Tert.am–ի հետ զրույցում մեկնաբանելով Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի (ՍԽ) կողմից երեկ ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականցնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը՝ թուրքագետ Արտակ Շաքարյանը նշեց. «Խնդիրն այն է, որ Սարկոզին չոր է դուրս գալիս խաղից։ Սրանով նա ցույց տվեց, որ ինքը գնաց մինչև վերջ, բայց կապ չուներ ՍԽ–ի ընդունած որոշման հետ»։
Թուրքագետի կարծիքով՝ ՍԽ–ի ընդունած որոշումը հաշվարկելի չէր, քանի որ դա կապված էր ընդամենը խորհրդի մի քանի անդամների հետ, որոնք քաղաքական առումով ընտրական և հասարակական տրամադրություններից կտրված էին։ «Թեև Ֆրանսիան նախագահական երկիր է, և մենք գիտենք, որ Նիկոլա Սարկոզին կարող էր ազդել այդ որոշման վրա»,– հավելեց նա։
Շարունակելով՝ Շաքարյանն ընդգծեց. «Թեև հիմա ասում են, որ այդ որոշումից թուրքերը չարախնդում են, սակայն ՍԽ–ի որոշումն ընդամենը մի քանի հոգուց էր կախված և այդտեղ չարախնդալու բան չկա»։ Ինչ վերաբերում է նախագիծը վերամշակելու մասին Սարկոզիի հայտարարությանը՝ թուրքագետը նշեց, թե դա զուտ քաղաքական քայլ է, քանի որ ընտրություններից առաջ Ֆրանսիայի խորհրդարանն արձակուրդ է գnալու և մինչ այդ որևէ նախագիծ վերամշակել ուղղակի հնարավոր չի լինի։
«Սա չի նշանակում, որ Ֆրանսիան չի ընդունում Հայոց ցեղասպանությունը, սա պարզապես նշանակում է, որ իրենք դեմ են կոնկրետ տվյալ օրինագծին»,– շեշտեց Շաքարյանը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ին ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունել էր ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում): Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում և 45.000 եվրո տուգանք էր սպառնում։
Wednesday, February 29, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment