«Լրագիր» 13-2-2012- Հայաստանում առաջին ընթերցմամբ ընդունվել է արտակարգ իրվաիճակների մասին օրենքը, համաձայն որի, որոշ դեպքերում իշխանությունը կարող է ներքին գործերում օգտագործել բանակը: Այդ օրերին «պատահաբար» Հայաստանում էր գտնվում ռուսական ԱԻՆ ղեկավարի տեղակալը, ով հայ գործընկերների հետ քննարկել է համատեղ կրթական կենտրոն ստեղծելու հարցը, իսկ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը պայմանավորվել է ռազմական համագործակցության ընդլայնման շուրջ: Նույն «պատահականությամբ» անցյալ տարվա աշնանն ընդունվել են համաձայնագրեր, համաձայն որոնց, ՀԱՊԿ շրջանակներում երկրներին հնարավոր է օգնություն ցույց տրվի արտակարգ դրությունները հաղթահարելու համար:
Այս բոլոր իրադարձությունները, իհարկե, կարող են կապված չլինել միմյանց հետ, եւ Հայաստանում արտակարգ դրության մասին օրենքը կարող է ՀԱՊԿ հետ կապ չունենալ: Սակայն, նման օրենքի ընդունումը կարող է բարենպաստ հող ծառայել ՀԱՊԿ կողմից «օգնության» համար, եթե հանկարծ Հայաստանում ընտրություններից հետո արտակարգ դրություն հայտարարվի եւ թույլատրվի բանակային ուժերի օգտագործումը:
Հիշեցնենք նաեւ, որ ՀԱՊԿ-ը «պարզեցրել է» օգնության գործընթացը: Եթե մինչ այժմ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել անդամ-պետությունների ներքին գործերին, եթե անդամները դեմ լինեին, ապա ներկայում ՀԱՊԿ այս կամ այն երկիր կարող են ուղարկվել այն երկրների զինված ուժերը, որոնք նման ցանկություն կհայտնեն: Այլ խոսքով, եթե Հայաստանում ընտրություններից հետո ռազմական դրություն հայտարարվի, Ռուսաստանը, նույնիսկ չհարցնելով ԱՊՀ այլ երկրների կարծիքը, կարող է օգնության «շտապել»:
Փորձագետներն օրենքը հակասահմանադրական են համարում այն պատճառով, որ, համաձայն Սահմանադրության, բանակը չի կարող միջամտել պետության ներքին գործերին: Բանակը ստեղծվում է արտաքին թշնամիներից պաշտպանելու համար, իսկ ներքին կարգը պահելու համար գոյություն ունեն այս զորքեր՝ ոստիկանության, ազգային անվտանգության եւ այլն: Սակայն բանակը Հայաստանում ներքաղաքական գործընթացների մաս է համարվում: Քիչ է, որ զինծառայողների ձայները մասամբ դառնում են ընտրություններին իշխանության պահպանության գրավական, բանակը նաեւ կարող է վախեցնելու եւ նույնիսկ բողոքի տրամադրությունները ճնշելու միջոց դառնալ:
Հատկանշական է, որ արտակարգ դրության մասին օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ, քվեարկության ընթացակարգի խախտմամբ: Իշխող կուսակցությունը չի կարողացել քվորում ապահովել եւ ստիպված է եղել խախտել ընթացակարգը: ՀՀԿ պատգամավորները քվեարկել են իրենց մյուս գործընկերների փոխարեն: Անօրինական քվեարկության պատմությունը հասարակության սեփականությունն է դարձել, սակայն դա պատճառ չի հանդիսացել քվեարկության արդյունքը չեղյալ հայտարարելու համար:
Այն, որ իշխող կուսակցությունը չի վախեցել նույնիսկ ընտրությունների նախօրեին սկանդալից, խոսում է այն մասին, որ արտակարգ դրության մասին օրենքը շատ կարեւոր է իր համար: Կամ իշխող կուսակցությունը «արդար ընտրություններից» եւ հետընտրական իրադարձություններից երաշխավորվելու այլ ճանապարհ չի տեսնում, բացի բանակից, կամ էլ նրան ստիպում են ընդունել այդ օրենքը: Ի վերջո, Մոսկվան կցանկանար փորձարկել ՀԱՊԿ զորքերը «արտակարգ իրավիճակում» եւ ցույց տալ, որ վերջապես այդ զորքերը գոյություն ունեն ոչ միայն զորավարժությունների համար, այլ իրենցից իրական ուժ են ներկայացնում:
Այդ իրավիճակում շատ կարեւոր է բանակի ղեկավարության դիրքորոշումը: Եթե այն իշխանության մրցակիցներին վերաբերվի որպես ժողովրդի թշնամի, որի հետ պետք է զենքի ուժով պայքարել, ապա բանակն անպայման մասնակցություն կունենա հետընտրական իրադարձություններին առանց այդ օրենքի էլ: Սակայն, եթե բանակի ղեկավարությունը հաշվի առնի Սահմանադրությունը եւ ներկայիս իշխանությանը չվերաբերվի որպես հաստատունի, այն պետք է օրենքի ընդունման գլխավոր հակառակորդը դառնա:
Նաիրա Հայրումյան
Monday, February 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment