Wednesday, February 29, 2012

Էրդողանը հերթական անգամ բարբաջել է

Tert.am. 28-2-2012- Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի մոռանալու և թույլ չի տալու, որ այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությունը» մոռացվի: «Անցած կիրակի Թուրքիայում Խոջալուի ցեղասպանության առնչությամբ մի շարք միջոցառումներ անցկացվեցին, և դրանով մենք մեր բողոքն արտահայտեցինք Խոջալուի ցեղասպանության դեմ: Թուրքիան չի մոռանալու Խոջալուի ցեղասպանությունը և թույլ չի տալու, որպեսզի այն մոռացվի: Մենք, ինչպես միշտ, աջակցելու ենք Ադրբեջանին այդ հարցում»,-թուրքական TRT Haber հեռուստաալքի հաղորդմամբ` ասել է Էրդողանը: Թուրքիայի վարչապետը հավելել է, թե Ադրբեջանի ժողովուրդը պետք է իմանա, որ թուրք ժողովուրդը միշտ սգալու է «Խոջալուում սպանված անմեղ ադրբեջանցիների համար»: Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Թաքսիմ հրապարակում փետրվարի 26-ին այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» 20-ամյա տարելիցին նվիրված ակցիա տեղի ունեցավ, որին, տարբեր տվյալներով, մինչև 100 000 մարդ էր մասնակացել: Անդրադառնալով այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությանը»` նշենք, որ դեպքերն իրականում այլ կերպ են զարգացել և այլ վայրում. 1991թ. գարնանից սկսած ադրբեջանցի ՕՄՕՆ-ականները հարձակումներ և հրետակոծություններ են իրականացնել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի վրա: Հաշվի առնելով այդ հանգամանքը` 1992թ. փետրվարի 25-26-ը ռազմական գործողություն է կազմակերպվել Խոջալուում գտնվող կրակակետերը վնասազերծելու նպատակով: Խոջալուն գրոհած ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը, նախօրոք զգուշացնելով ադրբեջանական կողմին, խաղաղ բնակիչներին միջանցք են տրամադրել` ռազմական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու համար: Ադրբեջանի իշխանությունները, սակայն, ոչինչ չեն ձեռնարկել խաղաղ բնակչությանը ռազմական գործողությունների գոտուց տարհանելու համար: Ավելին, խաղաղ բնակիչների շարասյունը գնդակահարվել էր Աղդամի շրջանի սահմանի մատույցներում, որն ավելի ուշ հաստատել էր Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովը` այս հանցագործությունը կապելով իրեն իշխանությունից հեռացնելու ընդդիմության փորձերի հետ և ողջ պատասխանատվությունը նրանց վրա դնելով: Իսկ այն տարածքները, որտեղ հետագայում նկարահանվել են սպանվածների մարմիններ պատկերող կադրերը, իրականում գտնվում են Աղդամից երեք կիլոմետր և Խոջալուից 11 կիլոմետր հեռավորության վրա:

No comments: