Wednesday, February 22, 2012

Դա շպար է քայքայվող դեմքին

Մեր զրուցակիցն է գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը -Պարոն Մարտիրոսյան, եթե 2012-ի նախընտրական պրոցեսները համեմատենք 2007-ի հետ, ի՞նչ որակական տարբերություններ և նմանություններ կառանձնացնեք: -2007-ի ընտրությունների նախաշեմին Հայաստանում չեմ եղել, դրա համար համեմատելը դժվար է, բայց կարող եմ ասել, որ հասարակության մեջ որակական փոփոխություն եղել է, քաղաքականապես ակտիվ, ազնիվ, անվախ երիտասարդություն է հայտնվել ընդդիմադիր շարժման մեջ, և սա չի կարող չազդել այսօրվա ընտրությունների որակի վրա։ Ճիշտ է, որոշ հիասթափություն ունեմ Նիկոլ Փաշինյանի ընտրությունների ժամանակ հասարակական պասիվությունից։ Այսօր իմ հիմնական մտավախությունն է, որ մեր հասարակությունը չունի այն հասունությունը, որ այս ընտրությունները համարի առնվազն նույնքան կարևոր, որքան նախագահական ընտրություննները: -Դուք նշեցիք Նիկոլ Փաշինյանի ընտրությունների պասիվության մասին, սակայն վերջերս Հրազդանում բավական ակտիվ ընտրություններ տեղի ունեցան: Արդյունքները սակայն չբողոքարկվեցին: -Թույլ տվեք չհամեմատեմ Նիկոլ Փաշինյանին և Սասուն Միքայելյանին, և Ազգային ժողովի ընտրությունները ՏԻՄ ընտրությունների հետ: Տեղական ընտրություններն ընդհանրապես ստորադասված են եղել ընդդիմության կողմից։ Տրամաբանություն կարելի է փնտրել այդտեղ կամ ոչ, բայց կարծում եմ`դա մեզ կշեղի: Ես ինքս այս ընտրությունները համարում եմ ավելի կարևոր, քան նախագահական ընտրությունները, որոնք լինելու են հաջորդ տարի, որովհետև մենք հնարավորություն ունենք խորհրդարան մտցնել քաղաքական ուժեր, որոնք կեղծ չեն, ինչպես կիսաքրեական-կիսաչինովնիկական ՀՀԿ-ը, ԲՀԿ-ը, էլ չասած Օրինաց երկրի մասին։ Այս պահին կա իրոք ուժեղ և որակյալ ընդդիմություն, ինչպիսին ՀԱԿ-ն է, և խորհրդարանը ձևական մարմնից կարող է դառնալ գործող` բաղկացած սկզբունքային մարդկանցից, որոնց խիստ սղություն ունենք: Վազգեն Սարգսյանը 1998 թվականի փետրվարյան մի օր խորհրդարանի մեծամասնությունը սարքեց առնետ, բայց ինքը մեռավ, առնետները մնացին: Եվ հիմա այդ առնետներն են իշխանության գլուխ, իսկ մենք զարմանում ենք` ինչո՞ւ է այս բանը վատ, կամ ինչո՞ւ այս հասարակ բանը չի շտկվում։ Բայց առնետը մի խնդիր ունի` ինչ-որ բան փախցնելու, ուրիշ ոչ մի սկզբունք չունի: -Պարոն Մարտիրոսյան, Դուք նշեցիք ընդդիմության ուժեղ լինելու մասին, որտե՞ղ եք տեսնում այդ ուժը, երբ բոլորը, անգամ ՀԱԿ շատ անդամներ են նշում, որ ուժը թուլացել է և այլևս առաջվանը չէ: -Իհարկե նկատելի է: Ես կարող եմ խոսել բաց թողնված ինչ-որ հնարավորությունների մասին, բայց դա արդյունավետ չեմ համարում, այսինքն` վերլուծությունը պետք է, բայց պետք է կենտրոնանալ այսօրվա և վաղվա վրա: Այնուամենայնիվ, ՀԱԿ-ը մնում է ուժեղ իր ինտելեկտով, իր սկբունքայնությամբ, այն մարդկանց քաղաքացիական որակներով, ովքեր բանտ նստեցին, բայց չհամաձայնեցին սուտ մեղք ստանձնելու դիմաց ազատության մեջ հայտնվել: Ինչպես որ թուլացել էր ՀԱԿ-ը, այնպես էլ կարող է ուժեղանալ` ի՞նչ զարմանալի բան է դա քաղաքականության մեջ` կարևորը, որ ներքին պաշարը բավարար է: Եվ կարծում եմ` պետք է անել առավելագույնը, որ հասարակության մեջ ապատիան հաղթահարվի… -Ընտրությունների նկատմա՞մբ ապատիան… -Այո, որպեսզի մարդկանց մեջ համոզմունք առաջանա, որ խորհրդարանական ընտրությունները լուրջ գործիք են: Ինձ համար անձամբ կարևորագույն գործիք են, որպեսզի Հայաստանում բան փոխվի։ Երկրի նախագահը մեկ հոգի է։ Նույնիսկ լավագույն հատկանիշներով մեկը կարող է սխալվել, սահմանափակված լինել տարբեր ճնշումներով։ Խորհրդարանական լուրջ քաղաքական ուժը կարող է մեծ արդյունքների հասնել: ՀԱԿ-ից բացի այլ ուժեր էլ կարող են Ազգային ժողովի վերակենդանացմանը մասնակցել` կախված է նրանից, թե ինչքանով չեն փորձի իրենց փոքրիկ շահերի համար գնալ խաբեությունների, գործարքների: -Պարոն Մարտիրոսյան, սակայն բոլորը նշում են, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն ձայների մեծամասնությունը կհավաքեն առաջիկա ընտրություններում, դա բազմիցս ցույց են տվել նաև սոցիոլոգիական հարցումները: Առյուծի բաժինը մեծ հաշվով իրենց կմնա, և շատ փոքր տոկոսներ Կոնգրեսը կհավաքի: Արդյոք իմաստ ունի՞ փոքրաթիվ լինելով այդքան, ինչպես Դուք եք բնորոշում, առնետների հետ աշխատել: -Նախևառաջ, պետք է անել առավելագույնը` բոլոր իրավիճակներում, երկրորդ` այդ հարցումներին ես հավատ չեմ ընծայում, երրորդ` նախընտրական շրջանը նոր է սկսվել, այսպես կոչված փողոցային ժողովրդավարության ալիքը դեռ նոր պետք է բարձրանա, և ես դրա հետ որոշակի հույսեր կապում եմ: ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն իրարից ձայներ խլելու են. դա անխուսափելի է` հո նույն իշխանամետը, կամ ընտրակաշառվածը երկուսին միաժամանակ ձայն չի՞ տալու: Կարծում եմ, որ այսօրվա կանխագուշակվող տոկոսներից մի կարգ չէ, բայց տասնյակ տոկոսների տարբերություն կարող է լինել: -Տեսակետ կա, որ մեզ վառ կերպարներ են պետք քաղաքականության մեջ, այնպիսիք, ինչպիսիք այսօր Մաշտոցի պուրակում են, այդ դեպքում կլինի նոր իրականություն: -Կա այդպիսի պաշար, որը օգտագործված չէ: Ռուսաստանի դեպքերը թարմ են` այսպես կոչված կրեատիվ, ստեղծագործ դասի, որ հիմնականում երիտասարդ ու միջին տարիքի է, ապստամբություն տեղի ունեցավ։ Կարծում եմ, որ Հայաստանում նույնպես հասունացել է պահը, որ այդ դասը միանա երկիրը փոխելու շարժմանը: Ես նկատի ունեմ հեռուստալրագրողներին, որ արդեն երկու տուն, շատ լավ մեքենա ունեն, և եթե իրենց գործից հանեն, սովից չեն մեռնի, նոր գործ էլ կգտնեն, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող մարդկանց, որոնք ապաքաղաքական են, բայց ի վերջո պետք է հասկանան, որ սա վճռական պահ է, որ ավելի ազատ ու լավ երկրում ապրելու հնարավորությունն իրականացնենք։ Սա եսասիրական մղում է` ապրել մարդավարի, ինչն ինձ համար միայն լավ աշխատավարձը-եկամուտը չէ` ազատ հասարակությունն ու արդարամիտ իշխանությունն է։ Ուրեմն, ես կոչ եմ անում եսասեր լինել և առավելագույնը անել, որ իշխող ուժը հեռանա: Պատերազմից 18 տարի անց ես նայում եմ արտագաղթի ցուցանիշերին ու չեմ պատկերացնում էդ նախագահ-վարչապետ-կառավարություն` ո՞նց են գիշերները քնում։ Մարդիկ թոշակով, նույնիսկ աշխատավարձով ջեռուցման ու կենցաղային վարձերը չեն կարողանում հոգալ: Այսինքն`իշխանության կողմից հույս չկա, կա իր դեմքը շպարելու ձգտում: Նախարարներ, որ նայում ես ու իր կերպարանքը խորշանք չի առաջացնում իր բթությամբ, ինչպես օրինակ Հրայր Թովմասյանը` դրանք իշխանության շպարն են: Ավելի վաղ իշխանության շպարը Տիգրան Սարգսյանն էր, որ շուտ թափվեց։ Լրատվության դաշտում էլ հիմա շպարը ավելացել է` վերջին անգամ արտասահմանից վերադառնալուց հետո նկատել եմ, որ որոշակի փոփոխություն կա, քննադատությունն ավելի շատ տեղ ունի, ժամանակակից մակարդակի հեռուստահաղորդումներ շատացել են: Ընդդիմադիր մամուլը ավելի ուժեղ է և միգուցե ավելի բազմաքանակ է, քան իշխանամետ մամուլը, բայց ես հեռուստատեսության մասին եմ խոսում, քանի որ թերզարգացած հասարակություններում հեռուստատեսությունը գերիշխող դիրք ունի։ Այսինքն, այդ շպարն արվում է նաև հեռուստատեսությունում` Գևորգ Ալթունյանի տեղափոխությունը, Արամ Աբրահամյանը` «Շանթ»-ում, «Արմնյուզի» աշխուժությունը, դրանք դրական փոփոխություններ կլինեին (ինչքան հասկանալի է անդրկուլիսային խոսակցություններից` դրանց հեղինակը Միքայել Մինասյանն է), եթե ես իմանայի, որ հանգեցնելու են ինչ-որ լուրջ արդյունքի, երկիրը փոխելու միտումի առաջին քայլերն են: Բայց սա շպար է քայքայվող դեմքին, քանի որ գերխնդիրը կաշառասուն, ապաշնորհ ու բռի իշխանության վերարտադրությունն է: -Դարձյալ շպա՞ր է, երբ լրագրողներն են մտնելու խորհրդարան և փորձելու փոխել իրավիճակը: Այս լրագրողների միջոցով հնարավո՞ր է փոփոխությունների հասնել: Հասարակության զարկերակը զգացող մարդկանցով: Իշխանությունը հասկացե՞լ է ինչ-որ բան: -Կարծում եմ`ոչ։ Միգուցե որոշ օրենքներ մի քիչ ավելի լավը դառնան, պատգամավորական խոսքն` ավելի հոդաբաշխ, բայց քանի որ այդ լրագրողներն իրենցից համախմբում չեն ներկայացնում, նրանց ներկայությունը բան չի փոխի: -Թե ՀՀԿ-ն և թե ԲՀԿ-ն նոր ժամանակներում անելիք չունեն, որովհետև իրենց մոդելով արխայիկ են և պետք է հրաժարվեն Նժդեհի գաղափարախոսությունից, այսպես է կարծում Աղասի Թադևոսյանը: Դուք ի՞նչ եք կարծում: -Կարծում եմ` կեղծ հարցադրում է, որը փաթաթվել է հասարակության վզին, և չենք կարողանում ազատագրվել: Ես չգիտեմ Նժդեհի որևէ աշխատություն, նամակ, որտեղ Նժդեհն ասել է, որ կաշառք վերցրեք, ինչքան շատ, այնքան լավ, որ ասած լինի բյուջեն կերեք, ինչքան կարող եք: Նժդեհը փիլիսոփայական մակարդակում ճիշտ կամ սխալ գաղափարներ կարող է ունի, բայց իր կերպարով եղել է ազնվագույն: Թայլանդական տնտեսական հրաշքի հեղինակին երբ մեր իշխանությունները բերեցին Հայաստան, առաջին բանը, որ ասաց, սա էր` առաջին դեմքերը պետք է կաշառք չուտեն։ Սկսեցին իրեն քրքրել` բա էլ ի՞նչ գաղտնիք կա։ Խորամա՞նկ են, թե՞ հիմար։ Սա էն դեպքն է, որ առանց առաջին կետը անելու, կաշառք չուտելու, խեղճ ու կրակ երկրի ունեցվածքը չյուրացնելու ոչ մի տնտեսական առաջընթաց չի լինի։ Քանի դեռ դա չկա, կաշառասունությունը այս ահավոր մակարդակին է, ինձ համար միևնույն է, թե իրենք ինչ ազնիվ ու գեղեցիկ անուն կվերցնեն և կդնեն իրենց կուսակցության ճակատին որպես լոկոմոտիվ: Եթե ՀՀԿ-ն լիներ Աշոտ Նավասարդյանի ժամանակվա ազնիվ ՀՀԿ-ն, իրենց արածի հետևանքներին նայելով, կհրաժարվեր ընդհանրապես այս ընտրություններին մասնակցելուց, կասեր` մենք ձախողվեցինք, թող ուրիշները գան-շարունակեն: Սիրանույշ Պապյան «Լրագիր» 21-2-2012-.

No comments: