«Լրագիր» 24-2-2012- Երեկ, Տավուշի մարզի մարտական հենակետում ադրբեջանցիները հերթական հայ զինվորին են սպանել, իսկ Հայաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, որ Հայաստանի զինուժը կտա պատասխան, եւ դրա ծանրության համար պատասխանատվությունը կընկնի Ադրբեջանի վրա:
Երեկ հայտնի դարձավ նաեւ մեկ այլ բանակային միջադեպ, որը սակայն բարեբախտաբար չի ունեցել մահվան ելք: Ասկերանի զորամասերից մեկում կախված են գտել 19-ամյա մի զինծառայողի, որի կյանքը բարեբախտաբար հաջողվել է փրկել: Այժմ ընթանում է քննություն, որը կպարզի՝ զինծառայողին հասցրել են ինքնասպանության, թե սպանել: Բայց պարզ է, որ այդ միջադեպի հետ Ադրբեջանի դիպուկահարները կապ չունեն: Նաեւ ակնհայտ է, որ զինծառայողը կարող էր եւ մահանալ, ու մենք կունենայինք մահվան հերթական դեպքը բանակում:
Այս դեպքում սակայն, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ հանդես չի գալիս, չի ասում, թե ում է արժանի հակահարված տալու խաղաղ պայմաններում սպանվող կամ ինքնասպանվող, կամ ինքնասպանության փորձեր կատարող զինվորների կյանքի համար:
Չկա՞ արդյոք հակահարվածի օբյեկտ, թե նախարարությունը համարում է, որ երկու կոմում էլ մերոնք են ու դժվար է “հակահարվածի” մասին մտածել: Բայց չէ որ ինչ որ բանի մասին մտածել պետք է: Չէ որ պետք է մտածել այլեւս կախված կամ սպանված զինվորներ չհայտնաբերելու մասին, որովհետեւ հետո գուցե այլեւս Ադրբեջանին հակահարված տվող էլ չմնա: Թե նախարարությունում մտածում են, որ միեւնույն է, մահացու վիճակագրությունը դեռ չի հասել այն աստիճանի, որ Ադրբեջանին հակահարված տվող չմնա:
Բայց չէ որ ամեն զոհի հետ բանակում հոգեբանություն է մահանում, բանակում զինվորական տրամադրություն է մահանում, բանակի հանդեպ հասարակական վստահություն է մահանում: Ու թող որեւէ մեկը չմտածի, թե “Զինուժը” բարձրացնում է այդ վստահությունը: “Զինուժը” ոչ այլ ինչ է, եթե ոչ “Ծառայում եմ Խորհրդային Միության” պես մի տարբերակ, որն ինչպես կյանքը ցույց տվեց՝ ոչ բանակ, եւ ոչ էլ պետություն պահող ուժ չուներ: Ոչ էլ զինվորական շքերթներն են վստահությունը բարձրացնում, որովհետեւ զինվորական շքերթ լինում է տասը տարին մեկ, քսան տարին, կամ տարին մեկ անգամ, իսկ բանակից ողբերգական տեղեկությունները գալիս են ամիսը մեկ կամ արդեն երեւի թե շաբաթը մեկ հաճախականությամբ:
Ակնհայտ է, որ Հայաստանի զինուժի բարձրագույն ղեկավարության մոտ ոչ միայն կառավարման ոճի, մեթոդաբանության փոփոխությունն է դարձել կենսական անհրաժեշտություն ամեն մի հայ զինվորի եւ հայկական պետության համար, այլ նաեւ բանակի քարոզչական ապահովման հարցում մոտեցումների եւ պատկերացումների փոփոխությունը: Այն գտնվում է խորհրդային մակարդակի վրա, ինչը պարզապես հուշում է, որ դրա արդյունքը չի կարող լինել ավելին, քան խորհրդային քարոզչության արդյունքն էր: Իսկ խորհրդային քարոզչությանը այդպես էլ չհաջողվեց հանրության մոտ վստահություն առաջացնել թե բանակի, թե պետության հանդեպ:
ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ
Friday, February 24, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment