Տարածված կարծիք կա, թե Ադրբեջանում կրոնական տրամադրություններն այնքան էլ խոր չեն եղել, ու երկիրը զերծ է իսլամի ծայրաստիճան մեծ ազդեցությունից։ Իրականում, Կովկասի ադրբեջանցիները մահմեդական են նույնքան, որքան էին Խորհրդային Միությունում ապրող մյուս մահմեդական ժողովուրդները, որոնց շարքում միայն Ֆերգանայի հովտի, Բուխարայի, Կենտրոնական Ասիայի մյուս ազգային տեղայնախմբերը, ինչպես նաև Դաղստանի բնակչությունն է եղել ավելի կրոնապաշտ։ Կասկածից վեր է, որ աթեիզմի գոյության տասնամյակների ընթացքում ադրբեջանցիները շատ ավելի են աշխարհականացել, քան Կենտրոնական Ասիայի ժողովուրդները։
Համապարփակ գործընթացների մեջ ընդգրկված իսլամական շատ ազգեր ու հանրույթներ հարկադրված են ակտիվորեն յուրացնել գիտատեխնիկական ու տեղեկատվական հեղափոխության նվաճումները` որոնելով արդիականի ու ավանդականի զուգորդման ձևաչափեր։ Այդ խնդիրը, շատ թե քիչ հաջողությամբ, կարողացել են լուծել արաբական և կենտրոնասիական երկրներն ավտորիտարիզմի ու իսլամական ժողովրդավարության պայմաններում։
Այն պետությունները, որոնք ժամանակի ընթացքում արմատապես սահմանազատվել են շարիաթից, փորձեր են անում վերականգնելու իսլամի դիրքերը հասարակության մեջ և պետական կառուցվածքում` այդ ճանապարհին հանդիպելով մոդեռնիստական տիպի վերնախավի բավականին կոշտ դիմադրությանը։
Որոշակի իմաստով, այդ պետություններն ու հանրույթները (նախ և առաջ Թուրքիան) հետմոդեռնիզմի, այսինքն` մոդեռնի որոշակի կազմաքանդման ժամանակներ են ապրում։ Դրա հետ մեկտեղ, ինչպես շարիաթի դերի մեծացումը, այնպես էլ իսլամական ու մոդեռնիստական պայմանների զուգորդման փորձերը տեղի են ունենում սոցիալական պետության զարգացման, «ձախ նախագծի» սկզբունքների ու իդեալների որոշակի արմատավորման պայմաններում։
Առանց բացառության բոլոր իսլամական երկրներում, ուր տեղի է ունենում նոր սոցիալիստական մոդելի կազմավորում, այդ գործընթացներն իրագործվում են ոչ թե տարերայնորեն, այլ միանգամայն իմաստավորված, բառացիորեն նախագծողների որոշակի խմբերի կողմից։ Իսլամական երկրներում ամենուրեք, այս կամ այն չափով, տեղի է ունենում իսլամական «կանոնավոր» և «ոչ կանոնավոր» բնույթի խմբերի պայքար իշխանությունների դեմ` հանուն սոցիալական արդարության, ընդդեմ սոցիալական ու տնտեսական խնդիրները լուծելու կառավարող վարչակազմի անընդունակության։
Նույնիսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իրանը, Սիրիան, Լիբիան, ուր պետական վարչակարգերը հիմնված են սոցիալական կողմնորոշման արժեքների, զգալիորեն ձախ իդեալների ու իսլամական դեմոկրատիայի վրա, հակակառավարական շարժումները ձեռք են բերում «ձախ» բնույթ։ Անգամ ազնվամիապետական կառավարմամբ պետություններն են ձգտում վարել սոցիալական կողմնորոշման քաղաքականություն։
Այդ գաղափարախոսության ակունքը ոչ միայն իսլամական դավանանքն է, այլև Արևմուտքից, Եվրոպայի ազատական-ժողովրդավարական հասարակությունից եկած գաղափարները։ Ընդ որում, եվրոպական ազդեցությունը, որքան էլ տարօրինակ լինի, նպաստում է ձախ իսլամական շարժումների զարգացմանը։
Իսկ ինչպիսի՞ն է ադրբեջանական հանրությունը, ի՞նչ մոդել է այստեղ ձևավորվել վերջին երկու տասնամյակում, և իսլամական գաղափարների զարգացմանը նպաստող ի՞նչ գործոններ են ի հայտ եղել։
Հարավային Կովկասի հարևան երկրներից Ադրբեջանը զգալիորեն տարբերվում է վարչարարության ոճով։ Տարածաշրջանում ընդհանուր բնորոշ գծերով հանդեձ, Ադրբեջանը դարձել է իշխանության կայուն բուրգի կազմավորման օրինակ, ինչը հետագայում հանգեցրեց գերդաստանային վարչակազմի հաստատմանը` ի դեմս ներկա նախագահի ընտանիքի։ Այդ վարչակազմը, կատարելով Արևմտյան ընկերակցության հանդեպ ունեցած որոշ պարտավորություններ, ունի կառավարման քաղաքական կանխավճար, ոչնչացրել է ընդդիմությունը, նվազագույնի է հասցրել քաղաքացիական հասարակության նշանակությունը և այնքան է թուլացրել քաղաքական մրցակիցների հնարավորությունները, որ ընտրություններն իրականում դարձել են «լեգիտիմ», քանի որ իրական քաղաքական այլընտրանք չկա։ Կառավարող վարչակազմը բավարար միջոցներ ունի ճնշման մարմինների սնուցման, ինչպես նաև բնակչության նվազագույն սոցիալական վճարումների համար։
Ընդդիմության գործունեությունը սահմանափակվում է առավելագույնը մի քանի հարյուր մարդու մասնակցությամբ սահմանափակված մանրադիտակային նախաձեռնություններով։ Ադրբեջանում հաջողությամբ կազմավորվում է կլանային ավատատիրական հասարակարգ, ուր իշխանության բոլոր ձևերը, բացի գերդաստանայինից, շինծու են։ Սակայն այդ բուրգը հասարակության միաբանություն չի բերել։
Փորձը ցույց է տալիս, որ նավթարդյունահանող և արտահանող պետությունները, տարեկան մի քանի տասնյակ միլիոն տոննա հանույթ ունենալու պարագայում, կարող են ապահովել մեկից մինչև երեք միլիոն մարդու բարեկեցություն։ Ադրբեջանը, դարձյալ 50 մլն տոննա նավթի արդյունահանման պարագայում, կարող էր բարեկեցության հասցնել մեկ միլիոնից ոչ ավելի մարդու, բայց ոչ այն մի քանի միլիոնին, որ կազմում են այդ երկրի բնակչությունը։ Ադրբեջանի կառավարող ընտանիքն ամենահարուստներից է աշխարհում, խոշոր կարողություններ են կուտակել նաև նախագահի շրջապատի 90 ընտանիքներ ու մի քանի այլ խմբերի ներկայացուցիչներ։ Միջին խավը, որը կարելի է դասել ունևորների թվին, կազմում է 20-40 հազար մարդ։ Մինչև 150 հազար մարդ ստանում է բավականին բարձր աշխատավարձ ու եկամուտ` արժանավայել ապրելու համար։
Այսինքն, ստանում ենք բնակչության այն թիվը, ինչը գրեթե համապատասխանում է նավթի վերոհիշյալ ծավալն արդյունահանող երկրների մոդելին։ Բնակչության մնացած մասը կառավարող վարչակազմի համար «անցանկալի թվակազմ» է, որի համար հարկավոր է «նվազագույն ապրուստ» ապահովել։ Ընդ որում, բնակչության խավերի եկամուտների տարբերությունը հասնում է 1000-5000 տոկոսի։ Իհարկե, սոցիալական կառուցվածքի այդ մոդելն առաջացել է նախկին խորհրդային տարածքի բոլոր երկրներում, թեև Ադրբեջանն ավելի նպաստավոր վիճակում է գտնվում։ Սակայն Ադրբեջանից հեռացել է 3,5 մլն մարդ, և նրանց վերադարձը պատմական հայրենիք կասկածելի է։
Սոցիալ-մշակութային առումով Ադրբեջանը վերապրում է այն նույն երևույթները, որոնք առկա են եղել իսլամական երկրներում` գաղութատիրության դարաշրջանում կամ հետգաղութատիրական շրջանում, երբ շարիաթը մոռացվել էր, ավելի ճիշտ, քչերը գիտեին դրա մասին` անգամ ամենաընդհանուր գծերով։
Ըստ էության, ժամանակակից Ադրբեջանում բնակչությունն իսլամի նկատմամբ իներցիոն վերաբերմունք ունի, խորհրդային ժամանակների ավանդույթով բնակչության որոշ խավեր առաջվա նման շարունակում են հարգել իսլամական նորմերը և հանրային ու անհատական վարքագծի կանոնները։ Պետք է նաև նշել, որ բացի իսլամի հանդեպ անտարբերությունից, բնակչության մի մասը նախընտրել է քրիստոնեություն ընդունել, ընդ որում, ավելի շատ ոչ թե կաթոլիկություն և ուղղափառություն, այլ տարբեր բողոքական աղանդներ ու կրոնական խմբեր։ Հասարակության մեջ ահագնանում են բոլոր այն արատները, որոնք բնորոշ են արդի աշխարհին, ինչը հանգեցնում է ավանդական մշակույթի աստիճանական կորստի։ Այսինքն, Ադրբեջանում առաջացել է «դասական» իրադրություն, երբ բնակչության սահմանափակ խմբեր, չկարողանալով ընդունել ներկա մոդելը, նախընտրում են մարտահրավեր նետել կառավարող վարչակազմին։
Ադրբեջանում հետաքրքրության մեծացումն իսլամի նկատմամբ տեղի է ունենում ամենուրեք, բայց հատկապես իրանախոս բնակչության շրջանում, ընդ որում, ոչ թե Թալիշստանում կամ Մուղանի գավառում, այլ Ապշերոնում, որտեղ տեղաբնիկների 90 տոկոսն իրանական սերում ունի։ Հենց այս վայրերում են առաջանում իսլամական հակում ունեցող քաղաքական խմբեր։ Ընդհանուր առմամբ, իսլամական խմբերի քաղաքական ակտիվությունը, իհարկե, ավելի բարձր է Բաքվում ու նրա շրջակայքում։ Քաղաքական իսլամն Ադրբեջանում նախապես ձևավորվեց սուննիականությանը հարող սալաֆական խմբերի շուրջը, ինչն առաջ բերեց իշխանությունների կոշտ վերաբերմունքն ու հանգեցրեց Ադրբեջանի համար ավանդական շիականության համար «իսլամական քաղաքական դաշտի» մաքրմանը։
Շիական ոչ պաշտոնական խմբերը նույնպես որոշակի դեր խաղացին սալաֆներին դիմակայելու գործում։
Ադրբեջանի մահմեդական կրոնական ղեկավարությունն իշխանությունների դրածոն է և կորցրել է հեղինակությունը մահմեդական բնակչության շրջանում։ Իսլամի շիական ուղղությունն Ադրբեջանում կարիք ունի կազմակերպական գործունեության ձևավորման, ինչն արտահայտվում է «այլընտրանքային» մզկիթների ու հոգևորականների ի հայտ գալով։ Սրանով է պայմանավորված, որ այդ խմբերն անհրաժեշտություն են զգում դիմելու Իրանին, որը շատ ուշադիր է հետևում Ադրբեջանում քաղաքական իսլամի ակտիվացման ընթացքին և, փաստորեն, կառավարում է այդ ընթացքը։ Ադրբեջանի շիական և այլընտրանքային քաղաքական շարժումն իրանամետ է, ինչը կանխորոշված է նրանով, որ Իրանում էլ կրոնական բազմաթիվ ուղղություններ ու դրանց հետևորդներ կան։
Ադրբեջանում շիականության հետ են կապված ոչ միայն բնակչության կրոնական, այլև ազգային հայացքներն ու հասարակական-քաղաքական նախապատվությունները։ Բնակչության շրջանում, որը կրոնական պոռթկում է դրսևորում, խիստ տարածված են ադրբեջանական ժողովրդի ազգային պատկանելության նոր իմաստավորման գաղափարները։ Կրոնական գրականության մեջ կան առանձին նյութեր, որոնք կրոնի հետ ոչ մի առնչություն չունեն։ Խոսքն այն շարադրանքի տարածման մասին է, որում տեղ են գտնում ազգագրագետների ու պատմաբանների ստվարածավալ աշխատանքներն ադրբեջանական բնակչության ծագման մասին։
Սույն էթնոսը դիտվում է որպես նախ իրանացած կովկասյան, այնուհետև թյուրքացած հանրություն, սակայն ոչ այնքան մեծ չափով։ Ընդ որում, մանրամասնորեն բերվում են ինչպես Ադրբեջանի Հանրապետությունում, այնպես էլ Իրանական Ադրբեջանում բնակչության ԴՆԹ հետազոտության արդյունքները։
Բնակչության ծայրաստիճան ոտնահարվածության, որոշակի կլանների կողմից գործադրվող ճնշումների, ադրբեջանական բնակչության ազգային և սոցիալ-քաղաքական միաբանության զգացումի թուլացման պամաններում ավելի ու ավելի է ծավալվում բանավեճը ժամանակակից ադրբեջանցիների ազգային պատկանելության թեմայի շուրջ։ Նման բանավեճերի շրջանակներում առաջ են գալիս այնպիսի թեմաներ, ինչպիսիք են առանձին իշխանական և իշխանամետ կլանների ազգային պատկանելությունը, որոնք հսկայական կարողության տեր են դարձել ու կառավարում են Ադրբեջանը։
Բնակչությանն առավել շատ զայրացնում է իշխանության միակողմանի պատկանելությունը «նախիջևանյան» կլանին, ինչպես նաև կասկածները կառավարող ընտանիքի ազգային պատկանելության հարցի առնչությամբ։ Հասարակության շրջանում ավելի ու ավելի են մեծանում դժգոհություններն այն առիթով, որ Ադրբեջանի իշխանությունն ու տնտեսական հարստություններն իրականում գտնվում են թաթական ծագում ունեցող կլանների ու ընտանիքների ձեռքին։
Ներկայում թաթերի ավանդական դիրքերն Ադրբեջանում է՛լ ավելի են ամրապնդվել։ Թաթական խնդիրը վաղ թե ուշ միանգամայն հրապարակային կդառնա` պահանջատիրության դրսևորման առումով։ Թաթերին մեղադրում են Ադրբեջանի իսրայելամետ դիրքորոշման ձևավորման և բնակչության իսլամական կրոնական շահերի անտեսման մեջ։ Ոչ հրապարակային բանավեճերում ասվում է, թե, այսպես կոչված, «նախիջևանյան» կլանը միայն ձևականորեն է իշխանության գլուխ, իրականում երկիրը կառավարում են թաթերի կլանները, որոնք սերտորեն կապված են Իսրայելի ու ԱՄՆ-ի հետ։
Երևի չափազանցություն է, բայց այս թեման, անշուշտ, որոշ հիմքեր ունի։ Միաժամանակ, մահմեդական թաթերը, որոնք ինչ-որ չափով շարունակում են օգտվել իրանական լեզվախմբից, շահագրգռված են շիական ուղղության իսլամի դիրքերի ուժեղացմամբ և Իրանի հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմամբ, ինչը հետագայում կարող է Ադրբեջանում իրենց դիրքերի ամրապնդման հիմք դառնալ։ Ադրբեջանում թաթերի այսպիսի երկակի կողմնորոշումը շատ հարմար է և նախադր-յալներ է ստեղծում նրանց դերի ու դիրքերի ուժեղացման համար։
Թուրքիան, անշուշտ, հսկայական դեր է խաղում Ադրբեջանի քաղաքականության մեջ։ Այդ երկրի հետ պաշտոնական և ոչ պաշտոնական պայմանավորվածություններն Ադրբեջանի անվտանգության և արտքաղաքական նկրտումների հիմնարար պայման են և վստահություն են ներշնչում ադրբեջանցիներին։ Թուրքիայի և Ադրբեջանի փոխհարաբերությունները միանգամայն այլ իմաստ ու բովանդակություն ունեն, քան, ասենք, Հայաստանի և Ռուսաստանի կամ Վրաստանի ու ԱՄՆ-ի փոխհարաբերությունները։
Ի տարբերություն Թուրքիա-Ադրբեջան դաշնազույգի, Հայաստանը չի կարող նույնքան լուրջ ազդեցություն գործել Ռուսաստանի վրա, որքան Ադրբեջանը` Թուրքիայի վրա։ Դրա հետ մեկտեղ, Թուրքիայի քաղաքականությունը, ընդ որում, թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացման բոլոր փուլերում, Բաքվին շատ չի հիասթափեցրել։ Անգամ առավել կրթված ու պատրաստված ադրբեջանցիների համոզմամբ, Թուրքիան ոչ միայն պետք է օգնի ու աջակցի Ադրբեջանին, այլև, փաստորեն, լուծի նրա խնդիրները։
Այս շատ կարևոր դրույթն Ադրբեջանի հասարակական գիտակցության մեջ, երևի, կորսված է։ Թուրքիան Հայաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի կողմնակից չէ, հետևում է ՆԱՏՕ-ի շրջանակներում իր պարտավորություններին։ Թուրքիան ընդունել է ԱՄՆ-ի նախաձեռնությունները Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, ինչպես նաև Ռուսաստանից խստորեն չի պահանջում ճնշում գործադրել Հայաստանի վրա։ Ադրբեջանցի քաղգործիչների ու զինվորականների կարծիքով, Անկարան Բաքվին անհրաժեշտ օգնություն չի ցուցաբերել զինված ուԺերի պատրաստման գործում։
Թուրքիայում տեղի ունեցող հասարակական գործընթացները, չնայած ազգայնականների դիրքորոշմանը, չեն համապատասխանում Ադրբեջանի շահերին, քանի որ ուղղված են Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը։ Այս կապակցությամբ հարկ է նշել, որ Թուրքիայից Ադրբեջանին որոշակիորեն հեռու պահելու ԱՄՆ-ի քաղաքականությունն ինչ-որ չափով իրականացվում է, քանի որ Ադրբեջանն սկսում է հասկանալ, որ ոչ թե Թուրքիան, այլ ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն են իր անվտանգության երաշխավորները, և միայն Արևմտյան ընկերակցությունն է շահագրգռված, որ ներկա վարչակազմը մնա իշխանության գլուխ։ Այդ վարչակազմը սերտ և պարտավորեցնող հարաբերություններ ունի Արևմուտքի հետ, բայց, ըստ երևույթին, նման հարաբերություններ չունի Թուրքիայի հետ, որը միշտ եղել է Ադրբեջանի շահերի պաշտպանը, բայց կառավարող ընտանիքի իշխանության գլուխ գտնվելու երաշխիքներ երբեք չի տվել։
Այս բոլոր հարցերից զատ, Ադրբեջանում խիստ կասկածահարույց է համարվում Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցութան քաղաքականությունը, որը վերակենդանացնում է թուրք հասարակության իսլամական բաղադրիչ կողմը։ Թուրքիայի հետ այդ ոչ այնքան հասարակ հարաբերություններն ավելի են նպաստում Իրանի առնչությամբ հարցի քննարկմանը` որպես մի երկրի, որը պակաս պատմական, կրոնական ու մշակութային կապեր չունի Ադրբեջանի հետ։
Այս իրավիճակը, այսպես թե այնպես, պառակտում է մտցնում ոչ միայն ադրբեջանական հասարակության, այլև ազգային գիտակցության մեջ։ Հիմա սկսվում է ոչ միայն շիական հասարակական շարժման, այլև իրանաշիական շարժման վերելքի փուլը` Ադրբեջանի բնակչության ինքնության ուղիների որոնման որոշակի ձևաչափով։ Առայժմ ադրբեջանական կառավարող վերնախավը երկրի միասնությունը պահպանում է նավթային մեծ եկամուտներով, բայց չպետք է մոռանալ, որ մի հինգ-տասը տարի անց այդ պաշարները կա՛մ կսպառվեն, կա՛մ զգալիորեն կկրճատվեն։
Որքան էլ տարփողվեն գազի արտահանությունից և արտասահմանյան գործարքներից ստացվող հասույթները, միևնույն է, նավթի բերած եկամուտները չեն կարող փոխհատուցվել։ Դա, անտարակույս, կհանգեցնի Ադրբեջանի տնտեսական և սոցիալական վիճակի արմատական փոփոխման։ Այնպես որ, ճիշտ ժամանակն է իրանաշիական հեղափոխության։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Իրատես դե ֆակտո
Tuesday, February 21, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment