Tuesday, February 7, 2012

Թուրք նախարար. «Եթե նորից գնամ Շվեյցարիա, էլի եմ ասելու, որ Ցեղասպանություն չի եղել»

Panorama.am. 7-2-2012- Թուրքիայի եվրաանդամագրման հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշն արձագանքել է իր դեմ Ցյուրիխի դատախազության սկսած հետաքննության փաստին: Ըստ «CnnTurk» լրատվական ծառայության` թուրք նախարարը Բրյուսել մեկնելուց առաջ օդանավակայանում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը պաշտոնական որևէ ծանուցում չի ստացել այդ մասին և լրատվամիջոցներից է միայն տեղեկացել հետաքննության մասին: «Ցյուրիխի դատախազությունը իմ հնչեցրած հայտարարությունը ուսումնասիրելու վրա թող իզուր ժամանակ չվատնի,- ասել է Բաղըշը: - Ես Թուրքիայից կօգնեմ իրենց: Ցյուրիխում ասել եմ, որ 1915-ին տեղի ունեցածը ցեղասպանություն չէ: Այսօր էլ եմ նույն նախադասությունը կրկնում: Այժմվանից տեղյակ եմ պահում, որ այսուհետև, եթե նորից այցելեմ Շվեյցարիա, կրկնելու եմ նույն այդ նախադասությունը»: Վերջինս նաև նշել է, թե Թուրքիայի նախարարին ձերբակալելու ընդունակ որևէ ուժ չկա, և Անկարան շատ հանգիստ է վերաբերվում նման իրավիճակներին, քանի որ ունի արխիվ, որը կարող է հարկ եղած դեպքում ի ցույց դնել: Ըստ աղբյուրի, Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրօղլուն Անկարայում Շվեյցարիայի նախարար Ռայմունդ Քունզուին կանչել է նախարարություն և Բաղըշի նկատմամբ հետաքննություն սկսելու վերաբերյալ բացատրություն պահանջել: Սինիրօղլուն Քունզուին այս հարցի վերաբերյալ հայտնել է Անկարայի դիրքորոշումն ու տեղեկացրել, որ դա իրենց համար անընդունելի է: Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն էլ ասել է. «Միթե՞ որևէ երկրի որևէ նախարար չի կարող հայտնել իր կարծիքը: Սա աբսուրդ է: Սա մտքի և խոսքի ազատությանը, գիտական հետազոտության ազատությանը հակասող մի բան է: Սա ցույց է տալիս է , թե այնտեղ ինչքան թույլ է օրինապաշտ պետության ընկալումը, ժողովրդավարության հասկացությունը: Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) փոխնախագահ Օմեր Չոլիքը Բաղըշի նկատմամբ հետաքննություն սկսելը նմանեցրել է ինկվիզիցիայի ժամանակշրջանի հետ: Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Ցյուրիխ այցելած Էգեմեն Բաղըշը Հայոց ցեղասպանությունը ժխտող հրապարակային հայտարարություն էր արել: Հայկական համայնքի ներկայացուցիչների բողոքի հիման վրա Ցյուրիխի դատախազությունում հետաքննության վարույթ է սկսվել, որի արդյունքում հնարավոր է Էգեմեն Բաղըշի դեմ մեղադրանք ներկայացվի ռասսայական խտրականության մասին Շվեյցրարիայի ՔՕ 261 հոդվածի հատկանիշներով: Ավելի վաղ` 2007-ին, շվեյցարական դատարանը Հայոց ցեղասպանության եղելությունը ժխտելու համար դատավճիռ էր կայացրել Թուրքիայի «Աշխատավորական կուսակցության» նախագահ Դողու Փերինչեքի նկատմամբ։ Վերջինիս համար դատարանը սահմանել էր 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի և 2.5 հազար դոլար տուգանքի պատժաչափ:

No comments: