Wednesday, February 29, 2012

Եթե ցեղասպանությունն օրենքով ճանաչվել է, այն ժխտողներն էլ պետք է պատժվեն. Վալերի Բուայեն վճռական է

Tert.am. 29-2-2012- Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն, անդրադառնալով այդ երկրի Սահմանադրական խորհրդի` ցեղասպանությունների ժխտումը քրեականցնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու մասին վճռին, ասել է, թե իրեն, պարզապես, ցնցել է այդ որոշումը: «Խորհուրդը երկու ցեղասպանությունների առնչությամբ տարբեր դիրքորոշում արտահայտեց: Հրեաների և Հայոց ցեղասպանությունները նույն նժարի վրա չդրվեցին: Շատ եմ ցավում այդ կապակցությամբ, բայց վճռական եմ, և կառավարության հետ նոր օրինագծի առնչությամբ քննարկումներ պետք է անցկացնենք: Կարծում եմ, որ եթե ցեղասպանությունն օրենքով ճանաչվել է, ապա այն ժխտողներն էլ պետք է պատժվեն: Սա բխում է արդարության, հավասարության և մարդու իրավունքների պահանջներից»,-ասել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն: Սահմանադրական խորհրդի որոշմանն է անդրադարձել նաև օրինագծի դեմ հանդես եկած սենատոր Նատալի Գուլեն` նշելով, որ շատ ուրախ է այդ որոշման կապակցությամբ: «Ես մեր թուրք և ադրբեջանցի բարեկամներին ասել էի, որ վստահեն Ֆրանսիայի ժողովրդավարությանը: Սա Սարկոզիի պարտությունն է, քանի որ նա փորձեց ընտրություններից առաջ օգտագործել հայկական դեպքերը»,-հայտարարել է Գուլեն: Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը երեկ հակասահմանադրական ճանաչեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը` պատճառաբանելով, որ այն հակասում է խոսքի ազատության իրավունքին: Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ին ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունել էր ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում): Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում և 45.000 եվրո տուգանք էր սպառնում։ Հավելենք, որ երեկ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կառավարությանը հանձնարարել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագծի տեքստ պատրաստել:

No comments: