Wednesday, February 29, 2012

Նախագահը հանձնարարել է Մաշտոցի այգու շուրջ ստեղծված իրավիճակը քննարկման առարկա դարձնել. Տիգրան Սարգսյան

Tert.am. 28-2-2012- Հայաստանի Հանրապետության վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի կազմման շրջանակներում ճարտարապետների, հասարակական ակտիվ զանգվածի և մտավորականության հետ քննարկել է Երևանի ճարտարապետական և քաղաքաշինական խնդիրները: Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ մամուլի ծառայությունը։ Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, անվանի ճարտարապետներ` Արթուր Մեսչյանը, Հրաչյա Պողոսյանը, Լևոն Իգիթյանը և այլք: Տիգրան Սարգսյանը նշել է, որ հանդիպման նպատակն է վեր հանել ճարտարապետական կարևորագույն խնդիրները և մատնանշել դրանց լուծման հնարավոր եղանակները: «Գաղտնիք չէ, որ կան մի շարք հարցեր, որոնք դառնում են հասարակության բուռն քննարկման առարկա: Հիշենք Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի, Մաշտոցի այգում տաղավարների տեղակայման, փակ շուկայի վերանորոգման խնդիրները և այլն: Պետք է ձևավորել կարծիքների բախման այնպիսի պլատֆորմ, որտեղ խնդիրները լուծում կստանան: Հասկանալի է, որ դրանք չեն կարող բոլորին բավարարել, մանավանդ, ճարտարապետներին, որոնք ստեղծագործող անձինք են»,- ասել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ Մաշտոցի այգում մշտական տաղավարներ չեն տեղադրվելու և դրանք տեղափոխելու են: Առկա է ՀՀ Նախագահի հանձնարարականը` Մաշտոցի այգու շուրջ ստեղծված իրավիճակը քննարկման առարկա դարձնելու համար: «Այդ ծրագիրը պետք է հաստատվի նաև կառավարության կողմից, որպեսզի վստահություն լինի քաղաքացիների մոտ, որ այդ խնդիրը կլուծվի: Ես, ընդհանրապես, մշտական տաղավարների տեղադարմանը դեմ եմ, և ամեն ինչ պետք է անեմ, որպեսզի այդ տաղավարները տեղափոխվեն: Մշտական տաղավարներ այգիներում չպետք է լինեն: Երևանում գոյություն ունի կանաչ տարածքների խնդիր և ինձ դուր չի գալիս, որ այնտեղ իրականացվում է կապիտալ շինարարությոն»,- ասել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը, ըստ որի` Հայաստանում այլևս ձևավորվել է քաղաքացիական հասարակություն, մեծ տպավորություն է գործել իր վրա: «Իշխանությունները պարտավոր են հանրությանը ներկայացնել իրենց որոշումների տրամաբանությունն ու անհրաժեշտությունը, լսել հանրության կարծիքը: Մենք պարտավոր ենք ամրապնդել քաղաքացիական հասարակությունը և մշտապես լինել երկխոսության մեջ հանրության հետ, այդ թվում նաև ճարտարապետական ոլորտում»,- ասել է վարչապետը: Ճարտարապետները ողջունել են Տիգրան Սարգսյանի առաջարկը` մասնագիտացնել Հայաստանի քաղաքները և որոշ ֆունկցիաներ Երևանից տեղափոխել մարզեր: «Հայաստանի տարածքային համաչափ զարգացումը ևս իր մեջ ճարտարապետական ասպեկտ ունի: Երևանում են կենտրոնացվել բոլոր ֆունկցիաները, որը խանգարում է նաև տարածքների համաչափ զարգացմանը: Պետք է մտածենք, թե ինչպես բեռնաթափել մայրաքաղաքը»,- ասել է վարչապետը: Տարոն Մարգարյանը նշել է, որ պատրաստ է համագործակցել ճարտարապետների միության հետ, գտնել մայրաքաղաքում առկա խնդիրների լուծումները: «Համոզված եմ, որ Ձեզ հետ համագործակցության արդյունքում կտեսնենք այն Երևանը, որը ցանկանում ենք տեսնել: Երևանը պետք է լինի հարմարավետ մեր քաղաքացիների, բնակիչների համար»,- ասել է քաղաքապետը: Արթուր Մեսչյանի խոսքով`պետք է ճարտարապետների միության շրջանակներում քննարկումներով հասկանալ, թե ինչպիսի շինարարություն կարելի է իրականացնել, ինչպիսին` ոչ: «Ուրախ կլինեի, որպեսզի նման քննարկումները ռազմավարության մշակման հիմք հանդիսանային: Մենք` ճարտարապետներս, պետք է հասկանանք, ինչ ենք ուզում և ովքեր ենք մենք: Միայն միասին կարող ենք հասնել որոշակի նպատակների»,- ասել է Մեսչյանը: Ամփոփելով հանդիպումը` Տիգրան Սարգսյանը նշել է, որ Երևանի ապագան, ճարտարապետական տեսքն առաջնային խնդիր է: «Մենք առկա խնդիրներին պարտավոր ենք առաջարկել ժամանակակից լուծումներ: Դուք պետք է լինեք Երևանի ապագայի վերաբերյալ որոշումների կայացման մասնակիցը: Պարտադիր է, որպեսզի բոլորի կարծիքը հնչի, ինչը քաղաքացիական հասարակության կարևորագույն էլեմենտներից մեկն է»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետն առաջարկել է ճարտարապետների միության հետ ստեղծել աշխատանքային խումբ, որը ձեռնամուխ է լինելու Երևանի փոքր կենտրոնին վերաբերող օրենքի նախագծի մշակմանը, որը կսահմանի այն օբյեկտների ցանկը, որոնք ենթակա չեն փոփոխման: «Մեծ հասարակական հնչեղություն ունեցող ծրագրերը պետք է դառնան հանրային քննարկման առարկա, անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի նաև հանրաքվե»,- ասել է վարչապետը: Հանդիպման ընթացքում ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ճարտարապետները հանդես են եկել մի շարք առաջարկություններով:

No comments: