«Օտարերկրյա պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայի և այդ երկրների միջև առևտրի ծավալները ոչ թե նվազում, այլ աճում են»,-հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը` վկայակոչելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀՁԿ) տվյալները:
ՏՀՁԿ-ի վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած Բելգիայի (ցեղասպանությունը ճանաչել է 1998թ.), Կանադայի (2004թ.), Ֆրանսիայի (2001թ.), Հունաստանի (1996թ.), Իտալիայի (2000թ.), Լիբանանի (2000թ.), Նիդեռլանդների (2004թ.), Ռուսաստանի (1995թ.), Սլովակիայի (2004թ.), Շվեդիայի (2000թ.), Ուրուգվայի (2004թ.), Շվեյցարիայի (2003թ.) հետ Թուրքիայի առևտրաշրջանառության ծավալները, ցեղասպանության ճանաչումից ի վեր, աճել են:
Այսպես, Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրի ծավալները1995թ. ի վեր աճել են 912 տոկոսով, Հունաստանի հետ Թուրքիայի առևտրի ծավալները1996 թ. ի վեր399 տոկոս աճ են արձանագրել, Սլովակիայի հետ` 298 տոկոս աճ (2004թ. ի վեր), Ֆրանսիայի հետ` (2001թ. ի վեր) 257 տոկոս աճ, Բելգիայի հետ`174 տոկոս աճ (1998թ. ի վեր), Կանադայի հետ` (2004թ. ի վեր) 148 տոկոս աճ, Լիբանանի հետ` (2000թ. ի վեր) 126 տոկոս աճ, Նիդեռլանդների հետ` (2004թ. ի վեր) 66 տոկոս աճ, Շվեդիայի հետ (2000թ. ի վեր)` 33 տոկոս աճ, Ուրուգվայի հետ` (2004թ. ի վեր) 85 տոկոս աճ, Շվեյցարիայի հետ` (2003թ. ի վեր) 6 տոկոս աճ, Իտալիայի հետ (2000թ. ի վեր)` 126 տոկոս աճ: Նշենք, որ ներկայացված տվյալները 2010 թ. դրությամբ են, բացառություն են կազմում Լիբանանին և Ուրուգվային վերաբերող տվյալները, որոնք 2005թ. դրությամբ են:
«Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Թուրքիան հետևյալ սկզբունքով է առաջնորդվում. այս կամ այն երկրում Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ քննարկումներից մի քանի շաբաթ առաջ նա սպառնում է իջեցնել հարաբերությունների մակարդակը տվյալ կառավարության հետ, ներառյալ, սպառնում է խիստ տնտեսական պատժամիջոցներ սահմանել,-ասել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը և հավելել,-Առևտրաշրջանառության վերաբերյալ վիճակագրական տվյալները, սակայն, ցույց են տալիս, որ Թուրքիան, չնայած իր դատարկ սպառնալիքներին, մեկ այլ սկզբունքով էլ առաջնորդվում` արագ կերպով մի կողմ է դնում բոլոր այդ սպառնալիքները և շարունակում է սովորական բիզնես-հարաբերություններն այն երկրների հետ, որոնց բոլորովին վերջերս հրապարակավ անվանարկում էր»:
Հավելենք միայն, որ Թուրքիան վերոնշյալ քաղաքականությամբ առաջնորդվեց նաև Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի առնչությամբ քննարկումների և քվեարկության ժամանակ: Քվեարկությունից առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, թե օրինագծի ընդունումը շատ ծանր հետևանքներ է ունենալու թուրք–ֆրանսիական քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների համար։
Սենատի կողմից օրինագծի ընդունումից հետո ( հունվարի 23-ին), սակայն, Էրդողանը, ապա նաև փոխվարչապետ Ալի Բաբաջանը հայտարարեցին, թե «Անկարան չի շտապում Փարիզի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցում»: Բաբաջանը հավելեց, թե իբր Թուրքիան սպասելու է վերոնշյալ օրինագծի շուրջ զարգացումներին (օրինագծին դեմ հանդես եկած խորհրդարանականները, դրա սահմանադրականությունը վիճարկելու նպատակով, օրեր անց Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ դիմում ներկայացրեցին, լսումները կանցկացվեն մինչև մարտի 1-ը), ապա համապատասխան քայլեր է ձեռնարակելու։
Wednesday, February 8, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment