«Լրագիր» 23-2-2012- Բանակն իրականում նախաձեռնությունն ու զոհված զինծառայողների ծնողները փետրվարի 23-ին բողոքի ակցիա էին կազմակերպել նախագահի նստավայրի դիմաց: Ոստիկանները թույլ չեն տվել, որ մասնակիցները նստավայրի հանդիպակաց մայթից անցնեն դեպի նստավայրի անմիջական մայթ:
Երբ զոհված զինծառայողների ծնողներից մեկը փորձել է մոտենալ նստավայրի դարպասին, ոստիկանները նրան ուժով հեռացրել են այնտեղից, իսկ այդ ընթացքում էլ ճմրթել են նրա զոհված որդու լուսանկարը: Նա խաղաղ պայմաններում զոհված զինծառայողներից մեկի՝ Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանն է եղել:
Համացանցում առկա է տեսանյութը, թե ինչպես է կինը աղիողորմ բղավում իր զոհված որդու լուսանկարը ճմրթած ոստիկանի վրա: Հասկանու՞մ է արդյոք այդ ոստիկանը, թե ինչ է արել, թե ինչ ցավ է պատճառել վշտից եւ որդու մահվան համար արդարադատության հասնելու անհույս փորձերից ծերացած կնոջը: Թե՞ նրան հասկանալու համար չեն պահում, հասկանալու համար չեն վճարում, ուսադիրի աստղերը հասկանալու համար չեն ավելացնում կամ խոշորացնում:
Երեւի թե երկրորդը, որովհետեւ եթե հասկանար, նախագահի նստավայրի ճաղավանդակներն այդ կնոջից անձնուրացաբար պաշտպանելու ինքնամոռաց մղումի մեջ անգամ ձեռնպահ կմնար մոր հանգուցյալ զավակի նկարը մոր իսկ ձեռքերի մեջ ճմրթելու դաժանությունից: Բայց նրա ուսերի աստղերը երեւի թե հենց դաժանությունից են խոշորանում եւ մեծանում, ու երեւի թե նա համարում էր, որ ամենապատեհ առիթն է հենց նախագահի նստավայրի առաջ դրսեւորել այդ անողոքությունը: Ինչ իմանաս, գուցե Սերժ Սարգսյանը կամ նախագահի նստավայրից որեւէ մեկը տեսնի դա պատուհանից, ու գնահատի նախագահի նստավայրի ճաղավանդակներն ընդամենը հանգուցյալ որդու լուսանկարով զինված վշտահար տիկնոջից պաշտպանելու ոստիկանական քաջությունը:
Ով գիտե, գուցե այդ դաժանությունն ու անողոքությունն արժանանա նախագահական որեւէ պարգեւի, մեդալի: Չէ որ գործընկերներից շատ շատերի ուսերն են այդպես ծանրացել աստղերով, կամ կրծքավանդակն է ծանրացել մեդալներով՝ հայրենիքին մատուցած ծառայությունների դիմաց: Մինչդեռ, հայրենիքին մատուցած էլ որ ծառայությունը պետք է գնահատվի, եթե ոչ հայրենիքի նախագահի նստավայրի պաշտպանությունը սգավոր կանանց բողոքից:
Նրանց նախագահի նստավայրի ճաղերին մոտ կարելի է թողնել միայն այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը պետք է մոտենա ճաղերին: Այդ դեպքում, սգավոր եւ վշտահար տիկնանց հեռացնող չկա, որովհետեւ նրանք պետք է դառնան շոու մասը, թե ինչպես է Սերժ Սարգսյանը մոտենում զոհված զինծառայողների ծնողներին, լսում նրանց, եւ հանձնարարություններ տալիս զինվորական դատախազին:
Ամիսներ առաջ էր, երբ նախագահի նստավայրում տեղի ունեցավ այդ շոուն՝ Սերժ Սարգսյանը լուսանկարվում էր զինվորական հրամկազմի ներկայացուցիչների հետ, դրանից առաջ հանձնել էր հերթական պարգեւները, իսկ լուսանկարվելուց հետո էլ տեսավ ճաղերի մոտ հավաքված մայրերին եւ մոտեցավ նրանց: Միայն թե շոուն կիսատ էր, եւ Սարգսյանը չշրջանցեց ճաղերը, չգիտես ինչու որոշեց պահել դրանք իր եւ սգավոր ծնողների միջեւ: Բայց, այժմ այդ կիսատ շոուն էլ չկա, եւ գործ ունենք դաժան իրականության հետ, երբ ծնողներին թույլ չեն տալիս մոտենալ ճաղավանդակներին, իսի համառելու դեպքում էլ պատռում են նրանց զոհված որդիների լուսանկարները:
Հետաքրքիր է միայն, թե ինչպես են գիշերն անցկացնելու մոր ձեռքին կորած զավակի լուսանկարը պատռող կամ ճմրթող ոստիկանները, ինչից չի տանելու նրանց քունը՝ խղճի խայթից, թե մեծ ու շատ աստղերի սպասումից:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Friday, February 24, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment