Tuesday, February 14, 2012

Ադրբեջանցի փորձագետ. Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները հասել են ճգնաժամային կետին

Panorama.am. 14-2-2012- «Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները հասել են ճգնաժամային կետին»: Այդ մասին «Դոյչե Վելլե» լրատվական գործակալության իրանական ծառայությանը տված հարցազրույցում` նշել է արդբեջանցի փորձագետ Դալղա Խաթինօղլուն: Ադրբեջանցի փորձագետը, անդրադառնալով իրանա-ադրբեջանական հարաբերություններին, նշել է. «Երկու երկրների քաղաքական հարաբերությունները միշտ էլ ուղեկցվել են վայրիվերումներով և արդեն երկար ժամանակ է, ինչ դրանք գտնվում են ճգնաժամային կետում»: Հիշեցնենք, որ երեկ Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ, մասնավորապես, նշվում էր. «Իրանցի գիտնականների նկատմամբ կատարված ահաբեկչության հետ կապ ունեցող մի քանի ահաբեկիչների` Թել Ավիվ ուղևորվելու նպատակով Ադրբեջանում նրանց ունեցած ազատ տեղաշարժի կապակցությամբ` ԻԻՀ-ում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը կանչվել ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել իրանական կողմի բողոքի նոտան»: Իրանական « արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ էլ` ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Հոսեյն Էբրահիմին, անդրադառնալով Թեհրանում հավատարմագրված ադրբեջանցի դիվանագետի` Բաքվում անցկացվելիք «գեյ-շքերթի» մասին հայտնած տեսակետին, նշել էր. «Մեջլիսը վերոնշյալ խնդրի հանդեպ անտարբեր չի մնալու, ես` որպես Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ, հետամուտ եմ լինելու, որպեսզի արտաքին գործերի նախարարությունը քննի այդ հարցը, և եթե պարզվեց, որ նա համասեռամոլ է, ապա առաջին իսկ առիթի դեպքում ադրբեջանցի դիվանագետը պետք է վտարվի երկրից»:

No comments: