Tuesday, February 7, 2012

Հայաստանի «պոչամբարային թասիբը»

«Լրագիր» 7-2-2012- Հայաստանը կարծես թե կամաց-կամաց մոտենում է “գյուղացի Համբոյի” հոգեվիճակին, երբ տունը կռիվ է ընկնում “քաղաք”, տվյալ պարագայում Եվրատեսիլ գնալու համար: Բայց, կռիվը ոչ թե գնալ-չգնալն է, այլ թե ում տանել, “Համբոյի” որ մի որդուն: Ինչպես հայտնի է շատերին, Եվրատեսիլ 2012-ը կայանալու է Բաքվում, քանի որ նախորդ Եվրատեսիլին հաղթել էր Ադրբեջանը: Թվում էր, որ դրանից հետո Հայաստանին այլ բան չէր մնում, քան անմիջապես հայտարարել, որ Հայաստանի մասնակիցը չի մեկնի Բաքու, քանի որ այդ քաղաքում բուռն ծաղկում է ապրում հայատյացությունը, ընդ որում՝ պաշտոնական մակարդակով: Սակայն, Հայաստանը ոչ միայն չհայտարարեց այդ մասին, այլ ներկայում արդեն սկսում է քննարկել, թե ում է պետք Բաքու ուղարկել: Կան երգիչներ, որ արդեն իրենք են հայտնում Բաքու գնալու ցանկություն, դա պայմանավորելով “թասիբի”, ազգային արժանապատվության խնդրով: Ի դեպ, նրանց մեջ էլ կան երգիչներ, որոնք ռոք երաժիշտ են համարվում: Եթե մտածում են “թասիբի” մասին, ապա գոնե ռոքի “թասիբը” պահեն ու այն չխառնեն եվրատեսիլյան փոփ-հրավառությանը: Հայաստանը հայտնել է նաեւ իր պաշտոնական կարծիքը՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարել է, որ Հայաստանի ներկայացուցիչը պետք է գնա Բաքու, եւ դա օգուտ կլինի Հայաստանի համար: Դժվար է տեղավորվել մշակույթի նախարարի մտածողության խորապատկերում եւ երեւակայել, թե ինչ օգուտ է լինելու դա Հայաստանի համար: Բայց, միգուցե նախարարը նկատի ունի այն, որ գնալուց վնաս չկա: Դե, ներկայում եթե Հայաստանի համար մի բանը վնաս չէ, դա արդեն օգուտ է: Եվ այդ օգուտի հեռանկարով էլ Հայաստանը գնում է Բաքվի Եվրատեսիլին մասնակցելու: Ըստ երեւույթին արժե, որ մասնակիցը եւ հայկական պատվիրակության ղեկավարը որոշ օգտակար տեղեկություններ փորձեն ստանալ տավուշցի Արթուր Բադալյանից: Նրան ադրբեջանցիները Հայաստանի սահմանից էին գողացել, եւ որը մի քանի ամիս առաջ է վերադարձել ադրբեջանական գերությունից, որի ընթացքում եղել է նաեւ Բաքվում, որտեղ անցկացրած օրերը հիշում է սարսափով: Արթուր Բադալյանը ներկայում հոգեբանական շատ ծանր վիճակում է, եւ միգուցե նա մի քիչ կցրվի Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության այցից եւ նաեւ սիրով կփորձի օգնել Բաքվում երգելու վեհ առաքելությունն իրականացնող “երգապարտների գումարտակին”: Միգուցե Արթուր Բադալյանը Բաքվի մասին մի քանի “օգտակար” տեղեկություն կհաղորդի Եվրատեսիլի հայկական պատվիրակությանը, որպեսզի պատվիրակությունն իրեն զգա ինչպես տանը: Դե, անծանոթ քաղաք է, միշտ էլ ցանկալի է անծանոթ քաղաքներ մեկնել նախապես հնարավորինս տեղեկացված, իսկ Արթուր Բադալյանն էլ կարծես թե Բաքվից ամենանորերս վերադարձած հայաստանցին է, որից կարող է ինֆորմացվել Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակությունը: Իհարկե, շատերին դա զավեշտալի կթվա, բայց իզուր: Ամենեւին զավեշտալի չէ, երբ մի քանի ամիս առաջ Բաքվից վերադարձել է անմարդկային կտտանքների եւ խոշտանգումների ենթարկված հայրենակիցդ, իսկ նրանից հետո դու գնում ես Բաքվի բեմում երգել-պարելու, ընդ որում պետական մակարդակով հայտարարելով, որ դա օգուտ է Հայաստանին: Դա զավեշտալի չէ, այլ Հայաստանը արժանապատվության “պոչամբարի” վերածած մարդկային, պետական եւ ազգային ողբերգությունների մի ծանր խառնուրդ: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: