Wednesday, February 15, 2012

«Ազատ դեմոկրատներ». Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն անխուսափելի է

Mardik.am. 14-2-2012- «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն առայժմ հանրությանն ավելի հայտնի է ներքաղաքական խնդիրների շուրջ իր տեսլականով, սակայն խորհրդարանական ընտրություններից առաջ պակաս կարևոր չէ նաև հասկանալ նորաստեղծ քաղաքական ուժի արտաքին քաղաքական դիրքորոշումը: Եվ այսպես, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը mardik.am-ի հետ զրույցում ներկայացրեց կուսակցության տեսակետը ԼՂ հիմնախնդրի կարգավորման և հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ: Նրա խոսքով` նախ ժամանակն է, որպեսզի Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ մտնի մի կարևոր սահմանաբաժան`արտաքին քաղաքականությունը ներքինի հետ չկապելու: «Չի կարելի ներքաղաքական բոլոր կնճռոտ խնդիրները կապել ղարաբաղյան հիմնախնդրի հետ: Մենք վստահ ենք, որ Հայաստանի ներքին կյանքի ժողովրդավարացումն ու բարելավումը բնավ կապված չէ ԼՂ հարցի լուծումից, և բոլոր այն կարծիքները, որ Հայաստանը գտնվում է պատերազմական դրությունում, այդ պատճառով էլ չկա խոսքի ազատություն, համարում ենք կեղծ և շինծու»,- ասաց Ա.Սեդրակյանը: Նա հայտարարեց, որ «Ազատ դեմոկրատները» դեմ չի, որ Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, սակայն նա այդ համատեքստում կարևոր է համարում ճանաչման հնարավոր հետևանքների գնահատումը, որն, ըստ նրա, կարող են այդքան էլ ուրախալի չլինել Արցախի համար: «Մեր կարծիքով` Հայաստանի խնդիրը ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի սահմանների անառիկությունն է, քանի որ մենք պատասխանատու ենք նրա համար, և այս ուղղությամբ պետք է ճիշտ քայլեր ձեռնարկել»,- ասաց Ա.Սեդրակյանը: Նրա հավաստմամբ` «Ազատ դեմոկրատները» պաշտպանում է այն դիրքորոշումը, որ Արցախի հարցը Հայաստանի համար ոչ միայն ստրատեգիական, այլև մարդու իրավունքների խնդիր է, և ԼՂ հիմնախնդիրը, Ա.Սեդրակյանի դիտարկմամբ, պետք է լուծվի հենց մարդու իրավունքների տեսանկյունից` Հայաստանի ժողովրդի աջակցության և Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` «Ազատ դեմոկրատների» փոխնախագահը նշեց, որ Հայաստանի սահմանները պետք է աստիճանաբար ձերբազատվեն շրջափակումից և բացվեն, և, նրա համոզմամբ, սրան պետք է ուղղված լինեն հայկական դիվանագիտության բոլոր քայլերը: «Սահմանի բացումը, բացի նյութական և տնտեսական գործոններից, նաև բարոյական խնդիր է, այն կբարձրացնի Հայաստանի դիրքերը տարածաշրջանում` վերացնելով սահմանափակ դիվանագիտական հարաբերությունները հարևանների հետ և կմեծացնի հայկական ազդեցությունը տարածաշրջանում»,- ընդգծեց Ա.Սեդրակյանը: Նրա խոսքով` թեև հայ-թուրքական հարաբերություններն այս պահին սառեցված են, սակայն միշտ էլ հնարավոր է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Նա գտնում է, որ թե´Հայաստանի, թե´ Թուրքիայի ղեկավարությունը մինչև վերջ չի հրաժարվում հայ-թուրքական գործընթացից, որովհետև երկկողմ գիտակցում են մերձեցման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը, և դա անխուսափելի է:

No comments: