1in.am. 7-2-2012- Շաբաթ օրը ավարտվեց Մյունխենի՝ անվտանգության հարցերով 48-րդ համաժողովը, որին մասնակցում էին մոտ յոթ տասնյակ երկրների ղեկավարներ ու բարձրաստիճան ներկայացուցիչներ` ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլիթընը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն ու ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին էշթընը…
Խորհրդաժողովին քննարկումներ են ծավալվել աշխարհում տեղի ունեցող գործընթացների, էներգետիկ անվտանգության, միջազգային անվտանգության վրա ֆինանսական ճգնաժամի ազդեցության, միջուկային զենքի չտարածման և միջազգային հանրությանը հուզող այլ խնդիրների վերաբերյալ:
Կարծես ավանդույթ է դառնում միջազգային հեղինակավոր համաժողովները` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովը, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Հայաստանի կողմից բոյկոտելը: Իսկ եթե մասնակցում էլ ենք, ապա առանց որևէ նշանակալի ելույթի, և դրսևորվում է կուլիսային հանդիպումների աղքատիկություն: Այսպես, ՀՀ ԱԳ նախարարը Մյունխենում հանդիպել է Եգիպտոսի ԱԳ նախարար Մոհամեդ Քամլ Ամրի հետ, Սերբիայի ԱԳ նախարար Վուկ Յերեմիչի հետ: Նշանակալի միակ հանդիպումը տեղի է ունեցել շաբաթ օրը` ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընի հետ: Վերջինս նշել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով, նկատել է, որ ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, շարունակելու է իր լիակատար աջակցությունը հակամարտության կողմերի միջև համաձայնությունների ձեռքբերմանը և հիմնախնդրի հանգուցալուծմանը:
Ալիևը փոխել է Կովկասի, իսկ այժմ փոխում է Եվրոպայի էներգետիկ քարտեզները
Փետրվարի 4-ին Մյունխենում Իլհամ Ալիևը ևս հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Քլինթընի հետ: Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների հարաբերությունների զարգացման ընթացքի վերաբերյալ, Քլինթընը բարձր է գնահատել Ադրբեջանի գործունեությունը և մասնակցությունն Աֆղանստանում խաղաղություն հաստատելու հարցում, ինչպես նաև քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների, ԼՂ խնդիրները: Ադրբեջանի նախագահը Մյունխենում հանդիպել է Ավստրալիայի ԱԳ նախարար Քեվին Ռադի, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկի Թուոմիոյայի, Սերբիայի ԱԳ նախարար Վուկ Յերեմիչի հետ:
Ադրբեջանի նախագահը Մյունխենյան համաժողովի` «Էներգետիկա, ռեսուրսներ և շրջակա միջավայր» թեմայով քննարկման շրջանակներում ելույթ է ունեցել, այնուհետև պատասխանել է քննարկման մասնակիցների հարցերին: Միջոցառումը վարել է Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը, դրան մասնակցել են ԵՄ էներգետիկ հարցերով հանձնակատար Գյունտեր Օթինգերը, «Ալյանսի» ղեկավար Մայքլ Դիկմանը, Greenpeace-ի գործադիր տնօրեն Կումի Նայդուն, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Իր ելույթում Ալիևը նշել է, որ 1990-ականներից իրականացվող ծրագրերը նկատելիորեն փոխել են Կովկասի և Կասպյան տարածաշրջանի էներգետիկ քարտեզը և փոխում են Եվրոպայի էներգետիկ քարտեզը: Այնուհետև նա շեշտել է, որ աշխատանքներ են տարվում ավելի լայն էներգետիկ միջանցքների կառուցման ուղղությամբ, ներկայացրել է երկրի նավթային և գազային պաշարները, ստացված եկամուտները, իր լավատեսությունն է հայտնել Հարավային գազային միջանցքի ապագայի մասով:
Նա հիշատակել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված գազի տարանցման համաձայնագիրը, այն «մեծ պատուհան» անվանելով դեպի Եվրոպա ադրբեջանական գազի տարանցման գործում: Ադրբեջանի նախագահը վստահեցրել է, որ իր երկիրը այսուհետև նույնպես պետք է ակտիվորեն մասնակցի իր գործընկերների էներգետիկ անվտանգության ապահովմանը. «Ներկա դրությամբ աշխարհում էներգետիկ անվտանգությունը դարձել է ազգային անվտանգության հարց»,- նշել է նա:
Վրաստանը դրական օրինակ` ժողովրդավարության զարգացման ճանապարհինԴիտարկենք Հայաստանի մյուս հարևան երկրի նախագահի փետրվարյան օրակարգը: Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մինչև Մյունխեն ժամանելը պաշտոնական այցով ԱՄՆ-ում էր: Նրա այցի օրակարգը իսկապես խիստ տպավորիչ էր: Վրաստանի նախագահը ելույթ է ունեցել ԱՄՆ ռազմածովային ակադեմիայում, ԱՄՆ Ջորջթաունի համալսարանում, ԱՄՆ խաղաղության ինստիտուտում, հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում, հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի հետ, ԱՄՆ պետքարտուղարի, իսկ ավելի վաղ` ԱՄՆ նախագահի հետ: Ինչ վերաբերում է Մյունխենի՝ անվտանգության հարցերով 48-րդ համաժողովին, ապա այստեղ Վրաստանի նախագահը հանդիպել է մի շարք երկրների առաջնորդների հետ:
Մյունխենյան համաժողովի իր ելույթում Վրաստանի նախագահը մասնակիցների ուշադրությունն է հրավիրել ժողովրդավարական բարեփոխումների վրա, որոնք իրականացվել են Վրաստանում «Վարդերի հեղափոխությունից» հետո: «Հաջողության հասնելու համար բարեփոխումների ճանապարհին հարկավոր է ժողովրդի մասնակցությունը... Կարևորն այն է, որ մենք հասկացանք, որ պայքարը չի ավարտվում»: Սաակաշվիլին կարծում է, որ միայն միասնական սկզբունքային մոտեցման պարագայում կառավարությունն ու հասարակությունը կհաջողեն: Վրաստանի նախագահը նաև կարծում է, որ երկրի բոլոր ոլորտների և համակարգերի բարեփոխումները պետք է համապարփակ լինեն:
Վրաստանի փոխարտգործնախարար Թորնիկե Գորգաձեն, ամփոփելով Վրաստանի նախագահի մյունխենյան այցը, նշել է, թե շատ կարևոր է, որ Վրաստանը համաժողովում դիտարկվում է ոչ միայն անվտանգության համատեքստում, այլև որպես մի երկիր, որը դրական օրինակ է ծառայում այն երկրներին, որոնք կանգնած են ժողովրդավարության զարգացման ճանապարհին:
Wednesday, February 8, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment