Wednesday, February 29, 2012

Ֆրանսիայի ՍԽ–ի որոշմամբ գործընթացը կանգ չառավ. Կարեն Բեքարյան

Tert.am. 29-2-2012- «Ես չեմ կարծում, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշմամբ գործընթացը կանգ առավ. կան հստակ հայտարարություններ, որ պետք է վերամշակել նախագիծը»,– Tert.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ մեր խնդրանքով մեկնաբանելով Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի (ՍԽ) կողմից երեկ ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականցնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը: Ըստ վերլուծաբանի՝ նման որոշումը մի շարք գործոնների հետևանք էր, որոնցից առաջինը, Բեքարյանի համոզմամբ, կապված է անցած տարի աշխարհում անվտանգության, մարդու իրավունքների խնդիրներին առնչվող մի շարք զարգացումներով։ «Այսօր եվրոպական հանրությունը անվտանգության, մարդու իրավունքների խնդիրներին մի քիչ սուր է վերաբերում»,– պարզաբանեց Բեքարյանը։ Ֆրանսիայի ՍԽ–ի հիշյալ որոշման մեկ այլ պատճառը, Բեքարյանի մատնանշմամբ, քաղաքական ժամանակահատվածն է։ «Եթե Ֆրանսիան չգտնվեր այս նախընտրական փուլում, այս խնդրին հնարավոր կլիներ ավելի մեծ ուշադրություն դարձնել՝ չեզոքացնելով հարցի շուրջ եղած անհանգստության էլեմենտը։ Այդ անհանգստության էլէմենտը չչեզոքացվեց, թեև կարծում եմ, որ կարող էր չեզոքացվել»,– հայտարարեց ՀԿ–ի ղեկավարը։ Կարեն Բեքարյանը նաև նշեց, որ ինքը օրինագծի ընդունումը Ֆրանսիայի խորհրդարանի Սենատի կողմից հաղթանակ չի համարել, հիմա էլ ՍԽ–ի որոշումը ողբերգություն չի համարում։ «Սա ողբերգություն չէ, մի գործընթաց է, որը պետք է իր տրամաբանական շարունակությունն ունենա»,– եզրափակեց վերլուծաբանը։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ին ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունել էր ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում): Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում և 45.000 եվրո տուգանք էր սպառնում։

No comments: