Saturday, February 25, 2012

Ռուսաստանի հայերը երիտթուրքերի բախտին

ԽՍՀՄ-ի փլուզման պահին Ռուսաստանի հատուկ ծառայություններն ունեին ազգայնական շարժումների ու կազմակերպությունների ձևավորման, խթանման և վերահսկողության եղանակների ու մոտեցումների հարուստ պաշար, ինչը 90-ականներին Ռուսաստանում լիովին օգտագործվեց իշխանության համար մղվող պայքարում։ Որքան ազդեցիկ և խոշոր է ազգայնական խումբը Ռուսաստանում, այնքան ուժեղ ու հետևողական է վերահսկվում իշխանությունների կողմից, որոնք հաճախ իրենք են ինչ-որ ազգայնական կորպորացիա ներկայացնում իրենցից։ Արմատական ու ծայրահեղական ազգայնականությունը, որը ոչ մի աղերս չունի գաղափարախոսական ու պետական ազգայնականության հետ, դարձել է ռուսաստանյան արտաքին և ներքին քաղաքականության բաղկացուցիչ մասը, որը նախագծվում է որոշակի նպատակով ու տարբեր ուղղություններով։ Ռուսաստանում արմատական ազգայնականությունը վերից վար նախագծվում է և գլխավորապես ներառում է ծայրաստիճան «ապադասակարգային» տարրեր։ Ընդ որում, ռուս ժողովրդի «շահերը» սովորաբար արտահայտում են ամեն տեսակի ազգային տիպեր, բայց միայն ոչ իրենք` ռուսները։ Ռուսաստանում որոշակի, բավականին խոշոր, ճյուղավորված արմատական ազգայնական կազմակերպությունները վաղուց գործում են ամենևին էլ ոչ ռուս ազգի ներկայացուցիչներին պատկանող խոշոր բանկերի ու այլ առևտրային կառույցների միջոցների հաշվին։ Ներկա Ռուսաստանն իրենից ներկայացնում է տարբեր, վատ փոխկապակցված տարածաշրջանային, առևտրային և քաղաքական կորպորացիաների մի հավաքատեղի, որոնք մեծ մասամբ միանգամայն տարբեր ուղղվածություն ունեն։ Ռուսական հանրությունը կորցրել է հիմնարար շատ արժեքներ, այդ թվում` ինքնապահպանման բնազդը։ Ներկայում ոչ մի հույս չկա ներմիավորելու քաղաքացիական և ժողովրդավարական այն կառույցները, որոնք ընդունակ են դիմակայելու լուսանցքային, հոգեզեղված խմբերին ու իշխանության տեղական մարմիններին, որոնք, իրենց հերթին, ըստ էության, վարում են արմատական ազգայնականության վրա հենված քաղաքականություն։ Սակայն, ռուս ժողովրդի և ռուսական պետության պահպանման խնդրի ուռճացմանը զուգընթաց, իրականացվում է Ռուսաստանի տարբեր շրջաններում ազգային խմբերի շահերի հանդեպ խտրականության և ճնշման քաղաքականություն։ Անվտանգության դաշնային ծառայության կարևոր խնդիրներից է վերահսկել և ուղղորդել ազգային հասարակական կառույցների գործունեությունը։ Ընդ որում, միանգամայն ակնհայտ է, որ իշխանություններն ազգային բազմաթիվ կառույցներից ընտրում են նրանք, որոնք արտացոլում են Ռուսաստանի արտաքին քաղաքականության շահերը, ինչպես նաև ընդունակ են «կապի մեջ մտնելու» հենց իշխանությունների հետ, մաս կազմելով վիթխարի կաշառասուն համակարգի։ Ռուսական իշխանություններն ամենից շատ երկյուղում են ոչ թե սոցիալական և քաղաքական առումով լուսանցքային ազգային համայնքներից, որոնց արմատականությունն ու ագրեսիվությունը հեշտորեն ճնշվում են և ինչ-որ չափով սպասարկում են իշխանության շահերը, այլ այն ազգերի հասարակական կառույցներից, որոնք դրսևորում են քաղաքացիական պատասխանատվություն և ռուսական պետության հանդեպ բարեհաճություն։ Հենց այդ ազգերն են համարվում համակցություններ, որոնք ընդունակ են քաղաքակիրթ ձևով ներկայացնելու իրենց իրավունքները։ Ռուսական իշխանությունների համար առավել անընդունելի է ազգային այն խմբերի գործունեությունը, որը լիովին համապատասխանում է երկրի Սահմանադրությանն ու իրավական նորմերին։ Միանգամայն ակնհայտ է, որ Ռուսաստանի հայկական համայնքը առավել օրինապահ և ռուսական պետության ու նրա շահերի հանդեպ առավել բարեհաճ հանրույթներից է։ Հենց նման ազգային համակցության հետ է առավել դժվար երկխոսություն վարել տարբեր հարցերի շուրջ։ Ռուսաստանը ձգտում է Թուրքիայի հետ դիրքորոշումները մոտեցնելու քաղաքականություն վարել։ Ռուսական քաղաքական գործիչները, քաղաքական և փորձագիտական ընկերությունները, ինչպես նաև գործարար շրջանակները Թուրքիան համարում են հուսալի ու ձեռնտու գործընկեր, որը, չնայած ԱՄՆ-ի վերահսկողության տակ վերադառնալուն և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հանդեպ ունեցած պարտավորությունների կատարմանը, ունի «անկախ» քաղաքականություն վարելու միտում։ Դա ռուս ղեկավարությանը հանգեցնում է մոտ ապագայում դաշնազույգ կամ նման մի այլ միություն ստեղծելու հնարավորության, այսինքն, Ռուսաստանի և Թուրքիայի միջև կազմակերպված ու սերտ հարաբերությունների հաստատման մտքին։ Այդ կապակցությամբ, արտաքին ու ներքին քաղաքականության խնդիրներից մեկը Ռուսաստանում ապրող հայերի շահերի համակարգված անտեսումն է, որն իրականացվում է Թուրքիային ու Ադրբեջանին առաջնակարգ սպառազինության մատակարարմամբ, ղարաբաղյան հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելու փորձերով։ Ռուսաստանն արագ թափով խորացնում է քաղաքական ու տնտեսական համագործակցությունը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, չնայած այդ հարաբերությունների կասկածելի շահավետությանը` ռազմավարական հեռանկարների ու անվտանգության տեսանկյունից։ Ռուսաստանի իշխանությունները Կրասնոդարի երկրամասի հայկական կազմակերպությունների վրա ուժեղ ճնշում են գործադրել այնպիսի հարցերի առնչությամբ, որոնք զուտ խորհրդանշական և սոցիալ-մշակութային նշանակություն ունեն։ Նման քաղաքականություն այս կամ այն չափով վարվում է Ռուսաստանի բոլոր տարածաշրջաններում։ Ընդ որում, նշվում է, որ Ռուսաստանի տարածաշրջաններում նախ և առաջ Հյուսիսային Կովկասում, հայ բնակչության խնդիրները նոր երանգներ են ստանում Թուրքիայի տնտեսական և քաղաքական դիրքերի ուժեղացման համեմատ, ինչին շատ բարեհաճ են վերաբերվում ռուսական իշխանությունները։ Քաջ հայտնի է, թե տեղի իշխանությունները որքան և ինչ կերպ են կապված և պարտավորեցնող ինչ հարաբերություններ ունեն Թուրքիայի, Կրասնոդարի երկրամասի, Հյուսիսային Կովկասի, Պովոլժիեի տարածաշրջանների թուրքական կառույցների հետ։ Թուրքական շահերի հետ են կապված Ռուսաստանի կենտրոնական իշխանության շատ ներկայացուցիչներ, ներառյալ, ըստ երևույթին, նաև հույժ անձնական և խմբակային շահերը։ Ներկայում Ռուսաստանի հայկական հասարակական կազմակերպությունները հանդես են եկել Պետդումայի կողմից 1915 թ. ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման նախաձեռնությամբ (խոսքը Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած օրենքի «կրկնակի» մասին է)։ Ռուսաստանի պետական մեքենան բացահայտորեն թշնամաբար է վերաբերվում այդ նախաձեռնությանը, որի դեմ հանդես են եկել ոչ միայն Ռուսաստանի պետանվտանգության համակարգը, այլև փորձագիտական ընկերակցությունը։ Ընդ որում, այդ նախաձեռնությունը հրապարակայնորեն քննադատում և հերքում են` կապված ոչ միայն Ռուսաստանի հայկական կազմակերպությունների փորձերի, այլև Ֆրանսիայում օրենքի ընդունման հետ։ Շատ փորձագետներ, ձևացնելով, թե դա չի վերաբերում Ռուսաստանում արված նախաձեռնությանը, դատողություններ են անում միայն Ֆրանսիայի մասին։ Ահա թե ինչ է գրում «Պոլիտիկոմ» կայքը. «Ցավոք, հարկ է արձանագրել, որ ամբողջ 20-րդ դարը եղել է ազգային զտումների, զանգվածային սպանությունների ու ցեղասպանությունների դար։ ՈՒ պետք չէ հույսեր փայփայել, թե 21-րդ դարն ավելի լավն է լինելու։ Մեկ մարդու սպանությունը ողբերգություն է, իսկ մարդկանց ոչնչացումը նրանց ազգային կամ կրոնական պատկանելության պատճառով է՛լ ավելի ահավոր հանցագործություն է և նորմալ մարդուն չի կարող սոսկում չպատճառել։ Բայց «ցեղասպանություն» հասկացությունը քաղաքական նպատակներով օգտագործելը չի կարող մեզանում նողկանք չառաջացնել»։ Ռուսաստանի ամբողջ պարբերական մամուլը բառացիորեն հեղեղված է Ֆրանսիայի կողմից այդ օրենքի ընդունման դեմ ուղղված ծաղրական խզբզանքներով, որոնք միաժամանակ 1915-ի ցեղասպանության ճանաչման գաղափարի դեմ են ուղղված։ Եվ սա դեռ սկիզբն է միայն, կարելի է համոզված ասել, որ այդ թեման դեռ շատ ավելի լայնածավալ ու նենգադավ կիրառություն է գտնելու Ռուսաստանում, քանի որ նման օրենքի ընդունումը բնավ ձեռնտու չէ Ռուսաստանի արտքաղաքական շահերի տեսանկյունից։ Հայկական լրատվամիջոցները և քաղաքական մեկնաբանները տարիներ ի վեր անտեսում են այն փաստը, որ Ռուսաստանը չեղյալ է համարել Պետդումայի 1995-ի որոշումը ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, ինչն արտացոլվում է և՛ պաշտոնական քաղաքականության մեջ, և՛ ռուս քաղգործիչների արտահայտություններում, այդ թվում` Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի հայտարարության մեջ, որ արվեց մի քանի տարի առաջ։ Դրան զուգընթաց, Ռուսաստանին լիովին գոհացնում է այլ երկրների կողմից հայերի ցեղասպանության ճանաչման փաստը, քանի որ դա հանգեցնում է Թուրքիայի ու տվյալ պետությունների միջև թշնամանքի և անջրպետման, ինչն էլ, ի վերջո, անդրադառնում է ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունների վրա։ Թուրքիային ԱՄՆ-ի ու եվրոպական առաջատար պետությունների զինամատակարարումների սահմանափակման քաղաքականությունը ևս հանգեցնում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրի և ռազմատեխնիկական ոլորտի հարաբերությունների ընդլայնման հնարավորությանը։ Ինչպես հաղորդում է «Նեզավիսիմայա գազետա»-ն, «...թուրքական դիվանագիտության ղեկավարն այսօր կմասնակցի ռազմավարական պլանավորման համատեղ խմբի նիստին. ինչպես ճշտեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, Մոսկվան ու Անկարան կհամադրեն միջազգային հրատապ հարցերի գնահատականներ»։ Այսինքն, նկատի է առնվում այդ հանդիպման «զուգադիպումը» Ֆրանսիայի Սենատի կողմից հայտնի օրենքի ընդունման օրվան։ Հայերը լավ գիտեն և չեն մոռանա, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ սկզբունքային պայմանագիր ստորագրեց 2011-ի մարտի 16-ին` Մոսկվայի պայմանագրի 90-ամյակի օրերին, որն անվանում են «Հայաստանի բաժանման» պայմանագիր։ Նախագահ Մեդվեդևի «աջ ձեռք», Սոցիալիստական զարգացման ինստիտուտի տնօրեն Իգոր Յուրգենսը տողերիս հեղինակի մատնանշած այդ «զուգադիպության» առթիվ ասաց, թե «բացահայտ թյուրիմացություն է տեղի ունեցել»։ Միանգամայն ակնհայտ է, որ Ռուսաստանն իր դաշնակցի նկատմամբ խտրական քաղաքականություն է վարում, ընդ որում, վկայակոչվում է ԱՄՆ-ի քաղաքականությունը։ Իրոք, ԱՄՆ-ը շատ հարցերում, եթե ոչ ամեն ինչում, պատրաստ է անտեսելու իր դաշնակիցների շահերը, եթե խոսքն իր ռազմավարական շահերին է վերաբերում, բայց Հայաստանը ԱՄՆ-ի դաշնակիցը չէ։ Ռուսական իշխանությունները վարում են հայկական տարբեր հասարակական կազմակերպությունների պառակտման և նրանց միջև թշնամանքի բորբոքման հետևողական քաղաքականություն։ Ներկայում Ռուսաստանի առավել խոշոր հայկական կազմակերպության` «Ռուսաստանի հայերի միության» ղեկավարները ՌԴ իշխանություններից ցուցում են ստացել Պետական դումայի կողմից ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման նախաձեռնություններին հակադրել այդ նախաձեռնությունների խարխլման գործունեությունը։ Ընդ որում, լայնորեն տարածվում են տպագիր նյութեր, որոնք կոչ են անում բոյկոտել հայ հայրենասերների ջանքերը։ Մինչդեռ «Ռուսաստանի հայերի միության» շատ ակտիվիստներ և տարածքային կառույցներ իրենք են եռանդագին մասնակցում այդ նախաձեռնությունների շրջանակներում ստորագրությունների հավաքմանը և համապատասխան միջոցառումների անցկացմանը։ Հասկանալի է, որ այդ իրավիճակը, այսպես թե այնպես, հանգեցնելու է Ռուսաստանում գործող առավել խոշոր հայկական հասարակական կազմակերպությունների պառակտմանն ու վերացմանը։ Հնարավոր է, որ այդ նախաձեռնությունների հեղինակ կազմակերպություններն առաջվա նման սխալ են գործում` ռուս հասարակայնության շրջանում նախապես համապատասխան նախապատրաստական աշխատանք չկատարելով։ Ռուսաստանի հանրությունը բազմաբնույթ է և տարբեր կերպ է պատկերացնում երկրի շահերը։ Հսկայական թվով ռուսներ համակրանքով են վերաբերվում հայերին ու հասկանում են, որ երբեմն հարկ է լինում զոհաբերելու «ռացիոնալ» նպատակները հանուն ազգի ռազմավարական շահերի, որն անշեղորեն կորցնում է դիրքերն աշխարհում ու տարածաշրջաններում և, ինչպես երբեք, կարիք ունի գործընկերների։ Միանգամայն հասկանալի է, որ այդ օրենքի ընդունումն ինքնանպատակ չէ, այլ ունի որոշակի նպատակներ, և իմաստ չունի ձգտել դրանց` առանց որոշակի համաձայնության և ռուսների ու հայերի միջև հարաբերությունների անհրաժեշտ կանոնների պահպանման։ Այն ռուս քաղգործիչները, ովքեր առաջադրում են արմատական ազգայնականության գաղափարը, դրանով իսկ ճնշում են ռուս ժողովրդի ձգտումը` պաշտպանելու իր հիրավի ազգային շահերը, ուստի Ռուսաստանի այդ քաղաքականությունը, անտարակույս, դատապարտված է ձախողման` ով էլ որ հռչակած կամ վարելիս լինի այն։ Ռուսաստանի հայ համայնքի մյուս լրջագույն սխալը նրա` մեծ քաղաքականությունից օտարված լինելն է, ինչը վիճակագրի դեր է վերապահում և դատապարտում քվեարկելու բացառապես իշխանությունների օգտին, ինչին մղում են կա՛մ հայկական առաջատար հասարակական կազմակերպությունները, կա՛մ տեղի հեղինակությունները։ Դրա հետ մեկտեղ, եթե համակցությունը քաղաքականությանը չի մասնակցում, ընդ որում, հետապնդելով համառուսական և իր համայնքային շահերը, ապա նրան երբեք և ոչ մի տեղ հաշվի չեն առնի։ Հայ համայնքներն ու առանձին անձինք սովորաբար առաջնորդվում են քաղքենիական հոգեբանությամբ, լիովին հերքում կամ չեն ընդունում քաղաքականությունը որպես խաղ, որպես խաղային իրավիճակ։ Նույն կերպ էին իրենց դրսևորում նաև Վրաստանի հայերը, որոնք արդեն, ինչ-որ չափով, այլ դիրք են գրավել։ Եթե ազգային համայնքն ընտրարշավների տարբեր մակարդակներում քվեարկում է բացառապես իշխանության օգտին, ապա ընդմիշտ կմնա օտարի հլու կամակատար և արդյունքում կարժանանա իր ցեղակիցների բախտին, ինչպես երիտթուրքերի ժամանակ, երբ հայերը պաշտպանեցին ապագա եղեռնագործներին։ Ներկայում Ռուսաստանում խաղարկվում է բավականին բարդ ներքաղաքական խաղ, որին մասնակցում են ինչպես ազգային օլիգարխական խմբերի, այնպես էլ արտաքին շահագրգիռ կողմերի հետ առնչություն ունեցող բազմաթիվ «իգրոկներ»։ Հայերի համար առավել տրամաբանական կլիներ իրենց քվեները տալ Վլադիմիր Ժիրինովսկուն, որպես «պատմական այլընտրանքի», որովհետև ներկա պահին առավել կարևորն իրենց դիրքորոշման և Ռուսաստանի հայ բնակչության շահերի ընդհանրության ցուցադրումն է։ Միանգամայն հասկանալի է, որ հայերն անթերի տարբերակ չունեն և մոտ ապագայում չեն ունենա։ Ամենևին իմաստ չունի և որոշակիորեն վնասակար է հայերի մասնակցությունը դիմազուրկ ընտրազանգվածի ինչ-որ ընդհանուր հոսքերի։ Ռուսաստանում ստեղծվում են նոր քաղաքական խմբավորումներ ու կուսակցություններ, ներկա կուսակցությունները հավերժական չեն և կատարում են ժամանակավոր միավորումների, սցենարային անցումային օբյեկտների դեր, կոչված են լուծելու զուտ մերձակա խնդիրներ։ Նույն կերպ պետք է դիտարկել նաև քաղաքական առաջնորդներին ու այլ գործիչների։ Ռուսաստանին սպասում են քաղաքական նոր գործընթացներ ու իրավիճակներ, որոնց հարկ է հարմարվել, բայց դրա համար անհրաժեշտ է որոշակի քայլեր ձեռնարկել, այն էլ` հենց հիմա, երբ եկել է ոչ թե օտար, այլ սեփական գերակայությունների ընտրության ժամանակը։ Ռուսաստանի հայ համայնքը լավ է գիտակցում իր առաջիկա անելիքները և պատրաստ է արձագանքելու միանգամայն համարժեք։ Քաղաքականությանը մասնակցության սակավ արդյունավետ, բայց միանգամայն ընդունելի ձևաչափն ընտրության բազմազանությունն է, այսինքն` տարբեր նախընտրությունները, ինչը ևս համայնքի շահերի պաշտպանություն է ենթադրում։ Ընտրազանգվածի վարքագծի այս տարբերությունը «բարձր պիլոտաժ» կդառնար ոչ միայն հայ համայնքի, այլև ցանկացած ազգային համայնքի քաղաքական վարքագծում։ Կարելի է քվեարկել ինչպես կամենաս, բայց ոչ «հոտային» վարքագծով` բացառապես իշխանության օգտին։ Պետք է ուշադրություն դարձնել, որ Ֆրանսիայի հայ ընտրազանգվածի հենց այդպիսի վարքագիծն է դարձել ֆրանսիական քաղաքականության որոշակի գործոն։ Պարոնայք, մենաշնորհատեր հայեր, մի՛ խանգարեք ձեր հայրենակիցներին կատարելու սեփական ընտրությունը և զբաղվելու քաղաքականությամբ։ Անցել է բանկետների ու ֆուրշեթների ժամանակը։ Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Իրատես դե ֆակտո

No comments: