Ամերիկացի փորձագետների մի մասն այլընտրանքային հայացք է առաջարկում Իրանի իրավիճակի համար եւ դրա հետ է կապում հասարակության, քաղաքականության եւ պետության զարգացման հեռանկարները: Այդ փորձագետների կարծիքով, Իրանի իշխող վերնախավը բավական աշխարհիկացած է, եւ իսլամական սկզբունքներն Իրանի քաղաքականությունում ամորձատված են: Իրանն արդեն անհնար է ամբողջովին իսլամական պետություն համարել: Շարիաթը գործում է միայն վարքի որոշ նորմերում եւ ձեւական կերպով՝ օրենսդրությունում: Իրանական վերնախավը չի թաքցնում, որ մշակում է քաղաքական վարչակարգը վերափոխելու եւ նոր պետականություն կառուցելու ծրագիր:
Շարիաթի նորմերը դեռ երկար են պահպանվելու, հնարավոր է ընդմիշտ: Հարցն այն է, թե ինչպես է շարիաթը համապատասխանեցվելու արդիականացման պահանջներին, որը դարձել է Իրանի 2-րդ պետական-քաղաքական հայեցակարգը: Ներկայում Իրանի իշխող վարչակարգին ոչինչ չի սպառնում, նրա քաղաքական ճակատագիրը շատ բանով կախված է տնտեսական եւ սոցիալական բարեփոխումների հաջողությունից: Իր նախագահության ընթացքում Մ. Ահմադինեջադը չի կարողացել իրականացնել լուրջ, սկզբունքային բարեփոխումներ: Սակայն հասարակությունը դեռ մեծ սպասումներ ունի:
Իրանը մերձեցման առումով առավել վճռական քայլեր էր սպասում ԱՄՆ-ից, եւ թվում էր, որ Բարաք Օբամայի վարչակազմը բավականաչափ արագորեն քայլեր կձեռնարկի այդ հարցում: Սակայն ԱՄՆ-ն կարծես որոշակի դժվարությունների է բախվել երկրի ներսում՝ դիմադրություն Կոնգրեսի եւ հրեական լոբբիի կողմից: Բացի այդ, ԱՄՆ-ն Իրանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես Մերձավորարեւելյան քաղաքականության մի մաս եւ տվյալ հարաբերությունները կապում է Իրաքի, Աֆղանստանի, Կասպիական ավազանի, արաբական երկրների խնդիրների հետ: Այդ կապակցությամբ, ԱՄՆ-Իրան հարաբերությունների մերձեցման գործընթացում հնարավոր է արգելակում լինի:
Սակայն, ըստ ամենայնի, այդ բացատրությունները կարող են երկրորդական բնույթ կրել: Թերեւս, ԱՄՆ-ն դեռ Իրանի հետ հարաբերությունների նորմալացման համար մշակված մոտեցումներ եւ կոնցեպցիաներ չունի: Հնարավոր է, 2 կողմերը դեռ չեն պատկերացնում այն դժվարությունները, որոնք անհրաժեշտ է հաղթահարել մերձեցման ճանապարհին: Ըստ էության, դա ԱՄՆ համար նոր իրավիճակ է, եւ ժամանակ կպահանջվի հարաբերությունների կարգավորման գործում առաջնահերթությունները որոշելու համար: Իրանում նույնպես ԱՄՆ հետ հարաբերությունները վերականագնելու հարցում լուրջ ընդդիմություն գոյություն ունի:
Առայժմ հասկանալի է, որ քաղաքական առեւտրի կարեւոր առարկա է դառնալու Չինաստանի հետ հարաբերությունների հարցը: Մինչ այդ, Իրանի հարցում ԱՄՆ ղեկավարության դիրքորոշումն ու հայտարարությունները բավական հակասական են:
Իրանի արտաքին քաղաքական հնարավորությունները նշանակալիորեն կախված են Իրաքում եւ Աֆղանստանում իրավիճակի զարգացումից: Ներկայում այս երկու երկրներում էլ քաղաքական վարչակարգերը թշնամաբար են տրամադրված Իրանի նկատմամբ: Այդ վարչակարգերի տապալումը, եւ որ նվազ հավանական է, նրանց հետ հարաբերությունների նորմալացումը, կարող է ամրապնդել Իրանի դիրքերը, այդ թվում, արաբական աշխարհում, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայում: Իրանը առճակատման մեջ է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, եւ այդ առճակատումն ուժեղանալու է: Այդ պատճառով Հայաստանը պահպանելու է Իրանի համար իր կարեւոր դերը:
Մեծ Բրիտանիան վաղուց է կողմնորոշվել Իրանի հետ հարաբերությունների խնդրում: Պահպանողական կառավարությունը գտնում է, որ անհրաժեշտ է ցանկացած գնով աջակցել այդ երկրի հետ նորմալ հարաբերություններին եւ այդպիսով նպաստել Իրանի բարեփոխումներին: Սխալ կարծիք գոյություն ունի, որ ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան միասնական քաղաքականություն են վարում Իրանի հարցում: Իրականում, անվտանգության խնդիրների մասով մշտական խորհրդակցություններ են անցկացվում ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի համապատասխան ծառայությունների միջեւ:
Սակայն Մեծ Բրիտանիան փորձում է Իրանի հետ հարաբերություններում ինքնուրույն քաղաքականություն վարել, որը կարտացոլի իր տնտեսական շահերը: Մեծ Բրիտանիան չի կարող էլ ավելի հեռանալ համաեվրոպական դիրքորոշումից Իրանի հարցում, որը ենթադրում է այդ երկրի հետ հարաբերությունների ամրապնդում: Մեծ Բրիտանիայի եւ Իրանի միջեւ հարաբերությունների խզումը Լոնդոնում բավական քննադատաբար է ընդունվել: ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի միջեւ այդ հարցի շուրջ լիակատար համաձայնություն չկա, այլ կա միայն ռազմավարական շահերի ընդհանրություն:
Համոզիչ նշաններ չկան, որ ԱՄՆ-ն շահագրգռված է Իրանի պաշտպանունակության եւ տնտեսության գործունակության աղետալի նվազմամբ, ինչը կարող է ծայրահեղ անցանկալի դառնալ ԱՄՆ շահերի համար, որն իր քաղաքականությունը այս տարածաշրջանում կառուցում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի (արբանյակների հետ), Իրանի եւ Պակիստանի միջեւ ուժերի հավասարակշռության հիմքի վրա:
Ներկայում ԱՄՆ եւ Իրանի միջեւ կարեւոր շփումներ են տեղի ունենում տարբեր մակարդակներով, որոնց մասնակցում են նաեւ մասնավոր անձինք, ինչն առավել կարեւոր նշանակություն է ունենալու տեսանելի ապագայում: Ներկայիս հակասությունների էությունը ոչ թե Իրանի միջուկային ծրագրի հարցում է, այլ աշխարհաքաղաքական սխեմայի մասով՝ հաշվի առնելով միջանկյալ հեռանկարը: Իրանը փորձում է ԱՄՆ հետ երկխոսություն սկսել լիակատար իրավահավասար գործընկերոջ իրավունքով, իսկ ԱՄՆ-ն փորձում է պարտավորեցնել Իրանին կարեւորագույն աշխարհաքաղաքական հարցերում:
Իգոր Մուրադյան
Tuesday, February 7, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment