Wednesday, February 8, 2012

Կիրիենկո. Մոոսկվան պատրաստ է քննարկել հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի ֆինանսավորումն ավելացնելու հարցը

News.am. 7-2-2012- Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի ատոմակայանի նոր էներգաբլոկի ֆինանսավորման մասնաբաժնի ավելացման հարցը: Այդ մասին այսօր` փետրվարի 7-ին, լրագրողներին հայտարարել է Երեւանում գտնվող «Ռուսատոմ» ռուսական պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն` պատասխանելով NEWS.am–ի թղթակցի հարցին: Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, որ ռուսական կողմը պատրաստ է ապահովել 20-ից 25 տոկոս ֆինանսավորում նոր էներգաբլոկի շինարարության համար: «Այո, մենք իսկապես նախնական նշել ենք, որ պատրաստ ենք 20-ից 25 տոկոս ներդնել, հնարավոր է քննարկենք նաեւ ավելի մեծ ծավալի ներդրում ունենալու հարցը: Իմ համոզմամբ, այդ կայանի վերահսկողությունը պետք է գտնվի Հայաստանի կառավարության ձեռքում: Հետեւաբար, 50 տոկոս + 1 բաժնետոմսերը պետք է գտնվեն կառավարության ձեռքում: Մենք կարող ենք քննարկել ավելի մեծ ծավալով ներդրումներ կատարելու հարցը»,-հայտարարել է Կիրիենկոն: Խոսելով շինարարության ժամկետների մասին, «Ռոսատոմի» ղեկավարը հիշեցրել է, որ նոր կայանի շինարարությունը պետք է ավարտին հասցվի 2020-ին: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը հրապարել էր Մեծամորի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի բնապահպանական ազդեցության գնահատականը: Նախագծի տեխնիկական եւ տնտեսական հիմնավորումը, շինարարության նախահաշիվը վարում է ավստրալական Worley Parsons-ը: Նոր էներգաբլոկը կլինի գործող ԱԷԿ-ի տարածքում, Երեւանից 32 կմ արեւմուտք:

No comments: