Friday, February 24, 2012

Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի անդամների մեծ մասը դեմ է Հայկական օրինագծին. Հիլդա Չոբոյան

Սահմանադրական խորհրդի կարևոր մեծամասնությունը ժխտողական վերաբերմունք ունի Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի եվրոպական գրասենյակի ղեկավար Հիլդա Չոբոյանը`խոսելով Ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագծի շուրջ: Նա նշեց, որ Սահմանադրական խորհրդի տրամադրությունները հասկանալը դժվար է: Նրա խոսքով` նախնական մի կարծիք կա, ըստ որի սահմանադրական խորհրդի անդամների կարևոր մեծամասնության վերաբերմունքը Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ ժխտողական է: «Երկու շեշտակի հարց է որդեգրված հայ համայնքի կողմից. պաշտոնական հայ համայնքը հույս ունի, որ Սահմանադրական խորհուրդը վավերացնելու է այդ օրենքը, իսկ կան նաև կողմնակի նախաձեռնություններ, որ Սահմանադրական խորհրդի որոշ անդամների կանխորոշված տրամադրությունները դատապարտում են»,- հայ համայնքի երկու տրամադրությունները ներկայացրեց Հիլդա Չոբոյանը: Նա տեղեկացրեց, որ Սահմանադրական խորհրդի երկու անդամներ բանաձևի վավերացման որոշմանն արդեն իսկ չեն մասնակցելու. Ժակ Շիրակն ի վիճակի չէ ներկայանալ, իսկ նախկին նախագահներից մեկը հաճախ բացակայում է: «Եթե մեկը ևս հրաժարվի, Սահմանադրական խորհուրդը որոշում չի կարող կայացնել»,- նշեց Հ. Չոբոյանը: Անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններին`նա նշեց, որ դեռ պաշտոնական քարոզարշավը չի սկսվել, հայտնի են, որ նախագահի թեկնածուները բավական շատ են: «Կարծում եմ՝ նրանք 8-9-ն են, սակայն այսօր ասել, թե ով շանսեր և առավելություններ ունի, կլինի սխալ: Ֆրանսիայում նախագահներ են ընտրվել շատ քիչ տոկոսային առավելությամբ և այդ կանխատեսումներն այս պահին ճիշտ չեն»,- նշեց Հիլդա Չոբոյանը:

No comments: