգրեսն ունի այսպես ասած ընդդիմության լիդերի դերը պահելու խնդիր, դաշտում թույլ չտալով այլ համարժեք մրցակցի ձեւավորում, իսկ Բարգավաճ Հայաստանին էլ անհրաժեշտ է պահել իշխանության երկրորդ ուժի դիրքը, որին մեծ հաշվով ոչ այնքան հետաքրքիր է, թե քանի մանդատ կունենա խորհրդարանում, որքան այն, թե ինչքանով կպահպանի իր տնօրինած ռեսուրսները որպես իշխանական ուժ: Ներկայիս տնտեսա-քաղաքական իրողության պայմաններում, թե Բարգավաճ Հայաստանը, թե Հայ ազգային կոնգրեսը, չունեն 2013 թվականին Սերժ Սարգսյանի թեկնածության դեմ դնելու այսպես ասած “հաղթող” թեկնածուներ: Գագիկ Ծառուկյանի հանրային վարկանիշը թերեւս ունի բոլորովին այլ կառուցվածք, եւ թեեւ օրինակ խորհրդարանի ընտրությանը նա միանգամայն ի զորու է հաղթել Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ին, այդուհանդերձ որպես նախագահի թեկնածու նրա հանրային ընկալումը կարող է լինել բոլորովին այլ: Հանրությունն տարբեր չափորոշիչներով է գնահատում խորհրդարանի եւ նախագահի ընտրությունները, ու այդ դեպքում հաճախ դերակատարում ստանձնում են այլ զրոներ, եւ այլ՝ հակառակ էֆեկտով: Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսին, ապա այստեղ իհարկե կա Լեւոն Տեր-Պետրոսյանը, բայց նա անշուշտ բավական հեռու է 2008-ի թեկնածու Տեր-Պետրոսյանից եւ չի կարող ստանալ այն էֆեկտը, ինչ 2008 թվականին: Տեր-Պետրոսյանը անհաջողության մատնված թեկնածու է, իսկ այդ թեկնածուները Հայաստանում հեռանկար չունեն, որքան էլ որ նրանք պարտվում են անազնվության, անարդարության, անօրինության հետեւանքով: Ավելին, նախագահի ընտրությանը պարտվելուց հետո, Տեր-Պետրոսյանը լոկալ պարտություններ կրեց մի քանի այլ ընտրություններում՝ Երեւանի Ավագանու ընտրություն, մի քանի տարբեր ընտրատարածքներում տարբեր աստիճանի այլ ընտրություններ, իսկ վերջինն էլ Հրազդանի քաղաքապետի ընտրությունն էր: Իհարկե դրանցից միայն Երեւանի Ավագանու դեպքում էր Տեր-Պետրոսյանը անձամբ ներգրավված ընտրությանը, բայց, միեւնույն է, Կոնգրեսը ասոցացվում է հենց նրա անվան հետ, հետեւաբար Կոնգրեսի անհաջողություններն էլ ընկալվում են որպես Տեր-Պետրոսյանի մարտավարության կամ ռազմավարության անհաջողություն: Կոնգրեսն ունի նախագահի նոր թեկնածուի խնդիր, ու մինչեւ այդ խնդիրը չլուծվի, կառույցը չի կարող գործուն հակազդեցություն ունենալ Սերժ Սարգսյանին: Ընդ որում, Կոնգրեսում նկատվող որոշակի դրսեւորումներ վկայում են, որ այդ խնդրի լուծման գործընթացը մեկնարկել է եւ ընթանում է Տեր-Պետրոսյանի ժառանգորդի “փնտրտուք”, իսկ գուցե նաեւ պայքար: Ընդ որում, այդ ժառանգորդը ոչ թե Սերժ Սարգսյանի մրցակիցը կլինի, այլ Սարգսյանի ժառանգորդի, քանի որ 2018 թվականին Սարգսյանն այսպես, թե այնպես պետք է հեռանա: 2013-ի համար մնում է Ռոբերտ Քոչարյանը, սակայն նրա խնդիրները թերեւս ավելի պակաս չեն, քան Կոնգրեսինը: Բանն այն է, որ Քոչարյանը չունի հասարակական նույնիսկ այնքան աջակցություն, որքան Կոնգրեսը, կամ թեկուզ դրա կեսը: Քոչարյանի հույսը ներիշխանական աջակցությունն է, եւ այդ դեպքում իհարկե աներկբայորեն աջակցությունն արտաքին քաղաքական այն կենտրոններից, որոնք ակտիվորեն հետաքրքրված են Հայաստանի ներքաղաքական իրավիճակով՝ բնականաբար տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումների կոնտեքստում: Այդ կենտրոնները մի քանիսն են՝ Վաշինգտոն, Մոսկվա, գուցե Փարիզ կամ Բրյուսել, կամ թե Փարիզ, թե Բրյուսել: Ակնհայտ է, որ դրանցից երեքն առայժմ գրեթե բացահայտորեն արտահայտում են Սերժ Սարգսյանի հետ աշխատանքը շարունակելու մտադրություն: Մոսկվան էլ կարծես թե դեռեւս որեւէ ճակատագրական դժգոհություն չի հայտնել Սարգսյանից: Իսկ առանց արտաքին աջակցության, Ռոբերտ Քոչարյանը չի կարող ներիշխանական ազդեցության շնորհիվ վերադառնալ, քանի որ Հայաստանի իշխանության ներսում բնականաբար մի հարց են տալու նրա վերադարձի դեպքում՝ նա իր հետ փորձանք, թե ապահովություն է բերելու: իսկ եթե չկա հանրային աջակցություն, եւ չկա արտաքին աջակցություն, ապա ակնհայտ է, որ Քոչարյանին սատարելը համակարգի համար կարող է փորձանք դառնալ: Ըստ երեւույթին հենց դրա համար էլ Ռոբերտ Քոչարյանը ոչ թե ինքն է խաղի մեջ մտնում, այլ մտցնում է Վարդան Օսկանյանին: Դա վկայում է խաղի երկարաժամկետ տրամադրվածության մասին: Այսինքն, Ռոբերտ Քոչարյանն էլ իր ժառանգորդին է պատրաստում, եւ Վարդան Օսկանյանն էլ ավելի շատ ոչ թե Սարգսյանի մրցակիցն է լինելու, այլ նրա ժառանգորդի: Բայց, այս դեպքում խնդիրը հասարակության համար թերեւս այն է, որ բուն մրցակցությունը շարունակելու է մնալ 20-ամյա դերակատարների միջեւ, պարզապես արդեն ժառանգորդների մակարդակով: Դրանով իհարկե Հայաստանում անցումային փուլը հնարավոր կլինի ավարտված համարել մասամբ: Այդտեղ արդեն էական է դառնում հասարակության դերակատարությունը, թե որքանով կարող է քաղաքացիական հասարակությունը ձեւավորել իրավիճակ, երբ երեք նախագահների ժառանգորդները ավելի շատ հասարակությանն ու պետությանը կծառայեն, քան իրենց նախագահներին: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: