News.am. 24-2-2012- ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի շփման գծում իրավիճակն ընդհանուր առմամբ լարված է, եւ լարվածությունը հիմնականում հրահրվում է Ադրբեջանի կողմից: Այդ մասին հայտարարեց ԼՂՀ անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը:
«Նրանք ցանկանում են աշխարհին ցույց տալ, թե հակամարտությունը սառեցված չէ, եւ ցանկացած պահի կարող է պատերազմ վերսկսել: Սակայն բոլորի համար էլ հասկանալի է, որ տարածաշրջանում որպես անվտանգության սպառնալիք է հանդես գալիս Բաքուն»,-ընդգծեց փորձագետը:
Նրա խոսքով` Ադրբեջանի ղեկավարությունը, մեղմ ասած, ստում է` ասելով, թե ղարաբաղյան հակամարտությունը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության սպառնալիք է. «Իրականում տարածաշրջանի կայունության համար սպառնալիք է Ադրբեջանի քաղաքականությունը: Այնտեղ պատրաստ չեն ճանաչել ԼՂՀ քաղաքացիների հիմնարար իրավունքները, ԼՂՀ-ի գոյության իրավունքը, եւ դրանում է չարի ու կայունության սպառնալիքի արմատը»:
Փորձագետը նշեց, որ վերջին շրջանում պաշտոնական Բաքուն սահմանել է` կամ խաղաղություն Ադրբեջանի պայմաններում կամ պատերազմ ձեւակերպումը: «Հարեւան երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները չեն թաքցնում, որ օգտագործում են այսպես կոչված ռազմական դիվանագիտություն`բանակցային սեղանի շուրջ հայկական կողմից որոշակի զիջումների հասնելու համար: Պատահական չէ, որ դիպուկահարաներին հեռացնելուն, լարվածության մակարդակը թուլացնելուն, միջազգային վերահսկողության մեխանիզմների կիրառմանը եւ շփման գծում միջադեպերի հետաքննությանը վերաբերող բոլոր կոչերն Ադրբեջանի կողմից մերժվում են: Նրանք պետք է հրաժարվեն ռազմատենչ հռետորաբանությունից, սպառնալիքներից եւ շանտաժից, միայն դրանից հետո կարող ենք ականատես լինել շփման գծում լարվածության թուլացման, սպանությունների թվի նվազման, վստահության միջոցառումների եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառման»,-ընդգծեց Մայիլյանը:
Friday, February 24, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment