Tert.am. 11-2-2012- «Տյառնընդառաջի» կամ «տրնդեզի» տոնի նախաշեմին քահանան և ազգագրագետները այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեցին տոնի քրիստոնեկան և հեթանոսական կողմերն առանձին-առանձին:
Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը ներկայացնելով տոնի եկեղեցական նշանակությունը՝ նշեց, որ «Տյառնընդառաջը» քառասնօրյա Հիսուս Քրիստոսի տաճար ընծայելու օրն է, որը Հայ առաքելական եկեղեցին տոնում է անխախտ՝ փետրվարի 13-14-ը:
«Երբ լրանում է Հիսուսի քառասուն օրականը, Հովսեփն ու Մարիամը նրան տանում են Աստծո տաճար: Փոքրիկ Հիսուսին տեսնելով՝ նրան ընդառաջ է գալիս Սիմոն անունով մի ծերունի: Այստեղից էլ առաջացել է «տյառընդառաջը», որը նշանակում է տիրոջն ընդառաջ գնալ»,- ասաց նա:
Քահանան նաև նշեց, որ փետրվարի 14-ը նորապսակների օրհնության օրն է: Նա հիշեցրեց, որ Տյառնընդառաջը, որը տոնում է եկեղեցին, կապված չէ որևէ հեթանոսական տոնի հետ: Ըստ նրա՝ ուղղակի եղեկեցին լինելով ազգային՝ վերցրել է նաև ազգային սովորությունները, այդ թվում և բակերում խարույկ վառելը, որը Քրիստոսի լույսով մաքրարգործվելու խորհուրդն է:
Հոգևորականի խոսքով, ըստ եկեղեցական արարողակարգի, հունվարի 13-ին քահանան կատարում է անդաստանի արարողություն, օրհնվում է երկրի չորս կողմերը, որպեսզի տարին արագասաբեր լինի, ապա տեղի է ունենում նախատոնի ժամերգություն, որից հետո բակերում կրակ է վառվում, իսկ կրակը մոմերով տուն տանելով՝ հավատացյալները Քրիստոսի լույն են տանում իրենց օջախները:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» հասարակական կազմակերպության քարտուղար Վահե Անթանեսյանն այս ամենին զուգահեռ հավելեց, որ մեր բոլոր տոներն ունեն ավելի խոր ամրատներ, քան քրիստոնեությունն է: Ըստ ազգագրագետի՝ «Տյառնընդառաջի» տոնը մեզանում նշվել է դեռևս բնապաշտական ժամանակաշրջանից և կապված է եղել Տիրի և Վահագնի պաշտանմունքի հետ: Իսկ տոնի բաղադրիչ մասն է եղել խարույկը, որին հեթանոս հայերը վերագրել են մաքրագործող հատկություն:
«Խարույկի վրայով թռչում էին չբեր կանայք, որպեսզի երեխա ունենան, Վահագնի նման արու զավակ, թռչում էին նաև երեխաները, որ առողջ լինեն, տղաները, որ ուժեղ լինեն, բոլոր հիվանդները նույնպես ակնկալում էին, որ կրակը կբուժի իրենց»,- ասաց նա:
Ազգագրագետը նշեց, որ խարույկը վառել են միմիայն ցորենի հասկերով, իսկ վերջում մոխիրը շախ տվել այգիներում, տներում, գոմերում, որպեսզի տարին բերքառատ ու արգասաբեր լինի:
Վահե Անթանեսյանը նաև նշեց, որ եթե «Ծաղկազարդը» համարվում է աղջիկների տոն, ապա «Տյառնընդառաջը» փեսաների համար է:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ այսօր խոսեց տոնին պարտադիր մատուցվող ազգային կերակրատեսակների մասին, որոնոք, ըստ նրա, պատրաստված էին հացազգիների հումքի վրա:
«Ազգային բոլոր տոները իրենց ծիսակարգի հետ միասին ունեցել են նաև ընդգծված սննդի համակարգ՝ ծիսական իմաստավորված կերակրատեսակներով»,- ասաց նա և նշեց, որ այդ օրը պարտադիր պատրաստվում էին փոխինձից պատրաստած գնդիկներ, ապա նաև փուռնիկներ, որը նրա խոսքերով՝ հացատեսակների մի շարք է:
«Փուռիկները պատրաստում են ուղղակի հացի խմորի մեջ լցոնելով չրեր, ուտելի խոտաբույսեր: Ընդհանուր առմամբ՝ ձմռան համար պաշարաված յուրաքանչյուր մթերք լցոնվում էր»,- ասաց նա և ավելացրեց, որ սեղանին է դրվում նաև հալվան՝ պատրաստված մեղրից ու յուղից, նաև աղանձը՝ բոված ցորենի ու կանեփի հատիկներով: Սեդրակ Մամուլյանը նաև նշեց, որ ազգային համարյա բոլոր տոներին սեղանին է դրվում հարիսա:
Սեդրակ Մամուլյանը ուրախությամբ փաստեց, որ գնալով մեծանում է հետաքրքրությունը թե ազգային կերակրատեսակների, և թե ընդհանրապես սովորույթների նկատմամբ: Այդ իսկ պատճառով հերթական «Տառնընդառաջի» տոնը «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» ՀԿ-ն փետրվարի 13-ին Արագածոտնի մարզում կանցկացնի տոնական արարողություն: Խոհարար ազգագարագետը համոզված է, որ նման ձևով ավելի հեշտ կլինի վերականգնել տոներն ու ծեսերը:
Saturday, February 11, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment