Panorama.am. 27-2-2012- «Պետք է ասեմ, որ բոլոր պատվիրակություններին համանման վերաբերմունք է ցուցաբերվել` ընդունելության շատ բարձր մակարդակով, իսկ հատկապես Ադրբեջանին ցուցադրվել է ընդունելություն անվտանգության լրացուցիչ միջոցներով»:
Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը` պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե ինչով է պայմանավորված ադրբեջանական պատվիրակության Բաքվում հայտնած դժգոհությունները` կապված Եվրոնեսթի շրջանակներում Երևանում իրենց ցույց տրված ընդունելության հետ:
Պատգամավորի խոսքերով, իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունը, թե` ադրբեջանցիներին տարել են մեկուսարան: Նրանց ընդամենը հրավիրել են հերթափոխի պետի սենյակ, որպեսզի այդ ընթացքում համապատասխան ձևակերպումներն արվեն և ուղեբեռը բերեն:
«Ցավոք, դա հենց Ադրբեջանի քաղաքականության մի մասն է, որ նրանք անընդհատ փորձում են կեղծել այն ամենը, ինչ կապված է Հայաստանի ու հայ իրականության հետ` ընդհուպ մինչև իրենց մասնակցության պարագայքում իրենց իսկ աչքով տեսածը»,- հավելեց Զաքարյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Ա.Զաքարյանը հայտարարել էր, թե ցանկալի է, որ ինչպես իրենք դիմավորեցին ադրբեջանցիներին, գոնե կիսով չափ նույնը սպասվեր իրենց Բաքվում:
Նշենք նաև, որ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի հանդիպումը Երևանում մեկնարկել էր փետրվարի 22-ին. առաջին անգամ էր, որ այն տեղի էր ունենում Եվրոպական խորհրդարանից դուրս:
Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը հիմնադրվել է 2011 թ. մայիսին որպես Արևելյան գործընկերության խորհրդարանական բաղկացուցիչ: Դրա հիմնական նպատակն է հզորացնել կապերը Եվրոպական Միության և Արևելյան Եվրոպայի հարևանների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև կապերը, որոնք այժմ ներկայացված են խորհրդարանական վեհաժողովում:
Monday, February 27, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment