Friday, February 24, 2012

Թուրքիայի խորհրդարանում Դերսիմի ջարդերն ուսումնասիրելու համար ենթահանձնաժողով է ստեղծվել

Tert.am. 23-2-2012- Թուրքիայի խորհրդարանում, 1937-1938թթ. Դերսիմի շրջանում (ներկայիս Թունջելի նահանգը, Թուրքիա) մեծամասամբ քրդերի դեմ իրականացված ջարդերն ուսումնասիրելու նպատակով, ենթահանձնաժողով է ստեղծվել: Ինչպես գրում է թուրքական Taraf պարբերականը, ենթահանձնաժողովը պահանջել է բացել պետական արխիվները` ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով: «Նման ենթահանձնաժողով ստեղծելու մասին դիմումներ Թուրքիայի խորհրադարան ներկայացվել էին նաև1948 թվականին....: Զոհերի ընտանիքները, դիմումներում, մասնավորապես, պահանջում են, որպեսզի պետությունը ներողություն խնդրի իրենցից, ոմանք վնասի փոխհատուցում են պահանջում, ոմանք առաջարկում են վավերագրական ֆիլմ նկարահանել»,-երեկվա նիստի ժամանակ հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մեհմեթ Թանըշը: Դերսիմի շրջանում 1937-1938թթ. Թուրքիայի այդ ժամանակվա իշխանությունների կողմից մեծամասամբ քրդերի դեմ իրականացված կոտորածի (ջարդերի ժամանակ զոհվել էին նաև1915թ. Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած և այնտեղ հաստատված հայեր) ժամանակ, տարբեր տվյալներով, մինչև 100 000 մարդ է զոհվել: Ամիսների առաջ այդ ջարդերի համար ներողություն խնդրեց նաև Թուքրիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։ «Եթե հարկ է Դերսիմի կոտորածի համար պետության անունից ներողություն խնդրել, ես ներողություն եմ խնդրում»,– «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստին հայտարարել էր Էրդողանը՝ ցույց տալով այդ կոտորածների մասին վկայող փաստաթղթեր։ «Իմ ձեռքում առկա փաստաթղթում նշվում է, որ 1936թ., 1937թ., 1938թ. և 1939թ. Դերսիմում իրականացված կոտորածներին զոհ է գնացել 13806 մարդ»,– հավելել էր նա:

No comments: