Thursday, February 23, 2012

Թուրքիայի վարչապետն ու նախագահը շատ համերաշխ գործակցում են. «Մարմարա»

1in.am. 22-2-2012- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նախագահ Աբդուլլահ Գյուլը շատ համերաշխ գործիչներ են և մինչ օրս միմյանց հետ գերազանց են գործակցում. նրանց միջև հակասությունները չեն կարող լուրջ տարաձայնությունների վերաճել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Թուրքիայում լույս տեսնող «Մարմարա» թերթի խմբագիր Ռոբեր Հատտեճյանը՝ պատասխանելով այն հարցին՝ հնարավոր է, որ Հրանտ Դինքի սպանության հարցում այդ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նախագահ Աբդուլլահ Գյուլի միջև տարաձայնություններ են հասունանում: Հիշեցնենք, որ Թուրքիայի Վերահսկողական պետական խորհրդի` երեկ հրապարակած զեկույցում (որի ամփոփ տարբերակը զետեղվել էր Գյուլի պաշտոնական կայքէջում) նշված է, որ թուրքական իշխանությունները թերացել են բոլոր մակարդակներում` չկարողանալով կանխել Հրանտ Դինքի սպանությունը: Ռոբեր Հատտեճյանը նկատեց, որ թե Հրանտ Դինքի սպանությանը, թե Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնություններին առնչվող հարցերում այդ երկրի վարչապետ Էրդողանն իր հակասական մտքերով երբեմն զարմացնում է հայ համայնքին: «Հնարավոր է՝ նա երբեմն խոսում է իր ազատ կամքով, երբեմն էլ՝ այլոց կողմից պարտադրված ոճով: Դրա համար էլ կարծում եմ՝ այս հարցերում թուրքական իշխանությունները հստակ քաղաքականություն չեն որդեգրել, ինչին բոլորը համակարծիք կլինեին: Ուստի զարմանալի չէ, որ Էրդողանն ու Գյուլը հակասական ելույթներ կունենան: Միաժամանակ չեմ կարծում, որ այս երկուսի միջև տարակարծությունները շատ խորը լինեն կամ ի ցույց դրվեն: Տարակարծություններ ավելի շուտ կարող են լինել Էրդողանի և նախարարների միջև»,- ամփոփեց թուրքահայ խմբագիրը: Հիշեցնենք՝ դեռ անցած տարի Թուրքիայի նախագահն ասել էր, որ հրահանգել է իր վերահսկողական ծառայությանն առանձին հետաքննություն իրականացնել` գնահատելով իրավապահների գործողությունները Դինքի սպանությանը նախորդած և հաջորդած շրջանում:

No comments: