HayNews.am. 11-2-2012- Անցավ նաև հունվարի 23-ը, երբ երկար ժամեր պահանջվեց Ֆրանսիայի Սենատին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար:
Իսկ այս ընթացքում, բնականաբար, թուրքերը շարունակում էին «պատժել» Ֆրանսիային, ֆրանսիացիներին, ֆրանսիականն ու, իհարկե, Նիկոլա Սարկոզիին:
Շարունակելով թուրքական ամենազավեշատալի, ամենատարօրինակ ու ուղղակի ամենաթուրքական պատժամիջոցների վերաբերյալ առաջին գրառումը` այժմ կանդրադառնանք հունվարի 23-ին հաջորդած դեպքերին:
Թուրքական «պատիժների» «հիթ շքերթը» ներկայացնում ենք առանց դասակարգման` այդ ամենի հերթականությունը որոշելու իրավունքը թողնելով մեր ընթերցողին.
- «Անգամ շները կարող են մտնել այս շենք, իսկ ֆրանսիացիները` ոչ». նման գրություն է «վառվում» թուրքական շենքերից մեկի մուտքի մոտ,
- «Ազգայնական շարժում» կուսակցությունից պատգամավոր Սինան Օղանն առաջարկում է Փարիզի պողոտան վերանվանել «Խոջալուի ցեղասպանության» «զոհերի» անունով, իսկ Շառլ դը Գոլ փողոցին տալ այդ «զոհերից» մեկի անունը,
- Թուրքիայի նախագահի տիկինը` Հայրունիսա Գյուլը, օտարերկրյա դեսպանների տիկնանց համար կազմակերպված ընդունելությանը ցուցադրաբար չի հրավիրում Ֆրանսիայի դեսպանի կնոջը,
- Թուրք սրտաբանը պնդում է, թե օրենքի ընդունման ընթացքում առաջացած սթրեսի հետևանքով Սարկոզիի մոտ սրտի կաթված կլինի,
- «Դումլուփընար» համալսարանի առջևից հեռացնում են արծվի և առյուծի քանդակները, որոնց թուրքերը նմանեցնում են Հայաստանի զինանշանին,
- Թուրք պորտապարուհի Թանյելին Հյուսիսային Կիպրոսում ցուցադրաբար հրաժարվում է պարել ֆրանսիական մեղեդիների տակ,
- Բարթին քաղաքի «Իսկական լրագրողների միության» նախագահ Սուլեյման Քարամանը բարձրակրունկ կոշիկներ է ուղարկում Սարկոզիին, ում կոչում է «ցածրահասակության պատճառով բարդույթավորված անձ»,
- Ալանիա շրջանում մի խումբ թուրք դերձակներ հսկա վարտիք են կարում և նորից ուղարկում Սարկոզիին,
- Քասթամոնու նահանգում տեղի արդյունաբերողները զանգվածաբար այրում են ֆրանսիական արտադրության անվադողերը…
Այդ հոդվածի վերջում կարելի է գրել «շարունակելի»: Չի բացառվում, որ մինչ այս նյութի վերջին տողերը կարդալը ևս մեկ «փայլուն» միտք գա անողորմ պատժիչների միտքը...
Կազմեց` թուրքագետ Գևորգ Պետրոսյանը
Sunday, February 12, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment