Tert.am. 23-2-2012- Նոր տեսանկյունից դիտարկելով ցեղասպանութան ժխտումը քրեականացնող ֆրանսիական օրենքը` թուրքական «Հյուրիեթը» անդրադառնում է այս հարցում ակտիվ գործունեություն ծավալող ֆրանսահայ գործիչ Ֆրենկ Մուրադ Փափազյանին:
Թերթը նրան անվանում է Ֆրանսիայում հայկական համայնքի առաջատար գործիչներից մեկը և մի քանի մեջբերումներ կատարում նրա հայտարարություննրից: Ըստ «Հյուրիեթի» Փափազյանն ասել է, որ հավանականություն չկա, թե Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը չեղյալ կճանաչի հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
«Սահմանադրական դատարանի կշիռը հարցականի տակ կդրվեր, եթե օրենքը չեղյալ հայտարարվեր: Ամենից կարևորն այն է, որ մենք ջանքեր ենք գործադրելու նոր օրենք մտցնել Խորհրդարան, նույնիսկ եթե այս օրենքը չեղյալ ճանաչվի», - Փափազյանին մեջբերում է «Հյուրիեթը», նշելով, որ նա նաև Դաշնակցություն կուսակցության անդամ է:
Թերթը հիշեցնում է, որ օրինագիծը Ֆրանսիայի Խորհրդարանում հաստատվելուց հետո 65 պատգամավորներ և 60 սենատորներ դիմել էին երկրի Սահմանադրական դատարան` այդ որոշումը չեղյալ հայտարարելու համար:
«Թուրքիան շատ մեծ ճնշում է գործադրել Ֆրանսիայի վրա` օրինագծի` շրջանառության մեջ մտնելուց ի վեր: Ամենից առավել ֆրանսիացի ժողովուրդը զիջում չի անի նման հակաֆրանսիական և հակահայկական վերաբերմունքի առաջ », - ասել է Փափազյանը:
Ֆրանսիայում տարածված խոսակցությունների առիթով, թե քրեականացնող օրինագծի չեղյալ հայտարարումից հետո, չեղյալ կհայտարարվի նաև 2001-ին Ֆրանսիայում 1915-ի դեպքերը ցեղասպանություն ճանաչելը, Փափազյանը նաև վստահություն է հայտնել, թե նման բան անհնար է. «Բացարձակապես` ոչ: «Ժխտման օրենքը» և 2001-ի օրենքը միմյանց հետ ոչ մի կապ չունեն: Որոշ, այսպես կոչված, փորձագետներ բարձրացրել են այս հարցը, բայց դա հնարավոր չէ»:
Friday, February 24, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment