Wednesday, February 8, 2012

ԵԴ նախագահը խրատել է թուրք նախարարին

«Լրագիր» 8-2-2012- Եվրոպական Դատարանի նախագահ Մարտին Շուլցը փետրվարի 7-ին հանդիպել է Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար եւ գլխավոր բանակցող Էգեմեն Բաղըշի հետ: Ի թիվս այլ հարցերի, պատասխանելով լրագորղներին, զրուցակիցները խոսել են նաեւ հայերի ցեղասպանության մասին: Էգեմեն Բաղըշը հրաժարվել է խոսել այն հետաքննության մասին, որ Շվեյցարիան սկսել է իր` Շվեյցարիայում արած հայտարարության համար, թե հայերի ցեղասպանություն չի եղել, եւ շվեյցարական իշխանությունները կարող են իրեն ձերբակալել այս հայտարարության համար: “Շվեյցարիան ԵՄ անդամ չէ եւ ես մեկ վայրկյան էլ չեմ վատնի ոչ ԵՄ խնդրի շուրջ խոսելու համար”, ասել էր Բաղըշը: Ինչեւէ, Շուլցը եւ Բաղըշը ստիպված էին խոսել Ֆրանսիայի սենատի կողմից ընդունված օրենքի նախագծի մասին: Մարտին Շուլցը ընդգծել է Եվրախորհրդարանի հստակ դիրքորոշումը, որը 2005 թ. բանաձեւում կոչ է անում “Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ գտնում է` այդ ճանաչումը կդառնա Եվրամիությանը անդամակցության նախադրյալ”: Շուլցը, հայտնելով իր տեսակետը, ասել է, որ Թուրքիան պետք է ընդունի սեփական պատմությունը եւ պետք է թույլ տա պատմական անկախ հետաքննություններ: Եթե վերջիններս պարզեն, որ ցեղասպանություն եղել է, ուրեմն Թուրքիան պետք է ընդունի այն: Սակայն ես կարծում եմ խնդիրը լուծելու առաջին քայլը Թուրքիային է վերապահված, ասել է Շուլցը: Նա նաեւ ասել է, որ հարգում է Ֆրանսիայի խորհրդարանի անկախությունը եւ ընդունած որոշումը ` շեշտելով, որ Եվրոպական միությունում բազմաթիվ մարդիկ կիսում են Ֆրանսիայի դիրքորոշումը: Բաղըշը նշել է, որ սա այն խնդիրն է, որով պետք է գիտնակաները զբաղվեն: Նա ասել է, որ 2005-ին Թուրքիայի վարչապետը նամակ է հղել Հայաստանի նախագահին, ասելով, որ ինքը պատրաստ է ընդունել իր պատմությունը, եթե Հայաստանը պատրաստ է ընդունել իրենը, սակայն Հայաստանը դրական պատասխան չի տվել: Թուրքիան պատրաստ է միջազգային հանձնախումբ կազմել, որը կհետազոտի Թուրքիայի, Հայաստանի եւ այլ երկրների արխիվները, ինչպիսիք են Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ այլն: Սակայն Մարտին Շուլցը այլ խորհուրդ է տվել, ասելով, որ որպես գերմանացի, ինքը ամեն օր ապրում է իր երկրի անցյալի հետ, սակայն նա հպարտ է, որ իրենք ընդունել են իրենց պատմությունը. “Ընդունել չի նշանակում մեղավոր լինել, քանի որ մենք մեղավոր չենք անցյալում կատարված հանցանքների համար: Սակայն մենք պատասխանատու ենք, որ դրանք այլեւս չկրկնվեն: Անցյալին հնարավորինս բաց նայելը ամենալավ ճանապարհն է ապագայի համար”, ասել է Շուլցը: Լուսանկարը yerkirmedia.am-ի

No comments: