Tuesday, February 28, 2012

Թուրքագետ. Թուրքիայում հակահայկական հիստերիան կարող է վտանգավոր հետևանքների տանել

Panorama.am. 27-2-2012-Ստամբուլում անցկացված հակահայկական զանգվածային միջոցառումները և ընդհանրապես վերջին շրջանում Թուրքիայում բարձրացվող հակահայկական հիստերիան մի տեսակ հիշեցնում են 1955 թ. սեպտեմբերին Ստամբուլում տեղի ունեցած արյունալի իրադարձություններին նախորդող ժամանակները»: Panorama.am-թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը` նշելով, որ բավական վտանգավոր կարող են լինել այդ զարգացումները հատկապես պոլսահայ համայնքի ու ազգային փոքրամասնությունների համար: Թուրքագետի խոսքով, չի բացառվում, որ իշխանությունների կողմից խրախուսվող այդ ակցիաները դուրս գան վերահսկողությունից և, որպես հետևանք, վտանգավոր դառնան այնտեղ բնակվող հայերի ու այլ փոքրամասնությունների անվտանգության համար: «Դրանում կարող են օգտագործվել ծայրահեղ ազգայնական տարբեր խմբավորումներ: Թուրքիայում բավական վտանգավոր է նման զարգացումներին նպաստելը, և մինչդեռ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հայտարարություններով, որոնք վերջին շրջանում նոր երանգներ ու ավելի ագրեսիվ բնույթ են ստանում, անում են դա: Թուրքիայի իշխանությունների նման կեցվածքն ու սադրիչ գործողությունները կարող են վտանգավոր զարգացումների տանել»: Հիշեցնենք, որ 1955 թ. սեպտեմբերի 6-ին և 7-ին Թուրքիայի Ստամբուլ և Իզմիր քաղաքներում մարդկային լայն զանգվածները երկու օր շարունակ ավերի և թալանի ենթարկեցին հույներին, հայերին պատկանող խանութները, եկեղեցիները, թերթերի խմբագրություններն ու գերեզմանոցները` իրականացնելով սպանություններ ու խոշտանգումներ: Հետագայում շատ փաստեր ապացուցեցին, որ դրանք նախապես կազմակերպված են եղել երկրի իշխանությունների կողմից: Այդ իրադարձություններից առաջ լուրեր տարածվեցին այն մասին, թե Սալոնիկում պայթեցվել է Աթաթյուրքի հայրական տունը, որն, ի դեպ, կազմակերպված սադրանք է եղել հատուկ ծառայությունների կողմից:

No comments: