Saturday, February 18, 2012

Մեծ Բրիտանիա՝ Կասպից ծովի դիրիժոր

Ադրբեջանցի քաղաքական գործիչները մեղադրել են Մեծ Բրիտանիային Կասպից ծովում եւ ողջ քաղաքական սպեկտրով իրանա-ադրբեջանական առճակատում կազմակերպելու մեջ: Սակայն տվյալ գնահատականները շատ արագ հանվել են ադրբեջանական լրատվամիջոցներից: Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (Լոնդոն) գնահատականներով, Մեծ Բրիտանիան դրական դեր է խաղացել Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում, նախեւառաջ Կասպից ծովի բաժանման եւ կարգավորման ռեժիմի հարցում: «Բրիթիշ պետրոլիումը» քիչ ջանքեր չի գործադրել, որպեսզի համոզի ադրբեջանական ղեկավարությանը կարգավորել եւ միաժամանակ ապաքաղաքականացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այդ ջանքերը, իհարկե, բրիտանացի դիվանագետներն են գործադրել, սակայն այդ մշակումները մեծ չափով իրականացվել են առաջատար բրիտանական նավթային ընկերության կողմից: Անկասկած, Մեծ Բրիտանիան կտրականապես շահագրգռված չէ Ադրբեջանի եւ Ռուսաստանի գերազանցապես տնտեսական հարաբերությունների զարգացմամբ, սակայն ձգտում էր Կասպից ծովում իրավիճակի ապաքաղաքականացման: Միաժամանակ, դա հանգեցրել է Իրանի լրացուցիչ մեկուսացմանը, Կասպից ծովում Իրանի տնտեսական գործունեության համար անբարենպաստ պայմանների ստեղծմանը: Իրանցիները չեն կասկածում, որ Մեծ Բրիտանիան փորձում է «դիրիժորի» դեր խաղալ Կասպյան ավազանում, սակայն ստիպված է չտարածել այդ հանգամանքը լրատվամիջոցներում: Մեծ Բրիտանիան քաղաքական ռեսուրսների չի տիրապետում Կասպյան ավազանում ուղղակի քաղաքական եւ ռազմաքաղաքական էքսպանսիա իրականացնելու համար, այդ պատճառով բրիտանական քաղաքականությունը ստիպված է տարածաշրջանում հավասարակշռումների եւ հակակշիռների բարդ սխեմա կառուցել իր ներկայությունը տնտեսական եւ քաղաքական ոլորտներում պահանջված դարձնելու համար: Մասնավորապես, Մեծ Բրիտանիան փորձում է առաջատար դիրքեր զբաղեցնել տարածաշրջանային տեղական հակամարտությունների «կարգավորման» խորհրդարտվության ոլորտում, փորձում է աշխատել տեղական վերնախավերի հետ (նախեւառաջ Ադրբեջանում, Վրաստանում եւ Ղազախստանում): Տարածաշրջանում Մեծ Բրիտանիայի տվյալ բարդ, բազմակողմ աշխատանքում, այնուամենայնիվ, հասարակության մոտ տպավորություն է ստեղծվում, որ բրիտանական քաղաքականությունը հույժ պասիվ է, ինչը նախատեսում է բրիտանական քաղաքական ոճը: Լոնդոնում բացարձակապես վստահ չեն Կասպից ծովի եւ Առաջավոր Ասիայի տարածաշրջաններում գազային հիմնական նախագծերից ոչ մեկի հարցում: Դա հաստատում են նաեւ Լոնդոնի փորձագետների գնահատականները: Թերեւս, դրա հետ է կապված նաեւ այն, որ բրիտանական քաղաքականությունը Կասպյան տարածաշրջանում ամենեւին էլ ակտիվ չէ, որքան որ նախկինում էր: Դա տարածաշրջանում նոր իրողություններ է պայմանավորում, այդ թվում, ռազմական գործողությունների մասով զսպող գործոնի բացակայությունը: Մեծ Բրիտանիան բավական վստահ է, որ Կասպից ծովում եւ Կովկասում ռազմական հակամարտություններ տեղի չեն ունենա, եւ չի ձգտում լրացուցիչ ջանքեր գործադրել: Սակայն, եթե նախկինում Մեծ Բրիտանիան իրավիճակի լարվածության նվազման դիրքում էր, ապա ներկայում դեմ չի լինի տարածաշրջանում դիմակայության ուժեղացման սցենարներին, ընդ որում՝ ամենեւին էլ ոչ «փոքր» հարավկովկասյան հակամարտությունների, այլ Ռուսաստանի եւ Իրանի նկատմամբ, որոնց վրա պետք է բոլոր ուղղություններով խիստ ճնշում գործադրել: Իգոր Մուրադյան

No comments: