Wednesday, February 29, 2012

Ափսոս էր երեխան

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչեց հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը դեկտեմբերի 22-ին ընդունել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի ստորին պալատը, հետո մեկ ամիս անց ընդունեց Սենատը, և հետո այն հանգրվանեց նախագահական պալատում՝ Սարկոզիի ստորագրությանը սպասելով: Բայց ստորագրություն չի լինի, քանի որ օրենքի նախագիծը ճանաչվել է հակասահմանադրական, իսկ Սարկոզին էլ արդեն հանձնարարել է Սահմանադրական խորհրդի որոշումը հաշվի առնելով՝ մշակել նոր օրինագիծ: Ֆրանսիան հիրավի սառը ջուր լցրեց հայության գլխին, որն անասելի ոգևորությամբ արդեն երկու-երեք ամիս Ֆրանսիա է պաշտում, ծաղիկներ դնում Երևանում Ֆրանսիայի դեսպանատան առաջ, դեսպանին դուրս կանչում և խոնարհվում նրա առաջ, Սարկոզիին սեր խոստովանում: Այս ինքնամոռաց և խելահեղ սիրուց հետո այժմ հարց է առաջանում, թե ինչպիսի՞ն պետք է լինի հիասթափությունն ու ատելությունը, թե՞ հայ ժողովուրդը պետք է, այսպես ասած, ընդամենը կանգնի վառարանի մոտ և չորացնի իր վրա Ֆրանսիայի լցրած սառը ջուրը: Այս ամենն, իհարկե, տխուր է, բայց նաև ուսանելի: Սա ուսանելի դաս է հայ ժողովրդի և այսպես ասած` համահայկական ոգևորության գեներատոր հանդիսացող իշխանության համար, որն իր երիտթևերին ուղղորդում էր դեպի Ֆրանսիայի հանդեպ խելահեղ սիրո նոր պոռթկումներ: Մինչդեռ Ֆրանսիան իսկական քաղաքական դաս տվեց Հայաստանի իշխանությանը, այդ խելահեղ հասարակությանը, դաս տվեց, բացատրելով, որ իրականում համաշխարհային քաղաքականությունը սիրո և ատելության կծիկ չէ, այլ մտքի արգասիք, որ պետք է ոչ թե արբենալ այդ քաղաքականության մեջ տեղի ունեցածով կամ սգի մատնվել անհաջողություններով, այլ պարզապես պետք է փորձել հասկանալ այդ քաղաքականությունը, հատկապես եթե այն ուղղակիորեն առնչվում է քեզ, քո խնդիրներին: Ֆրանսիան լուծեց իր խնդիրները Թուրքիայի հետ, Թուրքիային պարտադրեց ախարհաքաղաքական իր խաղը, նաև մեր միջոցով, նաև մեր հարցերի միջոցով, ու այստեղ ամենևին էլ կարիք չկա հուզական դրսևորումների: Պետք էր հենց սկզբից հասկանալ, որ գործ ունենք քաղաքականության, ոչ թե սիրուն աչքերի մրցույթի հետ, որտեղ Ֆրանսիան ժյուրին էր, և մենք հաղթել ենք թուրքերին: Պետք էր հենց սկզբից հասկանալ այդ ամենն ու ընդամենը փորձել ստեղծված իրավիճակում քաղել քաղաքական դիվիդենտներ` լիներ դա Ֆրանսիայից, Թուրքիայից, թե որևէ այլ ուղղությունից: Մինչդեռ մենք ծաղիկներ էինք քաղում ընդամենն ու դուրս գալիս փողոց աղմկելու, այն դեպքում, երբ բոլորը զբաղված էին քաղաքականությամբ: Գոնե հիմա զբաղվենք քաղաքականությունից դասեր քաղելով: Հ.Գ. Ակամայից հիշեցի Գյումրիում անցյալ ամիս՝ հունվարի 25-ին լույս աշխարհ եկած երեխային, որին ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի հաստատման գործում գործադրած անուրանալի ջանքերի, ծնողներն անվանակոչեցին Սարկոզի: Ափսոս էր երեխան:

No comments: