Tert.am. 27-2-2012- Այսօր տեղի է ունեցել Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդի նիստը, ուր այլ հարցերի թվում քննարկվել են նաև հարավկովկասյան, այդ թվում նաև Ղարաբաղյան հակամարտությունը:
ԵՄ խորհրդի կայքի տվյալներով` նիստի ընթացքում շեշտվել է հակամարտությունների կարգավորման խաղաղ ճանապարհների որոնման կարևորությունը և բոլոր շահագրգիռ կողմերին այդ ուղղությամբ ամուր կամք դրսևորելու կոչ է արվել:
«Եվրամիությունը համարում է, որ տարածաշրջանի 3 երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը, կազմակերպության կողմից Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը օժանդակելու համար նոր հնարավորություններ և հեռանկարներ է ստեղծել», - ասվել է նիստի ժամանակ:
Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ նշվում է, որ ԵՄ-ն անհանգստացած է բանակցությունների դանդաղ ընթացքով:
«Այդ կապակցությամբ ԵՄ-ն շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին և ճանաչում է ՌԴ նախագահ Մեդվեդևի եռակողմ բանակցություններում առաջընթացի հասնելու ջանքերը: Կազմակերպությունը նախկինի պես պաշտպանում է Մադրիդյան սկզբունքները, և Ադրբեջանին ու Հայաստանին` վերոհիշյալ սկզբունքների հիման վրա, համաձայնության հասնելու համար ջանքերի ակտիվացման կոչ է անում», - հայտարարվել է նիստի ժամանակ:
ԵՄ-ն իր մտահոգությունն է հայտնում շփման գծում լարվածության աճի կապակցությամբ և շեշտում է հրադադարի ապահովման ուղղությամբ միջոցառումների իրականացման և հակամարտության կողմերի միջև վստահության ամրապնդման կարևորությունը:
«ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնում հակամարտության կողմերի միջև վստահության ամրապնդմանը ակտիվ աջակցություն ցուցաբերելու հարցում: Այդ տեսանկյունից Միությունը նշում է համանախագահներին դեպի Լեռնային Ղարաբաղ և 7 մերձակա շրջաններ անսահմանափակ մուտքի հնարավորություն տրամադրելու կարևորությունը», - ասվել է նիստի ժամանակ:
ԵՄ-ն նաև կազմակերպության դիվանագիտական ծառայության ղեկավարին կոչ է անում` ԵԱՀԿ-ի հետ խորհրդակցելով, մշակել Ղարաբաղյան հակամարտության հետկոնֆլիկտային սցենարներ, որոնք Եվրոպական միության հետագա ներգրավման հիմք կարող են դառնալ:
Tuesday, February 28, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment