Tert.am. 29-2-2012- Թուրքիայի` Եվրամիության հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը, անդրադառնալով Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի` ցեղասպանությունների ժխտումը քրեականցնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու մասին վճռին, ասել է, թե այդ որշումը «Ֆրանսիայի վրայից մաքրեց սև բիծը»:
«Պատմության ընթացքում ձևավորված ֆրանս-թուրքական հարաբերությունները ևս մեկ փորձության դիմագրավեցին, և մենք հուսով ենք, որ մեր հարաբերություններում այլևս նման խնդիրներ չեն լինի: Կարծում եմ, որ Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի որոշումը դաս եղավ այն ֆրանսիացի քաղաքական գործիչների համար, որոնք փորձում են դիվիդենդներ շահել պատմությունից»,-հայտարարել է Բաղըշը:
Եվրամիության հարցերով պետնախարարը հավելել է, թե քաղաքական գործիչները պետք է իրենց գործով զբաղվեն, այլ ոչ պատմությամբ: «Վերջին շրջանում մենք ականտես ենք լինում, թե քաղաքական գործիչներն ինչպես են պատմությամբ զբաղվում: Յուրաքանչյուրը պետք է իր գործով զբաղվի: Քաղաքական գործիչների գործը քի՞չ է, որ նրանք սկսել են նաև պատմությամբ զբաղվել: Այս առնչությամբ ես ֆրանսիացի քաղաքական գործիչներին խորհուրդ կտամ զբաղվել իրենց երկրի խնդիրներով, այլ ոչ պատմությամբ»,-նշել է թուրք պաշտոնյան:
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը երեկ հակասահմանադրական ճանաչեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը` պատճառաբանելով, որ այն հակասում է խոսքի ազատության իրավունքին:
Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ին ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունել էր ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում): Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում և 45.000 եվրո տուգանք էր սպառնում։
Հավելենք, որ երեկ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կառավարությանը հանձնարարել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագծի տեքստ պատրաստել:
Wednesday, February 29, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment