Wednesday, February 8, 2012

«Թուրան». Ադրբեջանում ընդդիմությունը սպառնում է քաղաքական անակնկալներ մատուցել իշխանություններին

Panorama.am. 8-2-2012- «Ադրբեջանում ընդդիմությունը սպառնում է քաղաքական անակնկալներ մատուցել, եթե իշխանություններն ազատ չարձակեն խղճի բանտարկյալներին»: Գրում է «Թուրան» լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ, ընդդիմադիր ուժերի «Հասարակական պալատ» նախաձեռնությունը «Մուսաֆաթ» կուսակցության գրասենյակում խղճի բանտարկյալների ազատ արձակման հարցի վերաբերյալ քննարկում է անցկացրել: Կուսակցության ղեկավար Իսա Համբարը հիշեցրել է, որ խղճի բանտարկյալները ձերբակալվել են անցյալ տարվա ապրիլին: «Իսկ նրանց բանտերում պահելը ցույց է տալիս մեկ բան, որ իշխանությունները պատրաստ չեն իրականացնել դրական բարեփոխումներ: Այս իսկ պատճառով ռեժիմը պետք է փոխել: Իլհամ Ալիևը և նրա կառավարությունը պետք է դա հասկանան»,- նշել է Իսա Համբարը: Աղբյուրը նշում է, որ քննարկման ժամանակ մասնակիցները հայտարարել են, որ եթե խղճի բանտարկյալները ազատ չարձակվեն, ապա իշխանությունները չեն կարող հանգիստ միջավայրում անցկացնել «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթը: Քննարկման վերջում նրանք հայտարարություն են տարածել, որտեղ խոսվում է խղճի բանտարկյալների անհիմն կալանավորման մասին: «Եթե խղճի բանտարկյալները ազատ չարձակվեն, ապա «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթը կդառնա Ալիևի ռեժիմի բացահայտման, ինչպես նաև՝ երկրում լարվածության սրացման պատճառ»,-նշված է հայտարարության մեջ:

No comments: