Panorama.am. 17-2-2012- «Այն մարդիկ, ովքեր ասում են, թե հայկական ժողովրդական տոների մի մասը հեթանոսական են, չեն կարողանում առաջ նայել, իսկ նրանք, ովքեր ասում են, թե քրիստոնեական են, չեն կարողանում ետ նայել»,- այսօր ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց գրականագետ Վարդան Դևրիկյանը: Նրա խոսքով, տոների նկատմամբ նման վերաբերմուքն պետք է դրսևորեն նաև լրատվամիջոցները. պետք է ներկայացվի տոների և´ քրիստոնեական, և´ նախաքրիստոնեական բովանդակությունը` քանի որ եկեղեցական տոների մեծագույն մասն ունի իր հեթանոսական ակունքները:
«Մեր եկեղեցին մի յուրօրինակ գանձատուփ է: Այն հեթանոսական մշակույթից պահեց այն, ինչը կենսունակ էր: Պետք է փորձենք ցույց տալ ոչ թե տոների քրիստոնեական կամ հեթանոսական լինելը, այլ այն, ինչը վաղնջական ժամանակներից մեր ժողովրդի հիշողության մասն է կազմել ու շարունակել է քրիստոնեական մշակույթը», - ասաց նա` շեշտելով, որ պետք է ընբռնել տոների հոգևոր ժառանգորդությունը և շարունակական ընթացքը:
Իր հերթին ասուլիսի մյուս մասնակից` ազգագրագետ Գոհար Ստեփանյանը, համաձայնվելով գրականագետի հետ, ի հավելումն նշեց, որ քրիստոնեական և հեթանոսական տոների միջև հակադրությունը ստեղծում է հենց եկեղեցին:
«Բոլոր տոները, որոնք մենք նշում ենք, ունեն իրենց վաղնջական ավելի հին ակունքները: Մարդիկ այս տոները ընկալում են ու պետք չէ փորձել արմատախիլ անել դրանք»,- ասաց նա:
Ըստ բանախոսների` ազգային տոների մեծ մասը կապված են բնության երևույթների հետ:
«Ուրբանիզացիայի պայմաներում տոների մի մասը կորցրեց իր ավանդական նշանակությունը և փոխակերպվեց», - ասաց Վ.Դևրիկյանը: Իր հերթին Գ.Ստեփանյանը նկատեց, որ Սուրբ Սարգսի տոնումը վերականգնվեց Հայ առաքելական եկեղեցու ջանքերով` ի հակակշիռ արևմտյան Վալենտինի, և արդեն այսօր այս երկու տոները հավասարապես են նշվում:
Խոսելով ժողովրդական տոների և բնության երևույթների փոխկապակցվածության մասին` ազգագրագետն ու գրականախոսը նշեցին, որ ըստ ժողովրդական ավանդույթների, ջրօրհնեքին (Սբ.Ծնունդ) խաչը մտցնում են ջրի մեջ` ջուրն է տաքանում, իսկ երբ Տեառնընդառաջին կրակ են վառում, հողն է տաքանում:
Լրագրողների այն դիտարկմանը, թե ինչու Տեառնընդառաջից հետո եղանակները չեն տաքացել, բանախոսները հիշեցրեցին, որ հին և նոր տոմարների միջև 13 օրվա տարբերություն կա: «Մենք այսօր նոր տոմարով ենք նշում միջոցառումները, բայց Հայաստանում կան մարզեր, որտեղ ազգային տոները հին տոմարով են նշում, այդ թվում նաև` Տեառնընդառաջը», - ասաց Վ.Դևրիկյանը:
Saturday, February 18, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment