Sunday, February 26, 2012

Թուրքիայի արդարադատության նախարարը Դինքի գործով նոր դատավարության մասին է ակնարկել

Tert.am. 25-2-2012- Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը ակնարկել է,որ Հրանտ Դինքի սպանության գործով կարող է նոր դատավարության սկսվել, հաղորդում է «Հյուրիեթը»: Էրգինի խոսքով` նոր դատավարություն կարող է սկսվել, եթե նոր մանրամասներ ի հայտ գան: Նրանից առաջ Դինքի գործով նոր դատավարության անհրաժեշտության մասին խոսել էր նաև Թուրքիայի Պետական վերահսկիչ խորհուրդը (ՊՎԽ) իր 649 էջանոց զեկույցում: Երկրի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը, սակայն, սուր քննադատության է ենթարկել այդ գաղափարը` պնդելով, թե բավականաչափ ապացույցներ չկան, թե Դինքի սպանությունը կազմակերպված է եղել: Նա մասնավորապես ասել է, թե իր կարծիքով, դատարանի նոր որոշումը չի կարող «նոր մոմ վառել` վերջ տալու խավարին», իսկ բուն զեկույցը բնութագրել էր իբրև «մթին քող` խավարի վրա»: Ինքը` «Հյուրիեթը», ևս մեկ անգամ նշում է, որ ըստ Պետական վերահսկիչ խորհրդի զեկույցի` Դինքի դատավարության ժամանակ թույլ է տրվել անփութություն և եղել են բացթողումներ: Մասնավորապես նշվում է, որ Տրապիզոնի Ոստիկանությունը Ստամբուլի Ոստիկանության բաժնին տեղյակ է պահել նախապատրաստվող սպանության մասին` դեռևս 2006-ի փետրվարի 15-ին` Դինքի սպանությունից մոտ մեկ տարի առաջ: Սակայն Ստամբուլում այս տվյալները պազրապես արհամարհել են: Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն անձամբ էր ՊՎԽ-ին հանձնարարել զբաղվելու Դինքի դատավարության ուսումնասիրությամբ, այն բանից հետո երբ Դինքի ընտանիքը դժգոհություն էր հայտնել դատավարության անցկացման կարգից:

No comments: