«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուս քաղաքագետ, Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների առաջատար գիտական մասնագետ, Գորբաչով հիմնադրամի և Կարնեգի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Ռյաբովը:
- 2008թ. ԼՂ հարցի կարգավորման շուրջ ընթացող եռակողմ բանակցությունները կազմակերպվում են ՌԴ նախագահ Մեդվեդևի նախաձեռնությամբ, սակայն արդեն իսկ պարզ է, որ Մեդվեդևը երկրորդ անգամ չի առաջադրվելու նախագահի պաշտոնում և իր տեղը կարծես թե զիջում է Պուտինին: Կա կարծիք, որ Պուտինը, ի տարբերություն Մեդվեդևի, առավել կոշտ դիրքորոշում ունի և Մեդվեդևի նման համբերատար չէ: Ձեր կարծիքով` Պուտինի նախագահության պարագայում կփոխվի՞ արդյոք Ռուսաստանի դիրքորոշումը ԼՂ հարցում:
- Կարծում եմ, որ Պուտինի վերադարձով Ռուսաստանի դիրքորոշումը ԼՂ հարցի շուրջ սկզբունքորեն չի փոխվի: Հնարավոր է, որ եռակողմ հանդիպումներ քիչ լինեն, հնարավոր է նաև պակասի լավատեսական հռետորիկան: Մեդվեդևն անկեղծորեն կարծում էր, թե մի քիչ էլ ու` հնարավոր կլինի հասնել առաջընթացի: Ինձ թվում է` Պուտինն այդ հարցում նման պատրանքներ չունի, բայց կարգավորման գործընթացը կշարունակվի, թեկուզ միայն նրա համար, որ այն ունի ընդամենը մեկ ու շատ վատ այլընտրանք՝ պատերազմի վերսկսումը: Իսկ Ռուսաստանին նման հակամարտություն պետք չէ՝ ո՛չ Մեդվեդևի, ո՛չ էլ Պուտինի իշխանության օրոք:
- Իրանի շուրջ իրավիճակը գնալով լարվում է: Ձեր գնահատմամբ, ինչպե՞ս կարող են զարգանալ իրադարձությունները և ինչպիսի՞ն կլինի դրանց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա:
- Ցավոք, Իսրայելի կողմից օդային հարվածները Իրանի վրա իրական են: Եթե ի պատասխան Իրանը հարվածի Պարսից ծոցի նավթային ակունքներ հանդիսացող երկրներին, ապա ԱՄՆ-ն կմիջամտի: Բայց ցամաքային պատերազմ չի լինի, քանզի դրա համար անհրաժեշտ կլինեն մեծաքանակ ուժեր, որոնք ոչ ոք չունի, ինչպես և որևէ մեկը չունի այնքան փող, որ կարողանա ցամաքային պատերազմ իրականացնել: Հարավային Կովկասի երկրների համար որևէ լավ բան սպասելի չէ պատերազմի դեպքում: Ակնհայտ է, որ այս տարածաշրջանի երկրները այս ամենից որևէ բան չեն շահի: Միջազգային առևտրի մակարդակը տարածաշրջանում կնվազի, այստեղ չեն լինի արտասահմանյան ներդրումներ, այս երկրների տնտեսությունը կկրի հավելյալ դժվարություններ: Եվ է՛լ ավելի մեծ սխալ կլինի Հարավային Կովկասի երկրների համար, եթե նրանցից որևէ մեկը անգամ փորձի խառնվել այս կոնֆլիկտին: Բայց հուսանք, որ ինչ-որ կերպ հնարավոր կլինի խուսափել պատերազմական գործողություններից, սակայն ինչպես հասնել Իրանի հարցում լարվածության նվազմանը՝ դեռևս պարզ չէ:
- Կարծես թե անխուսափելի է կոնֆլիկտի բռնկումը նաև Սիրիայում, Ձեր կարծիքով` ի՞նչ ընթացք այն կունենա:
- Ասադի ռեժիմի շանսերը օր օրի նվազում են, բայց նրա հեռանալուց հետո շատ իրական են ծանր ներքին կոնֆլիկտի առաջացման նախադրյալները, կամ էլ իշխանության կգան արմատական իսլամիստներ: Թե՛ առաջինը, թե՛ երկրորդը վատ են Մերձավոր Արևելքի համար:
- Հայաստանում Ռուսաստանի տնտեսական ներկայությունն ակնհայտ է, սակայն կա տեսակետ, որ Ռուսաստանի հետաքրքրությունը նվազել է մասնավորապես Հայաստանում նոր ատոմակայանի և Հայաստանն ու Իրանը միմյանց կապող երկաթգծի կառուցման հանդեպ:
- Ինչ վերաբերում է երկաթգծին, ապա ինձ թվում է, որ էական հետաքրքրություն այդ ծրագրի հանդեպ չկա` նախևառաջ տնտեսական պատճառներով: Իրանի շուրջ լարվածությունը է՛լ ավելի է նվազեցնում այդ ծրագրի իրականացման հավանականությունը: Ատոմակայանի կառուցման շուրջ իրավիճակը է՛լ ավելի բարդ է` այստեղ կան դեմ և կողմ դիրքորոշումներ, և Հայաստանում այդ մասին լավ տեղյակ են: Իմ կարծիքով` շատ բան նաև կախված է նրանից, թե ինչպես կդասավորվեն «Ռոսատոմի» գործերը այլ երկրներում նախատեսված ծրագրերի իրականացման տեսանկյունից: Եթե պատվերները պակասեն, ապա հետաքրքրությունը հայկական ատոմակայանի հանդեպ կբարձրանա:
- Ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Սենատում ընդունվելուց հետո Ադրբեջանի պաշտոնյաները պահանջ են ներկայացնում հեռացնել Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբից: Ձեր գնահատմամբ, ինչքանո՞վ է այդ պահանջը իրականանալի և տեսնո՞ւմ եք արդյոք ՄԽ-ում Ֆրանսիային այլընտրանք:
- Անկեղծ ասած, չեմ տեսնում այդ այլընտրանքը, չնայած ակնհայտ է նաև մեկ այլ հանգամանք. անհնար է հաշվի չառնել, որ կոնֆլիկտի կողմերից մեկը կորցրել է վստահությունը միջնորդ երկրներից մեկի` Ֆրանսիայի նկատմամբ: Չեմ էլ տեսնում մի այնպիսի լուծում, որը կհաշտեցներ այս երկուսին: Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում Ֆրանսիան պետք է ակտիվանա և առաջարկի քայլեր` խաղաղարար գործընթացի շարունակության համար:
- Հունվարի 24-ին` մեկ օր անց այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Սենատը ընդունեց Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը, Ահմեդ Դավութօղլուն մեկնեց Ռուսաստան, և իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ նրանք հայտարարություններ արեցին թուրք-ռուսական հարաբերությունների մասին, ինչպես նաև իրենց հայտարարության մեջ նշեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ինչպե՞ս եք գնահատում ռուս-թուրքական հարաբերությունները, ի՞նչ եք կարծում` ի՞նչ է լինելու այս ամենից հետո, ինչպե՞ս կարող են Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն ազդել Լեռնային Ղարաբաղում և ընդհանուր տարածաշրջանում կայունության վրա:
- Կարծում եմ՝ Ֆրանսիայի Սենատի վերոնշյալ որոշումը կստիպի Թուրքիային փնտրել ճանապարհներ Ռուսաստանի հետ հետագա համագործակցության համար: Ինչպե՞ս կվերաբերվեն այդ ամենին Մոսկվայում` կարծում եմ, առանց նախկին խանդավառության, որը կար 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո: Իսկ դրա համար տարբեր պատճառներ կան. Թուրքիան, ինչպես կարծում են Մոսկվայում, Ռուսաստանի համար չափազանց կարևոր` էներգետիկ համագործակցության բնագավառում իրեն դրսևորում է որպես ոչ վստահելի գործընկեր, որը հաճախ փոխում է իր դիրքորոշումը կամ էլ Ռուսաստանին ներկայացնում հավելյալ պահանջներ: Թուրքիայի և Ռուսաստանի դիրքորոշումները Ղարաբաղի հարցում չափազանց տարբեր են, ավելին` այս երկու երկրները հակասություններ ունեն նաև Սիրիայի հարցում: Իհարկե, Ռուսաստանը հետաքրքրված է Թուրքիայի հետ առևտրատնտեսական համագործակցություն հաստատելու հարցում, ապրանքափոխանակությունն այս երկու երկրների միջև աճում է, բայց այս ամենից ավելիին հասնելու համար նախադրյալներ տեսանելի չեն:
- Ռուսաստանում սպասվում են նախագահական ընտրություններ, և Պուտինը պատրաստվում է կրկին վերադառնալ ՌԴ նախագահի պաշտոնին: Ձեր կարծիքով` հնարավո՞ր է բողոքի նոր ալիք բարձրանա, հաշվի առնելով ռուս հասարակության ընդդիմադիր կեցվածքը Պուտինի ու նրա ղեկավարած «Եդինայա Ռոսիա» կուսակցության նկատմամբ, որը հստակ երևաց Պետդումայի ընտրությունների ընթացքում:
- Ժամանակից շուտ է ինչ-որ կանխատեսումներ անել մարտի 4-ին կայանալիք ընտրությունների վերաբերյալ: Միայն կարող եմ ենթադրել, որ եթե ընտրություններն անցնեն մեկ փուլով, ապա դա նոր ու հին նախագահի համար լեգիտիմության որոշակի սահմանափակում կառաջացնի` նրա նկատմամբ վստահություն չեն ունենա հասարակության փոքրամասնություն կազմողները, որոնք, սակայն, այդքան էլ քիչ չեն: Իսկ այդ իրավիճակում սկսել իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները՝ մեծ համարձակություն է: Եթե այդուամենայնիվ բարեփոխումներ սկսվեն, ապա դրանք անխուսափելիորեն կհարվածեն այն մեծամասնության շահերին, որոնց վրա էլ այսօր հենվում է Պուտինը, և դա միայն կսրի քաղաքական իրավիճակը, և հավանական է նաև, որ հանգեցնի քաղաքական ճգնաժամի: Այդ իսկ պատճառով ընտրություններից հետո Պուտինի համար ամենաիրական մոդելը կլինի ստատուս քվոյի պահպանումը, բայց դրա համար էլ ռեսուրսներ են պետք: Կունենա՞ն արդյոք այդ ռեսուրսները Պուտինն ու ռուսական կառավարությունը՝ մեծ հարց է, ամեն ինչ կախված է Ռուսաստանի տնտեսական իրավիճակից: Ինչ վերաբերում է հնարավոր բողոքի ակցիաներին, ապա նրա համար մեծ փորձություն կլինի օրակարգի փոփոխությունը: Ընտրություններն ավարտվեցին` հանուն ինչի՞ և ընդդեմ ինչի՞ միտինգներ կարվե՞ն` սա ևս մեծ հարց է:
- Պարոն Ռյաբով, այն ժամանակ, երբ Ռուսաստանի քաղաքացիները միտինգներ են անում ընդդեմ Պուտինի և պահանջում են, որ նա հեռանա, Հայաստանում «Պուտին» ակումբներ են բացվում, հայաստանյան կուսակցությունները, կառավարության ղեկավարը կոչ են անում քվեարկել Պուտինի օգտին: Ձեր կարծիքով` ինչո՞վ է պայմանավորված այս ամենը:
- Կարծում եմ, Հայաստանի քաղաքացիների գործն է՝ որոշել, թե ռուս քաղաքական գործիչներից ով է իրենց համար նախընտրելի կամ էլ ընդհանրապես լինել անտարբեր Ռուսաստանի ընտրությունների նկատմամբ: Իմ գնահատմամբ, կարևորը՝ որ ո՛չ Հայաստանի կառավարությունը, առավել ևս՝ ո՛չ Ռուսաստանի կառավարությունը փորձ չանեն միջամտել այդ հարցերին և չասեն Հայաստանի քաղաքացիներին, թե ում նախընտրեն:
Monday, February 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment