Tuesday, February 21, 2012

Սարգսյանը հրաժարվում է ՀՀԿ-ից

«Լրագիր» 21-2-2012- ԵԿՄ համագումարի ժամանակ տարօրինակ հայտարարություն է հնչել: Մանվել Գրիգորյանը հայտարարել է, որ «կաջակցի իր մարտական ընկերոջը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին»: Լրագրողների հարցին, թե արդյոք դա նշանակում է խորհրդարանական ընտրություններին աջակցություն ՀՀԿ-ին, Գրիգորյանը պատասխանել է. «ՀՀԿ-ին աջակցելու հայտարարություն չի հնչել…: Նախագահը մեր մարտական ընկերն է, եւ մենք նրա հենարանն ենք լինելու»: Ի՞նչ է նշանակում այդ հայտարարությունը: Փաստացի, Մանվել Գրիգորյանը տարբերակում է Սերժ Սարգսյանին եւ Հանրապետական կուսակցությանը. նա սիրում է Սարգսյանին, սակայն չգիտես ինչու չի սիրում ՀՀԿ-ին: Սակայն մի կողմ թողնենք Մանվել Գրիգորյանի զգացմունքները. չէ որ գլխավորն այն է, որ Սերժ Սարգսյանը համաձայն է այդ տարբերակման հետ: Քանի որ նա եկել է Երկրապահի համագումարին, ընդ որում, առանց ՀՀԿ այլ ներկայացուցիչների, իրեն կամավորականների մարտական ընկեր է անվանել, նշանակում է, որ համաձայն է, որ իրեն պետք չէ նույնականացնել իր գլխավորած կուսակցության հետ: Սերժ Սարգսյանի նման պահվածքը կարծես հաստատում է այն ենթադրությունը, որ 2013 թ նախագահական ընտրությունների ժամանակ նա հենվելու է ոչ թե ՀՀԿ, այլ ուրիշ ուժերի վրա: Փորձագետները վարկածներ են առաջ քաշել, ըստ որոնց Սերժ Սարգսյանի համար ՀՀԿ-ն դարձել է հոգս ու խոչընդոտ, որ առանց դրա մյուսների հետ ավելի հեշտ լեզու կգտնի: Ավելին, խոսվել է նույնիսկ Սերժ Սարգսյանի միայնության մասին, որը նա մտադիր է «կարճել» ոչ իր կուսակցության, այլ իրավիճակային գործընկերների հետ: Այժմ դժվար է կանխագուշակել, թե ինչ պլատֆորմ կընտրի Սերժ Սարգսյանը նախընտրական պայքարի ժամանակ: Դա հնարավոր կլինի պարզել խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Հասկանալի է միայն մի բան՝ Սերժ Սարգսյանը կփորձի խորհրդարանական ընտրությունների ժամանակ խորհրդարանի այնպիսի կառուցվածք պատրաստել, որը չի ապահովի ՀՀԿ մեծամասնությունը, որպեսզի սեփական կուսակցության ձեռքում պատանդ չդառնա, այլ կստեղծի ոչ մեծ ուժերի սպեկտր, որոնցից յուրաքանչյուրի հետ կփորձի պայմանավորվել: Ընդ որում, բանակցությունների գլխավոր առարկա կդառնա հենց ՀՀԿ-ի հետ նրա հարաբերությունը, իսկ ավելի ճիշտ՝ հրաժարումը: Նաիրա Հայրումյան

No comments: