«Լրագիր» 17-2-2012- “Եվրատեսիլի» ժյուրիի կազմը, կազմակերպիչները, երգիչները եւ մյուսները միասին պետք է հանդես գան Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դեմ”, հայտարարել է “Լրագրողներ առանց սահմանի” իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Միքայիլ Ռադիցկեն:
Դա այն կազմակերպությունն է, որի հրապարակած վերջին զեկույցի համաձայն, որը վերաբերում էր խոսքի ազատությանը, Հայաստանն առաջադիմել էր 27 տեղով եւ հանգրվանել 77-րդ հորիզոնականում: Այդ մասին նույնիսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշատակեց կառավարության նիստից առաջ եւ հայտարարեց, թե դա նաեւ լուրջ քաղաքական գնահատական է Հայաստանի համար:
Իհարկե, կասկած չկա, որ եթե այդ գնահատականը լիներ վատը, այսինքն եթե ըստ այդ զեկույցի Հայաստանը ոչ թե առաջադիմեր, այլ հետ գնացած լիներ, ապա վարչապետը եւ այլ պաշտոնյաներ կհայտարարեին, թե դա անլուրջ կազմակերպություն է եւ դրա զեկույցները դիլետանտություն են:
Բայց տվյալ պարագայում խնդիրը դա չէ, այլ այն, որ “Լրագրողներ առանց սահմանի” կազմակերպությունը Հայաստանում ներկայում լուրջ քաղաքական համարում ունի իշխանության ամենաբարձր մակարդակով: Հետեւաբար, այդ կազմակերպության ներկայացուցիչների գնահատականներն ու հայտարարություններն էլ թերեւս պետք է լուրջ ընկալվեն:
Ավելին, զուտ բովանդակային իմաստով, Հայաստանն անկախ այդ ամենից, պետք է որ ամենաշահագրգռվածը լինի Ռադիցկեի հայտարարության գեներացման հարցում: Ավելին, Հայաստանը թերեւս պետք է առաջինը լիներ, որ Եվրատեսիլ 2012-ի համատեքստում թե պաշտոնական, թե հասարակական մակարդակում բարձրացներ Ադրբեջանում մարդու իրավունքի եւ քաղաքացիական ազատության խնդիրը, արձանագրելով, որ այդօրինակ երկրում անհնար է խոսել եվրոպականության, եվրոպական արժեքների թեկուզ մասնակի տոնի մասին: Իսկ որպես հիմք, Հայաստանը կարող էր ներկայացնել ադրբեջանական ագրեսիան հայերի հանդեպ, ներկայացնել այն, որ այդ երկիրը մինչեւ այժմ պարբերաբար դիվերսիոն գործողություններ է իրականացնում Հայաստանի դեմ՝ ընդհուպ խաղաղ բնակչության դեմ, որ այդ երկրում մինչեւ հիմա պահվում եւ խոշտանգվում են գերիներ, պատանդներ, որ Ադրբեջանը փաստացի սառը պատերազմ է հայտարարել Հայաստանին:
Օրինակ, երբ 1980 թվականի ամառային Օլիմպիադան տեղի էր ունենում Մոսկվայում, Արեւմտյան մի շարք երկրներ բոյկոտեցին օլիմպիադան այն պատճառով, որ Մոսկվան զորք էր մտցրել Աֆղանստան եւ չէր հանում այնտեղից: Հասկանալի է, որ այդ որոշումը զուտ քաղաքական որոշում էր, որ ներկայում Օլիմպիադաներ են տեղի ունենում այն դեպքում, երբ արեւմտյան զորքեր կան այլ երկրներում: Բայց, կա պարզապես քաղաքական վարքի այդ նախադեպը, երբ երկիրը փորձում է միջազգային նշանակության իրադարձությունը ծառայեցնել իր քաղաքական նպատակին, որովհետեւ ի վերջո ամեն ինչ պետք է հանգի պետության շահին եւ ցանկացած իրադարձության հանդեպ վերաբերմունքը պետք է բխի պետության շահից:
Եթե Հայաստանի պետական շահը պահանջում է չմասնակցել Եվրատեսիլին, այլ Եվրատեսիլն օգտագործել որպես Ադրբեջանի հանդեպ քաղաքական գրոհի լավ հնարավորություն, ապա պետք է օգտագործել այդ հնարավորությունը, ոչ թե քննարկել, թե ինչ երգ պետք է ներկայացնել ադրբեջանական բեմում եւ այդպիսով լեգիտիմացնել ներկայիս Ադրբեջանի գոյությունը ազգերի եւ պետությունների միջազգային ընտանիքում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Friday, February 17, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment