Wednesday, February 15, 2012

Ադրբեջանցի պատգամավորներն այսօր ակտիվորեն քննարկել են Թեհրանի կողմից Բաքվին հղված բողոքի նոտան

Ադրբեջանի խորհրդարանի` Միլի Մեջլիսի այսօրվա նիստի հիմնական թեմաներից մեկը պաշտոնական Թեհրանի կողմից Իրանում Ադրբեջանի դեսպանին հանձնված բողոքի նոտան է եղել: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փետրվարի 12-ին դեսպանին փոխանցված բողոքի նոտայում պաշտոնական Թեհրանը Բաքվին մեղադրել էր իսրայելական հատուկ ծառայություններին աջակցելու և իրանցի ֆիզիկոս միջուկագետների սպանությանը մեղսակից լինելու մեջ: Ինչպես հաղորդում է ադրբեջնական SalamNews գործակալությունը, պատգամավոր Զահիդ Օրուջն այսօրվա նիստի ժամանակ դատապարտել է Իրանի այդ քայլը` նշելով, թե դա, ի վերջո, Իրանի «դեմ է շուռ գալու»: Իսկ Ֆարաջ Գուլիևը պաշտոնական Բաքվին կոչ է արել խստորեն արձագանքել այդ նոտային: Պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան իր հերթին նշել է, թե այդ քայլը բացասաբար է ազդելու երկկողմ հարաբերությունների վրա: Նա ընդգծել է, թե Ադրբեջանում Իրանի դեսպանը պետք է Ադրբեջանի արտաքաին գործերի նախարարություն կանչվի և նրան պատասխան նոտա պետք է հանձնվի: Միլի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովն էլ հայտարարել է, թե Իրանում Ադրբեջանի դեմ գործող շատ ուժեր կան, որոնց «գործունեության ակունքներում որոշակի կառույցներ են կանգնած»: Նա նաև քննադատել է Իրանի խորհրդարանի որոշ պատգամավորների դիրքորոշումը և իրանական «Սահար» հեռուստաալիքի գործունեությունը (ադրբեջանցի պատգամավորների խոսքով այդ հեռուստաալիքը հակաադրբեջանական քարոզչություն է իրանականացնում): «Չնայած Իրանում Ադրբեջանի դեմ ուղղված ելույթների փաստերի առկայությանը` մենք չպետք է թույլ տանք, որ մեր հարաբերությունները փչանան: Մենք պետք է փորձենք պահպանել Իրանի հետ հարևանական հարաբերությունները»,-հավելել է նա:

No comments: