Monday, February 27, 2012

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում տեղի ունեցած ակցիային մասնակցել է նաև Մեթյու Բրայզան

Tert.am. 27-2-2012- Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Թաքսիմ հրապարակում այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» 20-ամյա տարելիցին նվիրված ակցիային մասնակցել է նաև Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Anpress.com կայքը, երեկ տեղի ունեցած ակցիայի մասնակիցների թվում են եղել նաև ադրբեջանցի ձեռնարկատեր Մուբարիզ Մանսիմովը, Ադրբեջանի խորհրդարանի պատգմավորներ և այլք: Տարբեր տվյալներով ակցիային մինչև 100 000 մարդ է մասնակացել: Անդրադառնալով այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությանը»` նշենք, որ դեպքերն իրականում այլ կերպ են զարգացել. 1991թ. գարնանից սկսած ադրբեջանցի ՕՄՕՆ-ականները հարձակումներ և հրետակոծություններ են իրականացնել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի վրա: Հաշվի առնելով այդ հանգամանքը` 1992թ. փետրվարի 25-26-ը ռազմական գործողություն է կազմակերպվել Խոջալուում գտնվող կրակակետերը վնասազերծելու նպատակով: Խոջալուն գրոհած ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը, նախօրոք զգուշացնելով ադրբեջանական կողմին, խաղաղ բնակիչներին միջանցք են տրամադրել` ռազմական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու համար: Ադրբեջանի իշխանությունները, սակայն, ոչինչ չեն ձեռնարկել խաղաղ բնակչությանը ռազմական գործողությունների գոտուց տարհանելու համար: Ավելին, խաղաղ բնակիչների շարասյունը գնդակահարվել էր Աղդամի շրջանի սահմանի մատույցներում, որն ավելի ուշ հաստատել էր Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովը` այս հանցագործությունը կապելով իրեն իշխանությունից հեռացնելու ընդդիմության փորձերի հետ և ողջ պատասխանատվությունը նրանց վրա դնելով: Իսկ այն տարածքները, որտեղ հետագայում նկարահանվել են սպանվածների մարմիններ պատկերող կադրերը, իրականում գտնվում են Աղդամից երեք կիլոմետր և Խոջալուից 11 կիլոմետր հեռավորության վրա: Հավելենք միայն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Բրայզային հենց ամերիկացի սենատորները բազմիցս մեղադրել են ղարաբաղյան հարցի լուծման գործում ունեցած կողմնակալ դիրքորոշման մեջ:

No comments: