Wednesday, February 8, 2012

Թուրք նախարարը Ցեղասպանությունը ժխտելու համար հնարավոր է Եվրոպա չկարողանա գնալ. Vatan

News.am. 8-2-2012- Թուրքական Vatan-ի սյունակագիր Ջան Աթաքլըն իր հրապարակման մեջ անդրադարձել է Ցյուրիխում գտնվելու ժամանակ Հայոց ցեղասպանությունը ժխտած Թուրքիայի՝ ԵՄ-ի հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի դեմ Շվեյցարիայում սկսված հետաքննությանը։ Թուրք լրագրողը նշում է, որ Բաղըշը Ցյուրիխում փորձեց անհատական բողոքի քայլ անել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ, որի հիման վրա էլ Ցյուրիխի գլխավոր դատախազ Քրիստին Բրաունշվեյգը նրա դեմ հետաքննություն սկսեց։ «Բաղըշի դեմ դատական գործ հարուցելը շատ դժվար կլինի, քանի որ նա դիվանագիտական անձեռնմխելիություն ունի։ Սակայն դա էլ իր սահմաններն ունի։ Չգիտեմ, երբ Բաղըշը թողնի նախարարի պաշտոնը, նրա դեմ գործ կհարուցվի՞, թե՞ ոչ։ Շվեյցարիան ԵՄ անդամ չէ, սակայն Շենգենյան համաձայնագրի անդամ է, եւ Բաղըշը եթե մտնի ԵՄ-ի ցանկացած երկիր, նրան կարող են ձերբակալել եւ ուղարկել Ցյուրիխ։ Իհարկե, լինող բան չէ, որ եվրոպական որեւէ երկրում թուրք նախարարի ձերբակալեն, սակայն նույնիսկ հետաքննությունը դիվանագիտական խնդիրներ է ստեղծելու»,-գրել է Vatan-ի լրագրողը։ Նշենք, որ Շվեյցարիայի Ցյուրիխի կանտոնի դատախազությունը Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի դեմ հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ վերջինս Դավոսի տնտեսական համաժողովից վերադառնալու ժամանակ Ցյուրիխում հայտարարել է, թե Հայոց ցեղասպանություն չի եղել։

No comments: