Monday, February 27, 2012

Ակտիվիստները բաց նամակով դիմել են Տարոն Մարգարյանին

Երեւան- Մեդիամաքս: «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունն ու «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր բաց նամակով դիմել են Երեւանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանին: Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ. “Սույնով ցանկանում ենք անդրադառնալ Երեւանի Գլխավոր պողոտայի Մաշտոց-Կողբացի հատվածի կանաչ տարածքում իրականացվող կառուցապատման առնչությամբ ս.թ. փետրվարի 20-ի մեր նամակին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի կողմից տրված պատասխանին, ինչպես նաեւ` վերջին օրերին Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչների կողմից արված հայտարարություններին: Պատասխանում, մասնավորապես նշված է, որ խնդրո առարկա այգում իրականացվող քաղաքաշինական գործունեությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա չէր, քանի որ կառուցապատման ընդհանուր մակերեսը չի հասնում ՀՀ կառավարության 30.03.1999թ. թիվ 193 որոշմամբ սահմանված սահմանային չափին, այն է` 1500 քմ: Հիշեցնում ենք, որ հենց Երեւանի քաղաքապետարանի կողմից մեզ հանձնված փաստաթղթերի փաթեթում առկա ճարտարապետահատակագծային առաջադրանքում կառուցապատման ընդհանուր մակերեսը նշված է 10981 քմ,այսինքն` գերազանցում է նշված սահմանային չափը: Իսկ այն հանգամանքը, թե կառուցվող շինություններն ինչ մակերես ունեն կամ հիմնական են թե ոչ, չի վերացնում ձեռնարկողի պարտականությունը` կառուցապատումն իրականացնել բացառապես շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական փորձաքննական եզրակացության դեպքում: Հակառակ մեր հիմնավորման, որ կառուցվող շինությունները հիմնական են, որովհետեւ ՀՀ կառավարության 24.09.2001թ.թիվ 896 որոշմամբ տրված սահմանմանը չեն համապատասխանում` թաց շինարարական պրոցեսի միջոցով կառուցված լինելու հանգամանքով, պատասխանի մեջ տեղ է գտնել նաեւ պնդում, թե կառույցները ոչ հիմնական են, քանի որ կատարվել են նույն կարգով թույլատրելի` հողին ժամանակավորապես ամրացնելու միջոցով: Առաջարկում ենք, վերոնշյալ կարգը չենթարկել կամայական մեկնաբանության եւ փոխարենը այն ներկայացնել ամբողջությամբ:Մասնավորապես` մատնանշված կետին նախորդող կետը սահմանում է, որ ոչ հիմնական շինությունը պետք է լինի հանելու կամ տեղափոխելու համար ապամոնտաժվող տարրերից հավաքվող կամ տարածական կայունություն ունեցող ամբողջական միավոր` բացառելով շինարարական աշխատանքներում թաց պրոցեսը: Մինչդեռ, ակնհայտ է, որ այգու կառուցապատման ընթացքում շինությունների ամրակցումն ընթանում է թաց պրոցեսների միջոցով: Վերոնշյալից բխում է մեր մյուս պնդումը, որ որոշումների ընդունման եւ կառուցապատման ողջ գործընթացում խախտվել են Հայաստանի Հանրապետության հողային, քաղաքաշինության եւ բնապահպանական օրենսդրության մի շարք դրույթներ,ներառյալ` որոշումների ընդունման գործընթացում հանրության իրազեկման եւ մասնակցության վերաբերյալ պահանջները: Անհիմն ենք համարում այն պնդումը, թե մեր թվարկած իրավական ակտերով սահմանված պահանջները վերաբերում են հիմնական շինություններին միայն: Հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում իրավական ակտերը մեկնաբանվում են դրանցում պարունակվող բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությամբ, իսկ քաղաքաշինության կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ոլորտի իրավական ակտերը որեւէ տարբերակում չեն դնում հիմնական կամ ոչ հիմնական շինությունների կառուցապատման վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացների միջեւ:Եթե Երեւանի քաղաքապետարանի ձեռքի տակ առկա են այս պնդման հակառակն ապացուցող փաստաթղթեր, կառաջարկեինք դրանց մասին տեղեկացնել հանրությանը: Մյուս կողմից, Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրություններում անընդհատ շեշտադրվում է կառուցվող տաղավարների «ժամանակավոր» բնույթը: Երեւանի քաղաքապետարանին խնդրում ենք նաեւ մեզ ուղղորդել դեպի այն իրավական ակտը, որը սահմանում է, թե ինչ է նշանակում «ժամանակավոր» եւ ինչ իրավական կարգավորման է ենթարկվում նման կառույցի շինարարության վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացը: Խիստ ուշագրավ ենք համարում նաեւ այն հանգամանքը, որ քաղաքապետարանը շարունակաբար պնդում է, թե շինարարությունը համապատասխանում է Երեւանի գլխավոր հատակագծին եւ Երեւանի Կենտրոն համայնքի գոտեւորման նախագծին:Բազմաթիվ մասնագետներ, այդ թվում` Երեւանի գլխավոր հատակագծի եւ Կենտրոնի գոտիավորման նախագծի հեղինակները, գտնում են, որ շինարարությունը չի համապատասխանում նշյալ փաստաթղթերին: Անզեն աչքով անգամ տեսանելի է դրանց անհամապատասխանությունը, ուստի` խնդրում ենք ոչ թե հանդես գալ հայտարարություններով,այլ հիմնավորել եւ հանրությանը ցուցադրել քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, փորձաքննության,համաձայնեցման ու հաuտատման ընթացակարգերին համապատասխան ընդունված որեւէ քաղաքաշինական փաստաթուղթ, որը կհիմնավորի խնդրո առարկա զբոսայգու ներկայումս ծավալված կառուցապատումը: Արձանագրում ենք նաեւ, որ մի քանի օր առաջ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հայտարարեց, որ այգում կառուցվող շինությունները պատկանում են Երեւանի քաղաքապետարանին, եւ որ վերջինս կարող է դրանք ազատորեն տնօրինել: Այս հայտարարությունը հակասում է մինչ այդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի փետրվարի 21-ի հայտարարությանը, որում, մասնավորապես, ասված էր. «Երեւանի Աբովյան փողոցում՝ առավելապես մայթերի ու կանաչ գոտու վրա սեփականության իրավունքով պատկանող հիմնական շինությունները Երեւանի քաղաքապետարանի գործադրած ջանքերի շնորհիվ ապամոնտաժվել են: Շինությունների սեփականատերերին որպես փոխհատուցում առաջարկվել են այլ տարածքներ, որոնց թվում նաեւ Մաշտոցի պողոտա - Եզնիկ Կողբացի հատվածի զբոսայգուն հարակից ոչ կանաչապատ, անբարեկարգ եւ անխնամ տարածքը»: Այս իրարամերժ հայտարարություններն անվստահության եւ թերահավատության մթնոլորտ են ստեղծում: Ուստի` հիմք ընդունելով տեղական կառավարման հաշվետու, մասնակցային եւ թափանցիկ կառավարման սկզբունքները, որը, ի դեպ, որոշ չափով արտահայտվել է քաղաքապետի հայտարարության մեջ, եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, դրանով սահմանված ժամկետներում մեր վերոնշյալ հարցադրումներին մասնագիտորեն հիմնավորված պատասխաններից բացի, խնդրում ենք ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը եւ տեղեկատվությունը. 1. Երեւանի քաղաքապետի, ավագանու կամ այլ պաշտոնատար անձանց որոշում(ներ)ի պատճենները, որոնց հիման վրա Աբովյանի հանրային տարածքը մասնավորեցվել էր կամ վարձակալության/օգտագործման տրվել առեւտրային նպատակով. 2. Ովքե՟ր են Աբովյան փողոցից ապամոնտաժված կառույցների սեփականատերերը եւ նրանք ի՟նչ իրավունք են ունեցել այն հողատարածքների նկատմամբ, որոնց վրա կառուցված են եղել իրենց խանութները: Խնդրում ենք տրամադրել համապատասխան հողահատկացումների վերաբերյալ Երեւանի ժամանակին պաշտոնավարող քաղաքապետերի որոշումների պատճենները. 3. Ներկայացնել վարձակալության եւ բոլոր այլ տեսակի պայմանագրերի պատճենները, որոնց հիման վրա նշյալ խանութները կառուցվել եւ շահագործվել են Աբովյան փողոցում. 4. Երեւանի քաղաքապետի որոշում(ներ)ի պատճենները, որոնց հիման վրա Աբովյան փողոցից ապամոնտաժվել են նշյալ կառույցները եւ տեղափոխվել խնդրո առարկա տարածք (ի դեպ, այս փաստաթուղթը պահանջել էինք նաեւ մեր առաջին գրությամբ, որը, սակայն, չէր ներկայացվել). 5. Ովքե՟ր են ներկայումս խնդրո առարկա տարածքում կառուցվող շինությունների սեփականատերերը: Եթե դրանք կառուցվում են Երեւանի քաղաքապետարանի կողմից, ապա խնդրում ենք պարզաբանել, թե ինչու տարածքում ուշացումով տեղադրված շինարարության վերաբերյալ իրազեկման վահանակի վրա, ՀՀ քաղաքաշինության նախարարի 14.01.2008թ. թիվ11-Ն հրամանի համապատասխան` չի ներկայացվել տեղեկատվություն «համայնքային բյուջեի միջոցների հաշվին իրականացվող շինարարական աշխատանքների շինարարության նախահաշվային արժեքի մասին». 6. Տարածքը «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ին կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին Երեւանի քաղաքապետի որոշման, կառուցապատման իրավունքի գրանցման վկայականի, տվյալ ՓԲԸ կանոնադրության եւ Երեւանի քաղաքապետարանի ու ՓԲԸ միջեւ կնքված պայմանագրի պատճենները. 7. Եթե խանութները կառուցվում են իբրեւ փոխհատուցում, ապա խնդրում ենք տրամադրել բանակցությունների արդյունքում կնքված համաձայնագրերի եւ պայմանագրերի պատճենները, ինչպես նաեւ ներկայացնել թե այս խանութների տեղափոխման արդյունքում ինչ ֆինանսական օգուտ կամ վնաս է ստացել Երեւան համայնքը. 8. Ներկայացնել նաեւ հաշվարկներ, որոնք ցույց կտան, թե ապամոնտաժումից առաջ ինչ ֆինանսական օգուտ կամ վնաս է ստացել մեր համայնքը Աբովյան փողոցի խանութներից: Սեփականության իրավունքի պաշտպանության սկզբունքը որդեգրելիս անհրաժեշտ է հաշվի առնել ՀՀ սահմանադրության 31-րդ հոդվածով հաստատված սահմանափակումը,որ «սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության եւ պետության իրավունքների օրինական շահերը»: Մենք այգում սպասում ենք Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ նրա որոշմանը` ի շահ Երեւան համայնքի, այսինքն` հանրային սեփականության եւ շահի”:

No comments: