Wednesday, February 29, 2012

Իսրայելի հետ ռազմական գործարքի հետ կապված՝ Ադրբեջանի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

1in.am. 29-2-2012- Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը պարզաբանումներ տալու նպատակով կանչվել է Իրանի ԱԳՆ: Այստեղ նրան հայտնել են, որ Իրանն անթույլատրելի է համարում իր դեմ ահաբեկչական ակցիաներ իրականացնելու նպատակով Ադրբեջանի տարածքի օգտագործումը: Բացի այդ, իրանական իշխանություններն ադրբեջանցի դեսպանից պարզաբանումներ են պահանջել՝ կապված ադրբեջանա-իսրայելական խոշոր ռազմական գործարքի հետ: Ադրբեջանցի դեսպանը վստահեցրել է, որ իսրայելական զենքը նախատեսված է բացառապես «ադրբեջանական օկուպացված տարածքները» հետ վերադարձնելու համար և «չի գործածվի» երրորդ երկրի և մասնավորապես Իրանի դեմ: Իրանի ԱԳՆ-ն անհանգստացած է հարևան երկրում սիոնիստական (իսրայելական) ռեժիմի ազեցության ուժեղացմամբ: Հիշեցնենք, որ ներկայումս Ադրբեջանն Իսրայելի հետ կնքել է իր պատմության մեջ խոշորագույն ռազմական գործարքը, որը գնահատվում է 1.6 միլիարդ դոլար: Ըստ դրա՝ Ադրբեջանը պետք է Իսրայելից ստանա անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր: Ի դեպ, փետրվարի 12-ին Իրանում Ադրբեջանի դեսպանը դարձյալ պարզաբանումներ տալու համար կանչվել էր Իրանի ԱԳՆ: Այդ ժամանակ Իրանն Ադրբեջանից պահանջել էր վերջ դնել սեփական տարածքում իսրայելական հատուկ ծառայությունների հակաիրանական գործունեությունը:

No comments: