Thursday, February 9, 2012

Մեդալների փայլից անդին

«Լրագիր» 9-2-2012- Տարին նոր է սկսվել, ու բանակում գրանցված մահվան դեպքերը սկսել ենք հաշվել զրոյից: Արդեն արձանագրվել է զինծառայողների մահվան 4-րդ դեպք: Չորս ընտանիքներ կորցրել են հայրենիքի պաշտպանության համար բանակ ճանապարհած իրենց որդիներին: Եվ ամեն նոր մահվան հետ իսպառ վերանում է հույսը, թե բանակի ղեկավարությունը քայլեր է ձեռնարկում իրավիճակը շտկելու և դրանք կանխելու համար: Որքան մահվան դեպքերը բանակում հաճախակի են դառնում, ինչպես այս դեպքում`10 օրվա ընթացքում երեք զոհ, այնքան պաշտպանական համակարգի ինքնապաշտպանական բնազդը սուր դրսևորումներ է ստանում: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով զինված ուժերում մահվան ելքերով միջադեպերին և դրանց բացահայտմանն ու ծնողների դժգոհությանը, հանդես է եկել բոլորովին թարմ մի նոր տեսակետով, այս անգամ արդարացնելով ու խրախուսելով իր գլխավորած կառուցի ենթակայության տակ գտնվող իրավապահ մարմիններին ու նրանց աշխատանքը: «Որքան էլ որ մեր իրավապահ մարմինները լավագույն կերպով աշխատեն, միշտ էլ ծնողները դժգոհ են, որովհետեւ նրանք կորցրել են իրենց երեխային: Նրանք մաքսիմալն են ուզում, որ ճիշտ բացահայտվի, ճիշտ բացահայտվելուց բացի, եթե նրանք տեսնում են, որ պատժվողների շրջանակը քիչ է, ուզում են ավելի շատ մարդիկ պատժվեն»: Հայտնի չէ, թե նախարարը հանցագործությունների բացահայտման ինչ տվյալների է տիրապետում, և այս հայտարարություններն ինչ հիմքեր ունեն: Լավ կլիներ, որ այդ անիրական տեքստերն ասելու փոխարեն նախարարն իր ասուլիսներում մեկ առ մեկ թվարկեր բացահայտված քրեական գործերն ու պատժվողների անունները` հաշվետու լիներ հանրության ու ծնողների առջև: Կորցնելով իրենց որդիներին, ծնողներին որպես մխիթարություն մնում է միայն հանցագործության բացահայտումն ու մեղավորների պատժվելը և, ինչպես հաճախ ենք լսում որդեկորույս ծնողներից, որ այլևս նման դեպքերը չկրկնվեն: Այո, նրանք մաքսիմալն են ուզում, բայց նվազագույնը չեն ստանում: Նրանք չեն ուզում, որ պատժվողների շրջանակը մեծ լինի, նրանք ուզում են, որ իրական մեղավորները պատժվեն: «Մեր իրավապահները վերջին ժամանակահատվածում բավականին լուրջ աշխատանք են այդ ուղղությամբ կատարում: Կարծում եմ, մաքսիմալը այսօր արվում է, որպեսզի մենք կարողանանք ծնողների առջեւ լինել արդար, ազնիվ», - ասել է Օհանյանը: Անհամատեղելի է փողոցում հայտնված դժգոհող ծնողների հոծ բազմությունն ու ասված գովաբանական այս խոսքերը զինվորական իրավապահների հասցեին: Վերջին շրջանում ավելի շատ քննադատություն է հնչում այս կառույցի հասցեին, և ահա նախարարը որոշել է շոյել նրանց գլուխը: Բացի այս, բողոք կա նաև քննչական ծառայության ներսում, թե բանակում սպանում են, իսկ “թուքումուրը” մենք ենք ստանում: Մինչ այս, Փայլակ Շահնազարյանի մահվան դեպքի մասին խոսելիս, նախարարն ընդգծել էր զինծառայողների դաստիարակության պակասը «Զինվորական ծառայության պայմանների չիմացության, դաստիարակության պակասի, ամենակարեւորը` մեկը մյուսին չհանդուրժելու [հետեւանքով]»: Հարցին, թե արդյո՞ք նախարարը պատրաստվում է պատասխանատվության ենթարկել սպայական կազմից որեւէ մեկին, Օհանյանն ասում էր, թե դա պարզ կդառնա ծառայական քննության արդյունքում: Իսկ քննության արդյունքում մենք ավելի հաճախ տեսնում ենք պատժվող շարքայիններին: Այսինքն, ի սկզբանե վերահսկող սպայակազմին պատժելու մասին խոսք չկա: Տպավորություն է, թե բանակում միայն շարքայիններ են ծառայում, և նրանց վերահսկող անձնակազմ չկա: «Հիմնականում սրա պատճառը նաեւ այն է, որ շատ երիտասարդներ հասարակությունից փողոցային, գողական բարքեր սովորած են գալիս, - ասում էր Օհանյանը, - Եվ մենք ձգտելու ենք այնպիսի աշխատանք ծավալել, որ փակենք այդ ճանապարհը, որ հասարակությունից այս կամ այն կերպ փողոցային գողական բարքերը ներս են մտնում բանակ»: Եթե նույնիսկ դա այդպես է, ինչու են միայն վատ բաները ներթափանցում բանակ: Պարզ է, վատ բաների համար բանակում պարարտ հող կա: Եվ թվարկած այս բոլոր դեպքերում նախարարը հանցագործության պատճառները փնտրում է դրսում և ոչ թե դեպքի վայրում` բանակի ներսում: Եվ քանի դեռ մոտեցումն այսպիսին է՝ մահվան դեպքերը շարունակվելու են, իսկ հանցագործությունները մնալու են չբացահայտված: Բայց նախարարն ասում է, որ “մաքսիմալն արվում է, որպեսզի ծնողների առջև լինեն ազնիվ ու արդար”: Հավակնություն, ինչը ևս փորձելու են ստանալ կեղծ քարոզչության միջոցով: Երեկ արդեն բոլոր հեռուստաընկերությունները դրական նոտայով տարածում էին նախարարի այս խոսքերը, իսկ նախարարն էլ շռայլորեն պարգևատրեց իր և իր գերատեսչության նկատմամբ “վստահություն” ունեցող շուրջ երկու տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչների: Ժաննա Ալեքսանյան

No comments: