Thursday, February 23, 2012

Նման ողբերգական իրավիճակում ստատուս քվոն անընդունելի է. էրիկ Ռուբինը` ԼՂ հարցի մասին

Tert.am. 22-2-2012- Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Այս մասին ադրբեջանական «ԱզերԹաջ» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը: Ռուբինն ընդգծել է, որ ԱՄՆ–ի դիրքորոշման հիմքում ընկած են Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները, այդ թվում տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ուժ չկիրառելու սկզբունքները: «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) համանախագահող երկիր մենք աջակցում ենք մթնոլորտի բարելավմանը` Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում իրական առաջընթացի հասնելու համար: Իսկ դա այն մասին է խոսում, որ մենք չենք կարող պաշտպանել կողմերից մեկին: Մենք աշխատում ենք, որպեսզի մեր կողմից օգտագործվող արտահայտությունները կողմերի միջև հակասություն չառաջացնեն, այլ մերձեցնեն նրանց»,-ասել է նա: Ռուբինն ընդգծել է, որ Մինսկի խումբը միակ գործուն ձևաչափն է, որն ի վիճակի է առաջ մղել ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը: «Մենք հավատում ենք, որ Մինսկի խումբը միակ գործուն ձևաչափն է, որն ի վիճակի է առաջ մղել պայմանավորվածության ձեռք բերման ուղղված գործընթացը,-ասել է Ռուբինը և հավելել,- Նման ողբերգական իրադրությունում ստատուս քվոն անընդունելի է: Ես այդ մասին հայտարարել եմ նաև նախագահ Իլհամ Ալիևի (Ադրբեջանի նախագահ) հետ հանդիպման ժամանակ: Մեզ համար բացարձակապես անընդունելի է ստատուս քվոն: Իրադրությունը վտանգավոր է: Մենք, սակայն, հավատում ենք, որ այն շրջանակը, որում մինչ օրս գործել ենք, լավագույնն է պայմանավորվածություն ձեռք բերելու համար»: «Եվս մեկ անգամ անիվ հայտնագործելու անհրաժեշտություն չկա, քանի որ նման պայմաններում մենք կարող ենք կորցնել նաև այն, ինչը մինչ այժմ ձեռք ենք բերել»:

No comments: