Thursday, February 23, 2012

Ամերիկյան բոլոր ավիակիրները լքել են Պարսից ծոցը

Tert.am. 22-2-2012- «Կարլ Վինսոն» ավիակրի գլխավորությամբ ամերիկյան ավիակիր հարվածային խումբը Պարսից ծոցից Հորմուզի նեղուցով դուրս է եկել դեպի Արաբական ծով: Այս մասին, vz.ru-ի համաձայն, այսօր հայտնել է ԱՄՆ Ռազմածովային ուժերի լրատվական ծառայությունը: Մինչ Պարսից ծոց շարժվելը, «Կարլ Վինսոն»-ն այլ նավերի հետ մարտական հերթապահություն է իրականացրել Իրանի հարավ-արևելյան ափերի մոտ` Արաբական ծովի հյուսիսային հատվածում: Նախորդ շաբաթ «Կարլ Վինսոն»-ը մի քանի օրով խարիսխ էր գցել Դուբայի նավահանգստում: Ներկայում Արաբական ծովում են գտնվում ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու ավիակիր հարվածային խմբերը` «Կարլ Վինսոն»-ի և «Ավրաամ Լինքոլն»-ի գլխավորությամբ, որոնք մարտական առաջադրանք են կատարում` Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքին ավիաաջակցություն ցուցաբերելու նպատակով: ԱՄՆ ՌԾՈՒ ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ Պարսից ծոց կուղևորվի մեկ այլ ավիակիր` «Էնթըրփրայզը»: Երեքշաբթի Իրանի նավատորմի երկու նավեր լքել են սիրիական Տարտուս նավահանգիստը և Սուեզի ջրանցքով շարժվել Իրան: Դեկտեմբերին, երբ Եվրամիությունը սպառնացել էր իրանական միջուկային ծրագիրը չդադարեցնելու համար նավթային էմբարգո մտցնել, Թեհրանը հայտարարեց, որ նման պարագայում կարգելափակի Հորմուզի նեղուցը, որը Պարսից ծոցը միացնում է Հնդկական օվկիանոսին: Հայտնի է, որ այն կենսական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար, քանի որ նեղուցով է անցնում նավթի համաշխարհային մատակարարումների մինչև 40%-ը: Իրանական սպառնալիքին ի պատասխան`ԱՄՆ-ն հայտարարել էր, որ ոչ մի դեպքում թույլ չի տա նեղուցի արգելափակում: Եվրամիության անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարները հունվարի 23-ին Բրյուսելում կայացած նիստում հաստատել էին իրանական նավթի նկատմամբ արգելք մտցնելու մասին որոշումը:

No comments: