«Լրագիր» 21-2-2012- Տարոն Մարգարյանը հայտարարություն է տարածել Մաշտոցի պուրակի խնդրի վերաբերյալ, որտեղ փորձում է խոսել սեփականության իրավունքի պաշտպանությունից, հետո նաեւ բացատրել, թե ինչպես են ապամոնտաժվել Աբովյան փողոցի խանութներն ու ինչպես են դրանք հայտնվել Մաշտոցի պուրակում: Հետո խոսում է այն մասին, որ թեեւ իր որոշումները օրինական են, այդուհանդերձ օրինականությունը իհարկե քիչ է՝ պետք է որոշումը դեռ հանրային լեգիտիմություն ունենա, «ինչին հասնելու լավագույն միջոցը հանրության ներգրավվածությունն ու իրազեկվածությունն է»: Վերջում Տարոն Մարգարյանը ներկայացնում է, թե ինչ հրաշալի կերպարանափոխություն է լինելու Մաշտոցի անբարեկարգ պուրակում, երբ այնտեղ հայտնվեն խանութպաններն ի դեմս իրենց խանութների:
Իսկ ամենասկզբում, Տարոն Մարգարյանն արձանագրում է. «Գլխավոր պողոտայի՝ Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածի զբոսայգուն հարակից ոչ կանաչապատ տարածքում ոչ հիմնական տաղավարների ժամանակավոր տեղադրման աշխատանքները ձեռք են բերել հասարակական հնչեղություն: Հնչում են տարբեր տեսակետներ, որոնք հիմնականում հուզական բնույթի են: Կարծում եմ, որ հասել է տվյալ քննարկումները առարկայական դաշտ տեղափոխելու պահը՝ իրար հետ ողջամիտ փաստարկներ փոխանակելու, դրանք ծանր ու թեթև անելու և հասարակական փոխըմբռնման հասնելու համար»:
Հետաքրքիր է, ինչից է ենթադրել Տարոն Մարգարյանը, որ հասել է քննարկումներն առարկայական դաշտ տեղափոխելու պահը: Տարոն Մարգարյանը դա ենթադրել է նախօրեի գիշերային շինարարությունից հետո՞, թե դրանից առաջ՝ պարզապես երբ ինքն այդ հայտարարությունը գրում էր, սեփականատերերը դավադրաբար իրենց սեփականության իրավունքն էին առաջ տանում հանրային շահի հաշվին:
Իսկ մի՞թե անցած մոտ տասը օրերին այդ առարկայական պահը չէր հասել: Ինչ պետք է լիներ, ինչ եղավ, որ այդ պահը հանկարծ հասավ: Թե Տարոն Մարգարյանը հուսով էր, որ այդ պահը չի էլ գա, որՄաշտոցի պուրակի հանդեպ «բարդուղիմեոսյան գիշերը» կմաքրի հետքերը, կծածկի ամեն ինչ մթության քողով, իսկ առավոտյան արդեն ոչ ոք չինչ չի տեսնի:
Բայց, գիշերը ոչ միայն ծածկող չէր, այլ նաեւ ծակող՝ զարմանալիորեն աչք ծակող գիշեր ստացվեց, ու Տարոն Մարգարյանը թերեւս ստիպված եղավ ընդունել, որ եկել է առարկայական քննարկման պահը: Բնապահպաններն ու ակտիվ այլ քաղաքացիներ տասը օր շարունակ, ցրտին այգում են, պահանջում են քաղաքապետարանից բացատրություն, ներկայացնում են իրենց բողոքի օրինական հիմքերը, շինարարության անօրինականության ապացույցներ են փորձում ներկայացնել, իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր է միայն համարում, որ եկել է առարկայական քննարկումների պահը:
Պահը եկել ու անցել է, հարգարժան քաղաքապետ Մարգարյան: Ընդ որում անցել է ոչ թե այն պատճառով, որ դա պետք էր անել մինչեւ գիշերային «շինաբեկչությունը»` խնայելով Մարգարյան ծննդատան նորածինների կուսական ականջաթաղանթները, այլ որ պետք էր անել մինչեւ բնապահպանական ակտիվիստները կհայտնաբերեին պուրակի «գրավումը»: Պետք էր առարկայական քննարկումների միջոցով լեգիտիմության ձգտել Աբովյան փողոցի կրպակներն ապամոնտաժելուց առաջ, ոչ թե դրանք մոնտաժել՝ հանրային շահի աննկուն եւ քաջարի մարտիկի հպարտությամբ, իսկ հետո հնարավորինս անաղմուկ տանել ու հավաքել Մաշտոցի պուրակում:
Եթե քաղաքապետարանն այդքան նվիրված է առարկայական քննարկումների ոճին, ու նաեւ այդպես գնահատում է որոշումների հանրային լեգիտիմությունը, գուցե արժեր հանրությանը նախապես տեղեկացնել, որ Աբովյան փողոցի կրպակները ապամոնտաժվում են, բայց դրանց տերերը փոխհատուցվելու են Մաշտոցի պուրակով: Միգուցե պետք էր հանրությանը, «սիրելի երեւանցիներին» ամբողջ ճշմարտությունն ասել, ոչ թե մտածել, թե միգուցե այն կեսը ոչ մեկին չի էլ հետաքրքրի, ու մինչ բոլորը հիացած կլինեն Աբովյան փողոցում մնացած ճշմարտության կեսով, մյուս կեսը արագորեն կհավաքի Մաշտոցի պուրակում, ու թե «գայլերը կուշտ կլինեն, թե ոչխարներն անվնաս»:
Չստացվեց, ու քաղաքապետի հայտարարությունը շատ ուշ ստացվեց, որովհետեւ ճշմարտությունը երբեք կես չի լինում: Այն իհարկե երբեք մեկն էլ չի լինում, բայց ճշմարտությունը միշտ լինում է ամբողջական՝ թեկուզ մի քանիսը, բայց բոլորն էլ ամբողջական: Ու հիմա ամբողջ ճշմարտությունն այն է, որ Տարոն Մարգարյանն ուշացել է, շատ է ուշացել, ուշացել է ավելի, քան առավոտյան տանից աշխատանքի, իսկ երեկոյան էլ աշխատանքից տուն է ուշանում Երեւանի կանգառներում տրանսպորտի մեջ մի ոտնաչափ արժանապատվության տեղ փնտրող միջին վիճակագրական երեւանցին:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Wednesday, February 22, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment