Saturday, February 11, 2012

Ադրբեջանը շարունակաբար սպառնում է ուժ կիրառել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ. Կարեն Նազարյան

Marik.am-2012-2-11- Նախօրեին ՄԱԿ-ի ԱԽ-ում կայացել է ԵԱՀԿ գործող նախագահ` Իռլանդիայի ԱԳ նախարարի բրիֆինգը, որի ընթացքում ներկայացվել են ԵԱՀԿ իռլանդական նախագահության գերակայությունները: Անդրադառնալով ԵԱՀԿ տարածաշրջանում հակամարտություններին, ԼՂ հիմնախնդրի առթիվ նախարար Գիլմորը, մասնավորապես, նշել է, որ ողջունում է ԵԱՀԿ ՄԽ շարունակական ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և ակնկալում է սերտորեն համագործակցել ՄԽ համանախագահների հետ: ԱԽ անդամ երկրները, բացառությամբ Ադրբեջանի, իրենց աջակցությունն են հայտնել առաջիկա տարվա ընթացում ԵԱՀԿ նախագահության նշված գերակայություններին և հակամարտություններին լուծում գտնելու Իռլանդիայի հանձնառությանը: Միակ դժգոհ ելութը հնչեցրել է Ադրբեջանի ներկայացուցիչը: Ի պատասխան այդ ելույթի, ՄԱԿ ԱԽ անդամներին է տարածվել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանի նամակը, որում, մասնավորապես, ասված է. «Ցավալի է, որ Ադրբեջանը, լինելով Անվտանգության Խորհրդի նորընտիր ոչ մշտական անդամ, օգտագործում է այդ հնարավորությունը ներկայացնելու միակողմանի տեղեկատվություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որը ոչ միայն հեռու է իրականությունից, այլև ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների ոգուն։ Ադրբեջանի հայտարարությունն ամբողջովին հակասում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ հենց անցած ամիս Սոչիում արված հայտարարության ոգուն, որում ընդգծվում էր կողմերի պատրաստակամությունը արագացնելու միջնորդների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ընդունումը։ Ո՞րն է ադրբեջանական փորձի իմաստը՝ ԼՂ հիմնախնդրի շուրջ քննարկումներ սկսելու Անվտանգության Խորհրդում, թե փոփոխել ԵԱՀԿ կողմից ընդունված և ԵԱՀԿ-ի փաստաթղթերում և հայտարարություններում երկար ժամանակ օգտագործվող տերմինաբանությունը։ Օգտագործել ճիշտ տերմինաբանությունը՝ հակամարտության արմատները նկարագրելու համար մի բան է, իսկ օգտագործել տերմինաբանությունը փաստերը կեղծելու և իրականությունը խեղաթյուրելու համար, լիովին այլ բան է։ Դժբախտաբար, Ադրբեջանի այսպիսի վարքագիծը հաստատում է, որ այդ երկրի համար միակ ուղեցույցը եղել և մնում է այս հեղինակավոր ամբիոնի օգտագործումը կեղծ փաստեր տարածելու, ապատեղակատվություն սփռելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը սխալ կերպով ներկայացնելու համար։ Չնայած ՄԱԿ Անվտանգության Խորհրդի առաջ տրված իր խոստմանը՝ «պահպանելու միջազգային խաղաղությունը», Ադրբեջանը շարունակաբար սպառնում է ուժ կիրառել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ, ինչպես նաև իր ղեկավարությունն ամեն օր «սուր է ճոճում» և դրամատիկ կերպով մեծացնում իր ռազմական բյուջեն, շարունակում է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում հրադադարի խախտումները, համակարգված կերպով վանդալիզմի ակտեր է իրականացնում հայկական պատմական և մշակութային ժառանգության նկատմամբ, և այս ցանկը կարելի է շարունակել։ Ի պատասխան վերջին երկու տարիներին ՄԱԿ Գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ-ի և Մինսկի խմբի համանախագահների արված կոչերի` Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը դրականորեն են պատասխանել դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու, հրադադարի ամրապնդման, շփման գծի երկայնքով միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման առաջարկներին։ Այնուամենայնիվ, Ադրբեջանը շարունակում է մերժել դիպուկահարների հետ քաշման և հրադադարի ամրապնդման առաջարկները և շարունակում է խոչընդոտել հետաքննության մեխանիզմի ստեղծմանը։ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից G8-ի գագաթաժողովներին Լ՛Ակվիլայում (2009), Մուսկոկայում (2010) և Դովիլում (2011) արված համատեղ հայտարարություններից հետո Հայաստանը ողջունել է դրանք և հայտարարել, որ պատրաստ է առաջ շարժվել այդ հայտարարություններում նշված սկզբունքների և տարրերի հիման վրա։ Դա ապացուցում է, որ միջազգային հանրության մոտեցումները համապատասխանում են Հայաստանի մոտեցումներին։ Ինչու՞ Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը չհիշատակեց այդ հայտարարություններն իր ելույթում։ Պարզապես այն պատճառով, որ Ադրբեջանը հրաժարվում է ընդունել դրանք։ Միգուցե Անվտանգության Խորհրդում նորընտիր Ադրբեջանը պետք է հարգի այդ մարմնի աշխատանքը և նրա անդամներին` ձեռնպահ մնալով սադրիչ գործողություններից և հայտարարություններից»։

No comments: